կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-26 13:55
Իրավական

Պղնձամոլիբդենային գործարանում աշխատանքի տեղավորելու պատրվակով 20 հոգուց գումար է հափշտակել

Պղնձամոլիբդենային գործարանում աշխատանքի տեղավորելու պատրվակով 20 հոգուց գումար է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է աշխատանքի տեղավորելու պատրվակով քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 21 անձի:

Նախնական քննության տվյալներով՝ Սյունիքի մարզի բնակիչ, մասնագիտությամբ բժիշկ Մ.Քարամյանը, աշխատելով բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-սոնոգրաֆիստ, ճանաչել է Կապանի և Քաջարանի բնակիչներից շատերին։ Խաբեության եղանակով գումարներ հափշտակելու նպատակով նա, ձեռք բերված ապացույցների համաձայն, պատրանք է ստեղծել, թե  կարող է իր կապերի միջոցով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատ» ՓԲ ընկերությունում աշխատանքի տեղավորել ցանկացած անձի։ Պատրաստակամություն հայտնելով հանդես գալ ենթադրյալ միջնորդի դերում՝ նա երկու տասնյակ անձանց դրդել է որպես առևտրային կաշառք իրեն փոխանցել տարբեր չափի գումարներ, և առանց որևէ գործողություն կատարելու հափշտակել է գումարները և ծախսել անձնական կարիքների համար։ Քննությամբ պարզվել է հափշտակված գումարի չափը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մ.Քարամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-200-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 15 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-200-րդ հոդվածի 1-ին մասով, 3 քաղաքացու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-200-րդ հոդվածի 1-ին մասով և 34-200-րդ հոդվածի 2-րդ մասով, ևս 2 քաղաքացու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-200-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։