կարևոր
4165 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-07 17:43
Քաղաքական

Կիպրոսն առաջիկա ամիսներին դեսպանատուն կբացի Երևանում

Կիպրոսն առաջիկա ամիսներին դեսպանատուն կբացի Երևանում

Կիպրոսի Հանրապետությունն առաջիկա ամիսներին դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում։ Այս մասին հայտարարեց Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ցանկանում եմ ընդգծել այս զարգացման կարևորությունը։ Այն, անշուշտ, նաև խորհրդանշական է, բայց և կհանդիսանա ամուր հարթակ, որը կհանգեցնի երկու երկրների համագործակցության օրակարգի առավել ամրապնդման ու խորացման»,- ասաց Կոմբոսը։

Նա շեշտեց, որ Կիպրոսը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացմանը և ԵՄ առաքելության ավելացմանը Հայաստանում։

«Կիպրոսը համակարգված և անխոնջ կաշխատի ԵՄ-Հայաստան ինստիտուցիոնալ երկխոսության ամրապնդման ուղղությամբ, ավելին՝ մենք վճռականորեն կաջակցենք տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն ԵՄ-ին՝ միաժամանակ խթանելով բարեփոխումների օրակարգը»,- ասաց Կիպրոսի արտգործնախարարը։