կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-04 12:57
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ-որ ֆսսոց եկավ հետեւից․ Գևորգ Պետրոսյանը՝ Լենա Նազարյանին

Պաշտոնյանի կողմից հանրային հնչեղության սուտ տեղեկատվություն մատուցելը քրեորեն պատժելի դարձնելու նպատակով ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հեղինակել է «Քրեական օրենսգրքում փոփոխությունների» մասին նախագիծը, որի՝ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցն էլ այսօր քննարկեց խորհրդարանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Գևորգ Պետրոսյանը բերեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի օրինակը, որը, նրա խոսքով, 43 օր խաբեց, ասաց՝ «հաղթում ենք», «հաղթելու ենք», հետո հանկարծ վերջին օրով պարզվեց, որ պարտվում ենք։ Նման ապատեղեկատվություն մատուցողները, նրա համոզմամբ, պետք է պատժվեն։

«Սահմանադրության համաձայն՝ քաղաքացին ունի ճիշտ կառավարվելու իրավունք, եւ դրա բաղադրիչն իշխանությունից ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքն է։ Այսօր բարձրաստիճան պաշտոնյաներն ամոթը գրպանած՝ հելնում են ու ժողովրդին սխալ տեղեկատվություն մատուցում, եւ քրեական օրենսգրքում համապատասխան պատժատեսակ նախատեսելը նպատակ ունի կանխել նման ստախոսների գործունեությունը»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Բանն այն է, որ Կառավարությունը եւ ԱԺ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն են տվել այս նախագծին։

Գեւորգ Պետրոսյանը մեջբերեց պատճառներից մեկը, որ եվրոպական 12 երկրներում նման նախագիծ չկա։

«Բա այն մյուս երկրների փորձն ինչո՞ւ չեք նայել։ Կամ, ՀՀ-ն անկախ պետություն է, ինչո՞ւ պետք է պարտավոր լինենք որեւէ երկրից փորձառություն վերցնել»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը։

Բացի այդ, նա ասաց, որ ՔՕ-ում մեկնաբանված չեն, ասենք, «անառակաբարո գործողություններ», «կյանք» հասկացությունները, բայց մենք ունենք կյանքի դեմ ուղղված հանցագործություններ։

«Սին պատճառ եք ասում, հնարավոր չէ ՔՕ-ն ծանրաբեռնել հասկացություններով։ Պարզ չի՞, թե ինչ է նշանակում պաշտոնյանի կողմից հանրային հնչեղության սուտ տեղեկատվություն մատուցելը։ Մեկ էլ ասում են՝ պարզ չի, թե իրավասու պաշտոնյան ով է․․․պարզ չի՞, որ ճաշարանի վարիչը նման տեղեկատվություն չի կարող հայտնել»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Ապա Գեւորգ Պետրոսյանը շրջվեց դեպի ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ու ասաց․ «Ինչ-որ ֆսսոց եկավ հետեւից․․․ դիմակի տակից քմծիծաղ տվողները մի քանի օրից թող փորձեն քմծիծաղ տալ»։

Մանրամասն՝ տեսանյութում․