Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախ-ի զրուցակիցն է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Օքսֆորդի համալսարանի դիվանագիտության մագիստրոս, Ժնևի հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիայի մագիստրոս, միջազգային իրավունքի մասնագետ Ասպրամ Կրպեյանը:
-Ասպրամ, Հայաստանն ապրում է իր պատմության ամենաողբերգական ու ամենաամոթալի ժամանակաշրջաններից մեկը: Ի՞նչ կաներ Ձեր հայրն այս իրավիճակում, եթե ողջ լիներ:
-Այսպիսի իրավիճակ ուղղակի չէր լինի: Եթե հայրս ու իր ընկերները ողջ լինեին, կարծում եմ՝ այս տեսակ ապազգային, հակահայ ուժեր ուղղակի չէին լինի մեր երկրի ղեկին: Ցավոք, հորս գաղափարական ընկերներից շատերն էլ այս պատերազմի ժամանակ զոհվեցին: Նրանք հայրիկիս, ինչպես նաև Արցախյան ազատամարտի պատմության կենդանի հիշողության կրողն էին:
-Ի՞նչ պետք է անի մեր սերունդը Արցախյան ազատամարտի հերոսների և ապագայի առջև գլխիկոր չկանգնելու համար: Կոնկրետ դուք ինչպե՞ս եք տեսնում այս ամենից ոտքի կանգնելու ճանապարհը:
-Արցախը կորցնելով՝ կոտրվեց մեր ազգային ինքնության ողնաշարը: Ես համարում եմ, որ մեր նորանախ պետականության ինքնության հիմքում հենց Արցախն էր: Այն սերունդները, որոնք կրթվել, դաստիարակվել են այդ ինքնությամբ, այդ սերունդների համար սա ամենաողբերգական իրողությունն է: Անգամ նրանք, որ դեռ չեն գիտակցում կամ մասամբ են գիտակցում այդ կորստի մեծությունը, վաղ թե ուշ հասկանալու են, թե սա ինչ հետևանքներ է ունենալու մեր ազգային հոգեբանության և մեր պետականության ապագայի վրա: Չկա՛ Արցախ առանց Հայաստան և չկա՛ Հայաստան առանց Արցախ: Մարդիկ, որոնք իշխանությունը ստանձնեցին այն մտայնությամբ, թե «Արցախը բեռ է», «Արցախը կույրաղիք է, որը կարելի է կտրել ու հանգիստ ապրել», չարաչար սխալվում են: Մենք միշտ խոսել ենք Հայաստանի Հանրապետության դերակատարման մասին՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորի, բայց իրականում Արցախն է ՀՀ անվտանգության երաշխավորը բոլոր առումներով: Եթե ուզում ենք ունենալ հայկական պետականություն, դա պիտի լինի Արցախ-Հայաստան կուռ միասնությամբ: Հակառակ դեպքում չի լինի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Հետևաբար պետք է անենք ամեն բան վերականգնելու պատմական արդարությունը, տեր կանգնելու մեր ժառանգությանը, այս թմբիրից արթնանալու և հասկանալու, որ մենք հաղթած հայորդիների սերունդ ենք, իսկ հաղթածները երբեք չեն ծնկում:
-Զավեշտալին այն է, որ հայկական երկու պետություններն այս անփառունակ վիճակին հասցրած իշխանությունը դեռ խոսում է ապագայից: Արդյո՞ք նրանք նման բարոյական իրավունք ունեն:
-Պարտություններն ու հաղթանակներն ինչպես մարդու համար են, այնպես էլ պետությունների և ժողովուրդների: Բայց շատ կարևոր է, որ թե՛ հաղթանակը և թե՛ պարտությունը արժանապատվորեն ընդունելու և արժանապատիվ որոշումներ կայացնելու ունակություն ունենաս: Ինձ համար ամենամեծ ողբերգությունն այն է, որ մենք պարտադրված քարշ ենք տալիս մեզ հետ պարտվածին ու մեզ այս իրավիճակին հասցրածին, ինչը թույլ չի տալիս, որ մեր ժողովուրդն ու մեր պետականությունը վճռական քայլ անեն դեպի ապագա: Արժանապատիվ սգալու իրավունքն են անգամ խլել մարդկանցից: Վեց ամիս է անցել, բայց դեռևս բացահայտված ու պատժված չեն այս ամենի մեղավորները: Իսկ ցավը հաղթահարել և ապագայի մասին խոսել հնարավոր կլինի միայն դրանից հետո: Այո, կա՛ ապագա, հայ ժողովուրդն ունի ապագա, բայց այդ ապագայում դավաճանները տեղ չունեն: Իրենք անհամատեղելի են հայի տեսակի հետ:
-Այս իշխանությունը հավակնում է նաև առաջիկա ընտրություններում կրկին վերցնել երկրի ղեկը: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերում ընտրությունների գաղափարին և գործող իշխանության վերարտադրման հեռանկարին:
-2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ես այս իշխանությանը համարում եմ ոչ լեգիտիմ: Իրենք նույնիսկ մեկ ժամ ավելի չպետք է մնային իրենց գրասենյակներում և իրենց պաշտոններին, էլ ուր մնաց հավակնեին ընտրություններ կազմակերպելուն, դեռ մի բան էլ հաղթելուն: Սա չտեսնված մի բան է նույնիսկ համաշխարհային պատմության մեջ: Սա նոնսենս է: Իսկ իրենց վերարտադրումը բացի այն, որ կլեգիտիմացնի նոյեմբերի 10-ի դավաճանագիրը և մինչև օրս արած իրենց բոլոր քայլերը, այլև կկողոպտի մեր ապագան՝ որպես ազգ, որպես միավոր ու պետականություն: Մենք կկորցնենք մեր արժանապատվությունը վերականգնելու հնարավորությունը:
-Ասպրամ, օրերս «Կոլցո» գործողության 30-րդ տարելիցն էր, մի գործողություն, որի ժամանակ զոհվեց Ձեր հայրը՝ Գետաշեն-Մարտունաշենի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատար, Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, զոհվեցին նրա մարտական ընկերները, խաղաղ բնակիչներ, բռնազավթվեցին հայկական գյուղերը: 30 տարի անց ի՞նչ կարող ենք արձանագրել:
-30 տարի առաջ տեղի ունեցավ Խորհրդային Միության և Ադրբեջանի կողմից իրականացված պետական ահաբեկչական, ռազմական ծրագրված գործողություն: Շատ կարևոր է այս բնութագրումը: Հայաստանն այն ժամանակ դեռևս ԽՍՀՄ կազմում էր, երբ Գետաշենի ենթաշրջանի երկու խաղաղ գյուղերի նկատմամբ սկսվեց այդ ցեղասպանական գործողությունը: Դա իրականում ողջ Արցախը հայաթափելու ծրագիր էր: Երկու գյուղերից բռնագաղթեց ավելի քան 3500 հայ, ամբողջ գործողության հետևանքով, որը տևեց մինչև 1991 թ․ օգոստոս, հայաթափվեց 24 հայկական գյուղ, սպանվեցին, գերեվարվեցին ու անհետ կորան բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Եթե դիմադրություն չցուցաբերվեր, հետևանքներն ավելի ողբերգական կլինեին: Այն, ինչ արեցին հայրիկն ու իր ընկերները, ապտակ էր խորհրդային կարմիր բանակին ու ադրբեջանական օմոնականներին, ինչը բեկեց պատմության ընթացքը, և հակամարտությունը մտավ ռազմական փուլ: Սկսվեց պատերազմ, որտեղ մենք ապացուցեցինք, որ պատրաստ ենք ամենաթանկ զոհողություններով մեր հայրենիքը պաշտպանելուն ու ազատագրելուն: Եթե վերլուծենք, թե ինչ ունենք 30 տարի անց, պիտի արձանագրենք, որ մեր հակառակորդների, թշնամիների՝ տարածաշրջանում ունեցած ծրագրերն ու նպատակները չեն փոխվել: Դրանք նույնն էին 100 տարի առաջ, 30 տարի առաջ և նույնն են ցայսօր:
-Կուզեի մի հարակից հարց տալ, որն, ըստ իս, կարևոր է որոշ շրջանակների կողմից ուղղորդվող կեղծիքի դեմ պայքարելու տեսանկյունից: Գետաշենը հանձնելու մեջ մեղադրում են Վազգեն Մանուկյանին և ակտիվորեն տարածում այդ կեղծ թեզը՝ հիմքում դնելով ոչ թե փաստերը, այլ Անդրանիկ Մարգարյանի հարցազրույցներից մի հատված: Դուք՝ իբրև Գետաշենի իրադարձություններն ամենախորությամբ ուսումնասիրած և շահագրգիռ անձանցից մեկը, ինչպե՞ս կհակադարձեք այդ մեղադրանքներին:
-2016 թվականին մայրս գիտական հանրույթի դատին է հանձնել իր մենագրությունը, որի խորագիրն է՝ «Թաթուլ Կրպեյան. Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը»: Այն գիտական լուրջ ուսումնասիրություն է՝ հիմնված համապարփակ փաստերի, բազմաթիվ արժեքավոր արխիվային նյութերի, ականատեսների վկայությունների վրա: Ցավոք, այսօր մարդիկ մի տեղից ինչ-որ բան են լսում ու խոսքից խոսք տարածում՝ նույնիսկ չփորձելով ճշտել իրենց լսածը: Այս գրքում ամեն մի փաստը ոչ թե մեկ աղբյուրով է ճշտված, այլ տասնյակ աղբյուրներով: Ի դեպ, գրքում հղում է արված նաև Վազգեն Մանուկյանի «Հայկական երազանքը գոյատևման փակուղում» ժողովածուին: Մեր նպատակն է այդ իրադարձությունների հետ կապված բոլոր դետալներն ու ճիշտ պատմագրական հաջորդականությունը հասանելի դարձնել ընթերցողին և թույլ չտալ, որ պատմական փաստերը խեղաթյուրվեն: Եթե մարդկանց իսկապես հետաքրքրում է, թե ինչպես է ընկնել Գետաշենը, ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, ապա կարող են այս գրքում գտնել իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
-Ամփոփելով զրույցը ի՞նչ կոչ կամ ուղերձ կհղեք մեր հասարակությանը: Ես կարծում եմ, որ Դուք՝ իբրև Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի շառավիղ, ունեք այդ բարոյական իրավունքը:
-Երբեք չդադարել պայքարել հանուն հայրենիքի և հանուն հայկականության: Ես հավատում եմ, որ հային հատուկ արժանապատվությունը մի օր կարթնանա, և մարդիկ իրոք կգիտակցեն իրականությունն ու կկատարեն ճիշտ քայլեր: Այն ամենը, ինչ մենք կորցրեցինք այս պատերազմում, այդ 7 շրջանները, որոնք ինձ համար մի՛շտ են եղել իմ հայրենիքի սրբազան հողեր, վաղ թե ուշ պետք է վերադառնան իրենց իրական տերերին՝ ի հեճուկս բոլոր նրանց, որոնք փորձում են ոչնչացնել այն ահռելի ներուժը, որն ունի մեր ազգը: Եվ միամտություն է կարծել, որ տարածաշրջանում հայի պարտությամբ, հայի ստորացմամբ կարելի է խաղաղություն հաստատել: Այդ գնով խաղաղություն երբեք չի լինի: