Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի բուժման, գերությունից ազատելու եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերին ծանոթանալով Հրազդան քաղաքի բնակչուհու հետ, իմանալով, որ վերջինիս որդին, լինելով զինծառայող, մասնակցել է 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողություններին, իսկ հոկտեմբերի 1-ից հետո դադարել է կապը նրա եւ հարազատների միջեւ, ուրիշի գույքին տիրանալու նպատակով, ձեռք բերելով Հրազդանի բնակչուհու վստահությունը, վերջինիս հայտնել է, թե իբր ծառայում է զինված ուժերում, ծանոթներ ունի եւ զբաղվում է նրա որդու որոնողական աշխատանքներով: Իմանալով, որ վերջին անգամ զինծառայողին տեսել են մարտի դաշտում՝ վիրավորված, խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020թ. նոյեմբերի վերջերին, իրականությունը խեղաթյուրելով՝ 41-ամյա տղամարդը զինծառայողի մորը հայտնել է, թե նրա որդին վիրավորվել է եւ հայտնվել գերության մեջ: Որդու բուժման եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով, 2020թ. նոյեմբերի 29-ից մինչեւ 2021թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում 41-ամյա տղամարդը խաբեությամբ, մաս-մաս պահանջել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.500.000 ՀՀ դրամ, որը Հրազդանի բնակչուհին փոխանցել է նրա կողմից տրամադրված հաշվեհամարին, իսկ վերջինս կանխիկացման եղանակով հափշտակել է այն։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Եթե 41-ամյա տղամարդու հանցավոր գործողություններից տուժել են այլ քաղաքացիներ, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն (հեռ.՝ 0223-7-00-01) կամ ՀՀ ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին: Միաժամանակ հորդորում ենք նմանատիպ հարցերով չհամագործակցել որեւէ անհատի հետ, այլ դիմել իրավապահ մարմիններին: