կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-22 12:41
Մշակույթ

Պատերազմ, սեր եւ ապրումներ. նոր ժողովածուներ՝ արեւմտահայ գրողից

Պատերազմ, սեր եւ ապրումներ. նոր ժողովածուներ՝ արեւմտահայ գրողից

Հայրենիք, պատերազմ, սեր եւ մտորումներ կյանքի ու մարդկային ապրումների մասին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանապետ, բանաստեղծ Խաչիկ Դեդեյանի ժողովածուներն առաջին անգամ տպագրվել են Հայաստանում:

«Ինձ համար շատ ուրախալի է, որ հայրենիքումս հրատարակվեցին ստեղծագործություններս: Այս՝ Ա եւ Բ հատորները ներկայացնում են համամարդկային հարցեր, մտահոգություններ հայրենիքի շուրջ, սիրային զեղումներ եւ պատերազմ: Այստեղ ներառված են նաեւ Լիբանանի պատերազմի տպավորությունները, տագնապներն ու տառապանքները»,- Yerkir.am-ին պատմեց ժողովածուների հեղինակը:

Խաչիկ Դեդեյանը նշում է, որ այս ժողովածուները Լիբանանում լույս տեսած մյուս երեք հատորների բովանդակային շարունակությունն են: Ա եւ Բ հատորները տպագրել է «Զանգակ» հրատարակչությունը, խմբագիրը պրոֆեսոր Երվանդ Տեր-Խաչատուրյանն է: Այս հատորներից դուրս են մնացել բազմաթիվ նոր բանաստեղծություններ: Դրանց մի մասը հրատարակվել է տպագիր պարբերականներում, մի մասն էլ անտիպ է:

«Արցախի վերջին պատերազմից ու ցավալի պարտությունից հետո էլ եմ գրել բանաստեղծություններ, որոնք հետագայում մտադիր եմ ամբողջացնել, ժողովածուների երրորդ հատորի մաս կկազմեն»,- Yerkir.am-ին պատմեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանապետը:

Բանաստեղծի մեծ ցանկությունն է՝ երիտասարդ սերունդը կարդա, ծանոթանա ժամանակակից արեւմտահայ գրողների գործերին: «Հայաստանում այդքան էլ ծանոթ չեն սփյուռքահայ գրականությանը: Ծանոթ են սփյուռքահայ գրականության տիտաններին, բայց գրողների սերունդ կա, որոնց եւս պետք է քաջալերեն հայրենիքում: Բոլոր մեծ պետություններն ունեն ռազմավարություն եւ պետականամետ մտածողություն. դա մշակույթի նախարարությունն է, գրողների միությունը: Գրականությունը եւ լեզուն պետք է պահապան ունենան»,- նշում է Խաչիկ Դեդեյանը:

Գրողին անհանգստացնում են արտասահմանյան գրականության անգրագետ թարգմանությունները, անհասկանալի մարդկանց ու երեւույթների մասին հրատարակությունները: «Նոր սերունդը պետք է ստեղծագործի եւ տպագրվի: Պիտի քաջալերեն այդ մարդկանց, տպագրեն, որ նաեւ ճանաչեն, այլապես մեր ազգային ոգին եւ ինքնությունն ինչպե՞ս ենք պահելու: Գրողներին չեն քաջալերում, օժանդակում, առաջ գրողների միությունը գրողի կողքին էր, 20 հազար,  50 հազար օրինակով էին գրքեր հրատարակում, բայց այսօր ժողովուրդը չի կարդում»,- նեղսրտում է բանաստեղծը:

Պետությունը, Խաչիկ Դեդեյանի խոսքով, պետք է քաղաքականություն մշակի՝ ինչպես Մեծ Բրիտանիայում է, Իտալիայում կամ Ֆրանսիայում: Գրողը հույս ունի՝ իր վերջին երկհատորյակը նոր սերունդը կկարդա, կքննարկի: