Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-05-05 12:00
Արցախ

Թշնամու հետ հարկադիր բարեկամություն․ Հայաստանի իշխանության երազանքը

Թշնամու հետ հարկադիր բարեկամություն․ Հայաստանի իշխանության երազանքը

Երկու օրով Երեւան է գալիս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ՏԱՍՍ գործակալությանը Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է՝ Լավրովը մայիսի 5-ից 6-ը Երեւանում, 10-ից 11-ն էլ Բաքվում է լինելու՝ նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ «Արցախի հարցը կլինի բանակցությունների առանցքը»,- հայտնել է Զախարովան։

Արցախի վերջին պատերազմից եւ կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից անցել է կես տարի, ու թվում է՝ պայմանավորվածություններն արդեն իրականացվել են, մինչդեռ այստեղ կիսատ-պռատ անելիքներ կան։  Այդ փաստաթղթում նաեւ գերիների հարցն էր, որը, կարծես թե, լուծվում է միայն Ադրբեջանի սրտով․ Հայաստանի իշխանությունը մատը մատին չի տալիս, լռեցնում է գերիների հարցը բարձրացնողներին։ Իսկ թշնամի երկրում խոշտանգում, կտտանքների են ենթարկում եւ անգամ սպանում հայ ռազմագերիներին։ Փոխարենը Հայաստանի այսօրվա իշխանությունը ջերմ բարեկամություն է ուզում սկսել թշնամու հետ։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը yerkir.am-ին ասաց՝ չի բացառվում՝ Լավրովի այս այցը ճանապարհների հարցին է առնչվում։ «Կարծում եմ՝ սա վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, որի մասին բազմիցս Հայաստանի վարչապետն էլ է ասել, որ պետք է անպայման բացվեն՝ ուզենք, թե չուզենք»,- նշեց նա։

Անհայտ է նաեւ Սյունիքի ճակատագիրը։ Հայաստանի հարավի գլխին սեւ ամպեր են կուտակվում․ թշնամին դիրքերն առաջ է բերում, մոտենում Սյունիքի բնակավայրերին։ «Ճանապարհների ապաշրջափակման մասին խոսակցությունը, ադրբեջանցիների՝ սահմանին ապրողների նկատմամբ հոգեբանական ճնշումները՝ ընդհուպ զինված խմբերի՝ գյուղերին մոտենալը, «սեւ ամպեր» են, եւ սա հայաթափման պրոցեսի սկիզբն է»,- նշեց ռազմական փորձագետը՝ հավելելով, որ եթե այսպես շարունակվի՝ Սյունիքը կարժանանա Նախիջեւանի ճակատագրին։