Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-05-05 10:31
Աշխարհ

Ռամադանի ավարտից հետո Սաուդյան Արաբիան Դամասկոսում դեսպանատուն կբացի

Ռամադանի ավարտից հետո Սաուդյան Արաբիան Դամասկոսում դեսպանատուն կբացի

Սաուդյան Արաբիայի դեսպանատունն իր աշխատանքը կվերսկսի Դամասկոսում Իդ ալ Փիթր տոնից հետո, որով մայիսի 13-ին ավարտվում է Ռամադան մուսուլմանական պահքը: Այս մասին երեքշաբթի հաղորդել է արաբական Rai Al Youm թերթը, որը լույս է տեսնում Լոնդոնում: Ըստ պարբերականի՝ թագավորության արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Սիրիայի մայրաքաղաքում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելության բացման արարողությանը:

Հրապարակման համաձայն՝ երկուշաբթի՝ գրեթե 10 տարվա ընդմիջումից հետո, սիրիա-սաուդական հարաբերությունների կարգավորման մասին համաձայնություն է ձեռք բերվել Սաուդյան Արաբիայի գաղտնի ծառայության ղեկավար Խալեդ ալ Խմեյդանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ու Սիրիայի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ալի ալ Մամլուքի միջև: «Սաուդյան հյուրը սիրիական կողմին է փոխանցել, որ Ռիադը ողջունելու է Դամասկոսի վերադարձը Արաբական պետությունների լիգայի շարքերը և նրա մասնակցությունը Ալժիրի միջաարաբական համայնքի գագաթնաժողովին»,- նշում է Rai Al Youm-ը:

Պարբերականի տեղեկություններով ՝ Սաուդյան Արաբիայի գաղտնի ծառայության ղեկավարի այցը Դամասկոս տեղի է ունեցել Բաղդադում կայացած սաուդա-իրանական գաղտնի բանակցություններից երկու շաբաթ անց: Ապրիլի 28-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել էր «Իրանի հետ ամուր գործընկերություն հաստատելու ցանկության մասին»: Այս բառերը ընկալվում էին որպես Թեհրանի և Դամասկոսի հետ կապեր հաստատելու՝ Ռիադի մտադրություն: Սաուդյան Արաբիայի իշխանություններն այժմ ամբողջովին դադարել են աջակցել սիրիական ընդդիմությանը և փակել են ընդդիմադիր Սիրիայի բանակցային կոմիտեի գրասենյակը, որը Էր Ռիադում էր 2017 թվականից:

Դամասկոսում 2018 թվականի դեկտեմբերի 27-ին դեսպանատուն էր բացել Արաբական Միացյալ Էմիրությունները: Դամասկոսի մասնակցությունը Արաբական լիգային դադարեցվել էր 2011-ի նոյեմբերին: Արաբական երկրների մեծ մասը Սիրիայի մայրաքաղաքից հետ էր կանչել դեսպաններին և միացել Սիրիայի նկատմամբ տնտեսական բոյկոտին: Հակամարտության ընթացքում Սաուդյան Արաբիան, Քաթարը և մի շարք այլ պետություններ ֆինանսական և ռազմական օգնություն են ցուցաբերել Սիրիայի կառավարության դեմ հանդես եկող զինված խմբավորումներին: