Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շաբաթներին Թուրքիան խառնաշփոթի մեջ է Թուրքիայի մաֆիայի պարագլուխ Սեդաթ Փեքերի կողմից համացանց բեռնված մի շարք տեսանյութերի պատճառով, որոնցում տարբեր մեղադրանքներ են ներկայացվում երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ սպանություն, բռնաբարություն, կոռուպցիա և թմրանյութերի վաճառք։
Չորեքշաբթի Twitter-ի իր էջում Փեքերն ակնարկել էր, որ Էրդողանը սիրավեպ է ունեցել հայտնի հեռուստահաղորդավարուհու հետ, և որ «վառ պահերից» մեկի ժամանակ Թուրքիայի նախագահը սրտի կաթված է ստացել:
49-ամյա Սեդաթ Փեքերը կազմակերպած հանցավոր գործունեության համար մի քանի անգամ բանտարկվել է։ Սակայն Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն աչք է փակել դրա վրա, և ազատվելուց հետո՝ 2014 թ., Փեքերը միացել է կուսակցական շրջանակներին, թեև անցյալ տարվա ապրիլին փախել է երկրից՝ չնայած դատարանի՝ նրա գործերի վերաքննություն սկսելու որոշմանը:
Դուբայից՝ իր ենթադրյալ բնակության վայրից նա թողարկել է տեսանյութերի շարք կազմակերպված հանցավորության ցանցերի և թուրք պաշտոնյաների համագործակցության մասին, որոնք տասնյակ միլիոնավոր դիտումներ են հավաքել համացանցում:
Նախօրեին Էրդողանն առաջին անգամ բարձրաձայնել է Փեքերի բացահայտումների մասին հրապարակային ելույթում այն բանից հետո, երբ ընդդիմադիր կուսակցությունը (CHP) կոչ արեց արտահերթ ընտրություններ անցկացնել և բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարական պահանջեց տեսանյութերը հրապարակելուց հետո:
«Մենք աջակցում ենք մեր ներքին գործերի նախարարին հանցավոր խմբավորումների, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում,- ասել է Էրդողանը խորհրդարանում՝ պաշտպանելով իր ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուին, որը Փեքերի գլխավոր թիրախն է:- Թուրքիան հանցագործներին պատասխանատվության կենթարկի, որտեղ էլ որ լինեն»:
Դրանից անմիջապես հետո Փեքերը նախ հրապարակել է թվիթ, որը վերաբերում է ոչ թե Էրդողանի մտերիմներին, այլ հենց Թուրքիայի նախագահին՝ ակնարկելով, որ տասը տարի առաջ Էրդողանը գաղտնի սիրավեպ է ունեցել հեռուստահաղորդավարուհի Դաֆնե Սամյելիի հետ, որի ընթացքում, իբր, սրտի կաթված է ստացել:
Փեքերը խոստացել է շարունակել տեսանյութի ցուցադրումը կիրակի օրը: