Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ին կայացած նիստում որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 13,5 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի ՀՀ Արմավիրի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզերի 6 բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատություններին օժանդակություն ցուցաբերելու և վերջիններիս գործունեությունն ապահովելու նպատակով։
Նախագծում ընդգրկվել է վերոնշյալ 6 համայնքը՝ հաշվի առնելով հաստատությունների շենքերի գերազանց ֆիզիկական վիճակը, կահավորված լինելը, ինչպես նաև համայնքների՝ ներդրում կատարելու պատրաստակամությունը: 6 համայնքի 226 սանի համար հաշվարկած տարեկան կտրվածքով մոտ 54.3 միլիոն դրամից 2021 թվականին կհատկացվի միայն 4-րդ եռամսյակի համար անհրաժեշտ մասը՝ հետագայում դրա շարունակականությունն ապահովելու նախապայմանով:
Նշենք, որ ներկայում հանրապետության շուրջ 250 բնակավայրում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն չի մատուցվում: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխություններով ամրագրվել է նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրման հնարավորությունը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է հատկապես փոքրաքանակ համայնքներում և բնակավայրերում գործարկել այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ։ Դրանք, սակայն, չեն կարող լրացնել նախադպրոցական ծառայությունների պահանջարկը, քանի որ խնդիրն առկա է նաև այն համայնքներում, որոնք չեն կարողանում ապահովել առկա հաստատությունների պահպանման ծախսերը:
Ներկայում հանրապետության 49 բնակավայրում առկա են նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքեր (գերազանց, լավ և բավարար ֆիզիկական պայմաններով), որոնք, սակայն, չեն գործարկվում համայնքների բյուջեի անբավարար միջոցների պատճառով: Հետևաբար, առաջնահերթ է դառնում պետական աջակցությունը նախադպրոցական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովման հարցում։
Նախադպրոցական ծառայությունների ընդլայնման գործիք են սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակում 2020 թվականին հաստատվել է մանկապարտեզների կառուցման և նորոգման 30 ծրագիր։ Եվս 21 նախադպրոցական հաստատություններում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ ինչպես պետբյուջեի, այնպես էլ տարբեր ծրագրերի շրջանակում։ 2021 թվականին դրամաշնորհային ծրագրի ձևաչափով հանրապետության 10 համայնք հնարավորություն է ստացել ներդնել նախադպրոցական ծառայություններ։
Հավելենք, որ ՀՀ կառավարությունը նախադպրոցական կրթության մատչելիությունը հռչակել է իբրև Կառավարության ծրագրային նպատակներից մեկը։ Մասնավորապես, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում արձանագրված է՝ բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2026 թվականը նախադպրոցական հաստատություններում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը հասցնելով առնվազն 85 տոկոսի։