Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի 7 գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեպքում կհայաթափվի նաև Ոսկեպար գյուղը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում համոզմունք հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության անդամ Սասուն Դանիելյանը։
Բանն այն է, որ եթե Ադրբեջանին տրվի միջնադարյան հայկական Վերին Ոսկեպար գյուղատեղին, որը սահմանից բավական հեռու է և այժմ բնակեցված չէ, Ադրբեջանը դեպի այդ տարածք ճանապարհ կպահանջի, ինչն անցնելու է Ոսկեպար գյուղի մոտով ու հայկական 16-19 դարերի գերեզմանատան միջով։ Դա Ոսկեպարի հին գերեզմանատուն է․ նախկինում գյուղն էլ այդ տարածքում է եղել, հետո տեղափոխվել է հյուսիս և նոր գերեզմանատուն կառուցել։
Ոսկեպարի հին գերեզմանատունը, որտեղ 16-19 դարերի խաչքարեր, տապանաքարեր կան՝ հուշարձանի վերածված, նախկինում էլ բավական վնասվել է տեղում հաստատված քոչվորների՝ ներկայիս ադրբեջանցիների նախնիների կողմից։ Նրանք քանդել են անգամ այստեղի եկեղեցիները։
Առայսօր կանգուն է 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Բայց եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթը, որով հնարավոր է Տավուշի 7 գյուղերն էլ հանձնվեն Ադրբեջանին, ապա ադրբեջանական զինուժի օկուպացիայի վտանգի տակ են հայտնվում 7-րդ տարի եկեղեցին է՛լ, 16-19-րդ դդ․ խաչքարերն ու տապանաքարերն է՛լ։
Դրանք խոսուն վկայություններ են, որ Ոսկեպարների տարածքը պատմական հայկական բնակավայր է և Ադրբեջանին պատկանել ոչ մի կերպ չի կարող։
«Եթե իրագործվի Տավուշի 7 գյուղը հանձնելու հրեշավոր ծրագիրը, բնականաբար, այդ անկլավին պետք է ճանապարհ հատկացնեն ու այդ ճանապարհն անցնելու է ներկայիս Ոսկեպար գյուղի տարածքով ու թե՛ վտանգված է ամբողջ գյուղը, որ ընդհանրապես կեցության պայմաններ չի ունենալու և հայաթափվելու է, թե՛ գյուղի տարածքում գտնվող պատմական հուշարձանները»,-ասաց Սասուն Դանիելյանը։
Թեև, նրա խոսքով, ամենակարևորը հայ բնակչության պահպանումն է, քանի որ որտեղ կա հայ բնակչություն՝ հուշարձաններն էլ պահպանվում են։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ստորագրելու է «100 տոկոսանող հայանպաստ փաստաթուղթ» սահմանազատման մասին, որի ձևակերպումները ենթադրում են Տավուշի 7 գյուղերի հանձնում Ադրբեջանին։ Այս գյուղերը բնակեցված են հայերով, բայց եթե GPS-ային բաժանումով տրվեն Ադրբեջանին, Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ գյուղի նման կիսվելու են, Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300 մետր հեռավորության վրա, զրկվելու են իրենց արոտավայրերից, Հայաստանը Վրաստանին և Ռուսաստանին կապող միջպետական ճանապարհի 2 կմ հատված անցնելու է Ադրբեջանին։ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է փաստաթուղթ, որ Դիլիջանի գավառին պատկանող Սոֆուլու, Բարխուդարլու եւ Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին:
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․