կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 19:17
Հասարակություն

Պատասխանատուները հասկանո՞ւմ են, որ քարտեզներով կռիվ չեն տալիս, մանավանդ լկտիացած թուրքերի դեմ, այլՙ կրակող զենքով ու զինամթերքով․ Հակոբ Ավետիքյան

Պատասխանատուները հասկանո՞ւմ են, որ քարտեզներով կռիվ չեն տալիս, մանավանդ լկտիացած թուրքերի դեմ, այլՙ կրակող զենքով ու զինամթերքով․ Հակոբ Ավետիքյան

Այն, որն արդեն երկու շաբաթից ավել կատարվում է Սյունիքում, Գեղարքունիքում եւ Տավուշում, այսինքն մեր երկրի արեւելյան սահմանների ամբողջ երկայնքով, ոչ թե սահմանազատում կամ սահմանագծման պատրաստություն է, այլ ծաղրՙ միջազգայնորեն ընդունված կամ կիրառվող կանոնների եւ սկզբունքների, եւ անարգանքՙ մեր ազգային ու պետական արժանապատվությանը: Վստահաբար, թուրքերը, ազեր կամ օղուզ, մի լավ զվարճանում են ի տես մեր խեղճության եւ անճարակության (թուրքական արտահայտությամբՙ փերուշանության): Նրանք քայլ առ քայլ առաջանում են ինչ-որ քարտեզներ ի ձեռին, կարծեք սեփականության վկայական լինեն դրանք: Տուն առ տուն, գյուղ առ գյուղ, դիրք առ դիրք գրավում եւ տնավորվում են: Գիտենք, հաղթողը, հատկապես հաղթողի թուրք տեսակը, լկտի է դառնում, բայց չգիտեինք, որ պարտվողը, այս պարագայումՙ պարտվող հայի տեսակը, կարող է այդքան ստորանալ, ծաղրի առարկա դառնալ միջազգային հանրության աչքին, եւ նվաստանալ` մեր իսկ հաշվին:

Մեզ առաջին ստորացնողը առայժմ գոյություն ունեցող մեր իսկ կառավարությունն էՙ պաշտոնակատար վարչապետի ու իր խնկարկուների խումբը, նվաստացնողըՙ նրան ու նրանց դեռեւս հանդուրժող, նույնիսկ պաշտող (բառը փոխ առնենք Թումանյանից) խալխը: Վարչապետ կոչեցյալը խոստանում է մեզ համար 100 տոկոսանոց շահավետությամբ նոր պայմանագիր, իմաՙ ամբողջական անձնատվություն: Նրա խնկարկուները, կոչվեն նրանք պատգամավորներ Վլադիմիր Վարդանյան թե Վահե Ղալումյան, նրանից առաջ անցնելով բացատրում են ու պնդումՙ բանակը ոչ թե սահման, այլ ժողովրդին պաշտպանելու համար է, իսկ երկրորդըՙ թե սահմանագոտում «բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են», այսինքնՙ կարող ենք հենց էնպես զիջել թուրքին: Երեւի նմանների համար են թուրքերը ասելՙ «Եթե մոլլան մզկիթում հոտեցնի, հավատացյալները նույն տեղում կմիզեն»: Հիշո՞ւմ եք Նիկոլիՙ իսկապես դարակազմիկ խոսքերը Շուշիի «տխուր, դժգույն, մոլախոտային» լինելու մասին: Կամՙ BBC-ի Սաքուրի հետ նրա Hard Talk-ը, որտեղ խոսում էր Արցախի 80 տոկոսով ազերիներով բնակեցված լինելու մասին: Ժամանակին ես դա վերագրել էի անգլերենի նրա չիմացությանը, մինչդեռ…

Այս տղաները մի՞թե այդքան անգրագետ են պատմությունից եւ աշխարհագրությունից: Մի՞թե չգիտեն ցարական շրջանում, օրինակ, Բաքվի նահանգ կոչված վարչական տարածքում, Կուր գետի միջին հոսանքի ձախափնյակում գոյություն ունեցող ավելի քան 400 հազարանոց հայկական ազգաբնակչության մասինՙ ներառյալ Դերբենդն ու Բաքուն, նրանց խոնարհված վանքերի ու եկեղեցիների, հրդեհված կրթօջախների, հաջորդական պոգրոմների ընթացքում կատարված էթնիկ զտումների մասին:

Եվ կամՙ այդ տղաները եւ մյուս խնկարկուները երբեւիցե բացե՞լ են միջազգային աշխարհագրական ատլասներ, որտեղ այնքան շատ են «ամայի, անմարդաբնակ տարածքները», այնքան շատ են անապատները, որտեղ մոլախոտ անգամ չի բուսնում, եւ որոնք, սակայն, աչալրջորեն հսկվում են դրանց սահմանակից բոլոր երկրների կողմիցՙ որպես սուվերեն եւ անձեռնմխելի տարածքներ:

Ասում ենՙ այժմ ունենք երկու հանձնախումբ սահմանազատման հարցերով զբաղվող, մեկը կառավարությանը կից, մյուսըՙ արտգործնախարարության ներսում: Ի՞նչ կարող են անել նրանք երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում: Ի՞նչ կարող են անել նրանք, եթե լքել ես սահմանները անպաշտպան, իսկ պաշտպաններին էլ արգելում ես կրակել, նույնիսկ նրանց զենքերն ես առգրավում: Պատասխանատուները հասկանո՞ւմ են, որ քարտեզներով կռիվ չեն տալիս, մանավանդ լկտիացած թուրքերի դեմ, այլՙ կրակող զենքով ու զինամթերքով:

Բայց դրա համար պետք է ունենալ ղեկավար ու ղեկավարություն, հայրենասեր, պատասխանատու, հմուտ իշխանություն, որին գտնելու համար մեզ պետք չեն ո՛չ խորհրդարանական եւ ոչ էլ այլ կարգի ընտրություններ: Ընտրությունների փոխարեն ուժո՛վ պետք է հեռացնել աթոռներին սոսնձվածներին եւ երկիրը իր սահմաններով վստահել պատասխանատու, ինքնապաշտպանության բնազդը չկորցրած խելացի մարդկանց, որպեսզի ազգը, երկիրը, պետությունը վերջապես ուղղի իր մեջքը եւ basta! ասի մեր երկիր ներխուժողներին: Նրանք շատ անգամ են տեսել մեր բազկի ուժը, էլի՛ թող տեսնեն:

Հակոբ Ավետիքյան.

«Ազգ» շաբաթաթերթ