Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի սկզբից թուրքական մաֆիայի ղեկավար Սեդաթ Փեքերը, որը փախուստի մեջ է, YouTube-ում տեսանյութեր է հրապարակում, որոնցում մեղադրում է երկրի առաջատար քաղաքական գործիչներին պայմանավորված սպանությունների, բռնաբարությունների և կոռուպցիայի մեջ: Նա հատկապես կոշտ մեղադրանքներ է ներկայացրել իշխող կուսակցությանը, որը գլխավորում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Փեքերի տեսանյութերը քննարկում է ամբողջ երկիրը, իսկ Թուրքիայի իշխանությունների՝ անսպասելի քաղաքական ճգնաժամը հաղթահարելու փորձերը միայն ավելի են սրում այն:
Ըստ Reuters-ի՝ 49-ամյա Սեդաթ Փեքերը հայտնի է դարձել որպես թուրքական մաֆիայի հայտնի ներկայացուցիչ դեռևս 1990-ականներին, իսկ 2007-ին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման մի շարք հանցագործությունների համար, ներառյալ՝ հանցավոր խմբավորում ստեղծելը և ղեկավարելը: Ընդհանուր առմամբ, Փեքերը մի քանի անգամ բանտարկվել է, բայց ազատ է արձակվել 2014 թ. և, կարծես, ըստ The Guardian-ի, ստացել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) հավանությունը: Այնուամենայնիվ, 2020 թվականի հունվարին մաֆիոզները փախել են երկրից այն բանից հետո, երբ Թուրքիայի ՆԳՆ-ն այդ խմբերի նկատմամբ նոր հետաքննություն է սկսել:
Ինքը՝ Փեքերը, հայտարարել է, որ ներկայումս գտնվում է Դուբայում: Նրա առաջին տեսահոլովակը, որը թողարկվել է մայիսի 2-ին, շրջանառվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձերբակալել է նրա խմբի հետ կապված գրեթե 50 մարդու. հաղորդում է Vice-ը:
Իր տեսանյութերում Փեքերը մեղադրում է AKP-ին դավաճանության մեջ, ինչպես նաև նկարագրում կազմակերպված հանցավորության և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների լայն համագործակցության մանրամասները: Նա իշխանություններին մեղադրում է նաև մի շարք այլ հանցագործությունների մեջ, մասնավորապես՝ լուրջ մեղադրանքներ է առաջադրում թուրք քաղաքական գործիչ, ՆԳ նախկին նախարար Մեհմեդ Աղարին և որդուն՝ Թոլգա Աղարին: Մայիսի 6-ին հրապարակած տեսանյութում Փեքերը պնդում է, որ հենց Թոլգա Աղարն է բռնաբարել և սպանել ղազախ լրագրող Էլդանա Կախարմանին: 2019-ի մարտին Կախարմանին գտել էին մահացած՝ Աղարի նստավայրում: Նրա մահը համարվեց ինքնասպանություն, բայց սա, ըստ Փեքերի, ընդամենը խաբեություն է՝ կազմակերպված երկրի իշխանությունների կողմից: Ըստ Փեքերի՝ Մեհմեդ Աղարը մասնակցել է 1993 թվականին ականավոր հետաքննող լրագրող Ուղուր Մումջուի սպանությանը, որը մահացավ մեքենայում ռումբի պայթյունից:
Փեքերը խոստովանում է, որ ինքը ներգրավված է եղել հանցագործությունների մեջ. իր խմբի մարդիկ, AKP գործիչների ղեկավարությամբ, հարձակվել են լրատվամիջոցների գրասենյակների վրա և սպառնացել այն գիտնականներին, որոնք խաղաղություն էին պահանջում Թուրքիայի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի միջև, ինչպես նաև օգնել են բռնագրավել իշխող կուսակցության թշնամիներին պատկանող ակտիվներ և գույք:
Այնուամենայնիվ, Փեքերի ամենաուշագրավ բացահայտումները վերաբերում են երկրի առանցքային քաղաքական գործիչներից մեկին՝ Սուլեյման Սոյլուին՝ Թուրքիայի ՆԳՆ ղեկավարին և երկրի նախագահի մտերիմին: Ավելի վաղ հենց Սոյլուն էր, ըստ Փեքերի, պաշտպանում իրեն իր նկատմամբ անբարյացակամ տրամադրված՝ AKP-ի քաղաքական կլաններից, այնուհետև նախազգուշացրել էր Փեքերին նրա մոտալուտ ձերբակալման մասին, ինչը մաֆիայի ղեկավարին հնարավորություն տվեց փախչելու Դուբայ:
Թե ինչո՞ւ է Փեքերը որոշել մերկացնել նախարարին և թուրք այլ ֆունկցիոներների, այնքան էլ պարզ չէ, ինչպես նաև՝ թե ինչու նա ոչ մի մեղադրանք չի ներկայացնում անձամբ Էրդողանին (որին անվանում է «Թայիփ եղբայր»):
YouTube-ի դիտորդներին հետաքրքրում են, թե ինչ պայմաններում են նկարահանվում տեսանյութերը. Փեքերը հյուրանոցի համարում սեղանի մոտ է նստած, վզին՝ հսկայական ոսկե մեդալիոն, նրա առջև գրառումներ ու գրքեր են: Դրանք տեսանյութից տեսանյութ փոխվում են (օրինակ՝ տեսանյութերից մեկում մաֆիայի մասին «Օմերտա» վեպն է՝ հայտնի «Կնքահայր» վեպի հեղինակ Մարիո Պյուզոյի, մյուսներում՝ Թուրքիայի պատմության, Լև Տրոցկու և Բոբ Դիլանի մասին գրքեր են)։ Սա ստիպում է ոմանց դրանց մեջ որոշ ծածկագրված հաղորդագրություններ փնտրել:
Ինքը՝ Փեքերը, ոչ միշտ համահունչ ելույթներում, պարբերաբար կատակում է, ծիծաղում, իրավական լեզվից անցնում խոսակցականի՝ իր հակառակորդներին խոստանալով, որ «նրանց վերջը գալու է տեսախցիկի եռոտանին ձեռքը պահածի կողմից»: Արդյունքում՝ նրա ալիքը կարճ ժամանակում դարձել է աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող ինտերնետային շոուն։ Մայիսի 26-ի դրությամբ նրա տեսանյութը YouTube- ում հավաքել է ավելի քան 55 միլիոն դիտում:
Փեքերի մեղադրանքներն արդեն հարուցել են քաղաքական ճգնաժամ Թուրքիայում. ընդդիմությունն ակտիվորեն պահանջում է ՆԳ նախարարի հրաժարականը, իսկ ԱԶԿ-ի վարկանիշը, որն արդեն լրջորեն տուժել է երկրում տնտեսական ճգնաժամի ֆոնին, կարող է փլուզվել. ըստ Deutsche Welle-ի՝ այն արդեն իջել է 27% -ի:
ՆԳ նախարարը հերքում Փեքերի մեղադրանքները՝ դրանք որակելով Թուրքիայի դեմ «միջազգային գործողության» մաս և պահանջելով, որ նա վերադառնա երկիր ու դատարանի առջև կանգնի: Նա նաև պահանջել է քրեական գործ հարուցել Փեքերի դեմ՝ զրպարտության մեղադրանքով:
Թուրքիայի նախագահը առաջին տեսանյութերի հրապարակումից հետո ասել է, որ ԱԶԿ-ն և իր կառավարությունը երկրում խաղաղություն են հաստատել`իրենց վրա վերցնելով հանցավոր խմբավորումների դեմ պայքարը, և որ այժմ «կխափանեն նաև այս կեղտոտ սցենարը»: Մայիսի 24-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին նաև մաֆիոզ Աթիլա Փեքերին՝ Սեդաթի եղբորը ձերբակալելու մասին (տեսանյութերից մեկում Սեդաթ Պեկերը հայտարարել է, որ իր եղբորը խնդրել է սպանել ընդդիմադիր քաղաքական գործիչ և լրագրող Քութլու Ադալըին 1996 թ.։ Ադալըին գնդակահարել են ինքնաձիգից Հյուսիսային Կիպրոսի՝ իր տան մոտ):
Թուրքական Anadolu լրատվական գործակալությունն աշխատանքից ազատել է իր թղթակից Մուսաբ Թուրանին, որը մամուլի ասուլիսում Սուլեյման Սոյլուին հարցրել էր մեղադրանքների մասին՝ նշելով, որ Թուրքիայում «բոլորը, նույնիսկ՝ երեխաները, այդ մասին խոսում են խանութներում, շուկաներում, մետրոյում»։
«Մեզանից շատերի համար դա գրեթե սերիալի է նման»,- Vice-ի հետ զրույցում թուրքական հասարակության արձագանքը տեղի ունեցածին ներկայացրել է ուսանող Ջանան Օզքանը՝ հավելելով․ «Համոզված եմ, որ այնտեղ որոշ անճշտություններ կան, բայց չեմ կարծում, որ այդ ամենը մի կողմ դնելը հեշտ է»:
Ինքը՝ Փեքերը, որին հաջողվել է թողարկել յոթ տեսանյութ, խոստացել է, որ կթողարկի ևս հինգը: