կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-21 17:41
Քաղաքական

ԱԺ ամբիոնը КВН-ային բեմ չէ. երկրին անհրաժեշտ է ազգային շահերով առաջնորդվող իշխանություն. ԱԱԾ պահեստազորի սպաներ

ԱԺ ամբիոնը КВН-ային բեմ չէ. երկրին անհրաժեշտ է ազգային շահերով առաջնորդվող իշխանություն. ԱԱԾ պահեստազորի սպաներ

ՀՀ վարչապետի յուրաքանչյուր նոր ելույթ փաստերի նոր մանիպուլացում է, դիլետանտիզմի նոր դրսևորում, այս մասին ասվում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հայտարարությունում։

«Ընդամենը երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի հարց ու պատասխանում երկրի թիվ մեկն ուսուցանում էր պատգամավորին․ «Այն առաջնագիծը, որն այսպես տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, ուրեմն դա վատ առաջնագիծ է, և փառք Աստծո, ոչ դուք, ոչ էլ ադրբեջանցիները չեն կարող դա տեսնել, և ես ուրախ եմ դրա համար»:

Այս «լիկբեզից» ինն օր անց, չհանդիպելով ոչ մի դիմադրության, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հայոց «ռազմագիտակի» գովական առաջնագիծն անցան ամենասովորական քայլերթով՝ 3,5 կիլոմետրի չափով խորանալով մեր ինքնիշխան պետության տարածք։

 Փաստերի մանիպուլյացիայի ու դիլետանտիզմի մեկ այլ վկայակոչում։

Այդ նույն հարց ու պատասխանում պետության առաջին դեմքն առաջնագծի աշխատանքները հիշատակում էր որպես գաղտնի այն դեպքում, երբ թշնամին անօդաչու սարքի տեսադիտարկման, ջերմադիտարկման համակարգով «ընթերցում» է ամեն ինչ, ընդհուպ ֆիքսելով քո սպայի ուսադրի աստղերը։

Վերը հիշատակված խորհրդարանական հարց ու պատասխանը մանիպուլյացիայի, դիլետանտիզմի կողքին նաև, ըստ էության, պոպուլիզմի դասական օրինակ էր, որտեղ հայտնի КВН-ի տարբերակով տրված հարցին ակնկալվում է սրամիտ պատասխան։ Սակայն ողջ խնդիրն այն է, որ ԱԺ ամբիոնը КВН-ային բեմ չէ, հարցերին, դրանցում եղած գաղտնիությանն էլ ուշի-ուշով հետևում է թշնամին։
Փաստերի մանիպուլյացիայի, դիլետանտիզմի ու պոպուլիզմի շարունակական շղթա էր նույն այդ վարչապետի երեկվա ելույթը ՀՀ Աժ արտահերթ նիստում, որտեղ արծարծված փաստերի հատ առ հատ հիշատակումն, ըստ էության, նույնն է, թե վերցնես ու ամբողջ ելույթը շարադրես։

Այս ամենն ունի իր պատճառահետևանքային խոր կապը, որտեղ գլխավորն անտարակուսելիորեն այն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո երկրին անհրաժեշտ է պատասխանատվության ու կամային բարձր որակներով օժտված, ազգային շահերով առաջնորդվող, միասնական հայրենիքի գիտակցում ունեցող իշխանություն», - նշված է հայտարարությունում։