Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սահմանադրության մեջ ոչ միայն «ժամանակավոր պաշտոնակատար» հասկացություն չկա, այլև, առհասարակ, դրան առնչվող ինչ-որ ձևակերպում չկա՝ ըստ Yerkir.am-ի ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը «Վարչապետի հրաժարականով պայմանավորված ժամանակավոր պաշտոնակատարության սահմանադրականությունը» թեմայով քննարկմանը։
«Ես գտնում եմ, որ պարտականությունների կատարողը դա ժամանակավոր պաշտոնակատարը չէ, դա հենց պարտականությունների կատարողն է։ Այսինքն, դու ոչ թե ունես այդ կարգավիճակը, այլ դու պարզապես պարտականություններ կատարող ես»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Նա նշեց Սահմանադրությամբ ամրագրված մի քանի հիմքեր, երբ կառավարությունը ցրվում է։
«Կառավարությունը ՀՀ նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանին»․ այսինքն, իրավունքի ուժով է այդ հրաժարականը տեղի ունենում։
«Կառավարությանը վստահություն չհայտնելու»․ այսինքն, կառավարությունն ուզում է, որ իրեն վստահեն, բայց իրեն անվստահություն են հայտնում, այսինքն, վստահություն այլևս չի վայելում։
«Կառավարության ծրագրին հավանություն չտալու»․ էլի՝ Կառավարությունը ներկայացնում է ծրագիրը, ԱԺ-ն դրան արձագանքում է հավանություն չտալով, այսինքն, իրենք ուզում էին, որ հավանություն տային, չտվեցին։
«Եվ հիմա արդեն գալիս ենք՝ «վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելը»․ ի տարբերություն բոլոր մյուս հիմքերի, որոնց դեպքում տրամաբանություն կարող է լինել, որ, օրինակ, նույն վարչապետն էլ լինի պարտականություններ կատարող, ապա վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելը կտրականապես տարբերվում է այդ հիմքերից մի պարզ պատճառով՝ մարդը կամք է հայտնել, մարդը հայտնել է, որ ուզում է հրաժարական տալ»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Նրա համար տարօրինակ էր, որ այժմ մենք Հայաստանում ունենք սահմանադրական նորմերի այնպիսի մեկնաբանություն, որ «հրաժարական տալը» «հրաժարական տալը» չէ, որ հրաժարական տալը ոչ մի հետևանք չունի։
«Օրինակ, հիմա ասում եմ՝ հրաժարական եմ տալիս, բայց պարտականություններս շարունակում եմ կատարել, ինչպես ինքն է նշում, ամբողջ ծավալով։ Բա հրաժարականը ի՞նչ է․ հրաժարականը կամքի արտահայտում է, ինքը դրանով կամք է հայտնում, որ հրաժարվում է պաշտոնից»,-ասաց փաստաբանը։
Կառավարության մյուս անդամներն, օրինակ, ի տարբերություն վարչապետի, նման կամք չեն արտահայտել՝ հրաժարական չեն տվել, պարզապես իրավունքի ուժով ձեռք են բերել պարտականություններ կատարողի կարգավիճակ։ Բայց վարչապետը միակ անձն է, որն ասել է՝ ես այլևս չեմ ուզում պարտականություն կատարել։
«Չի կարող նորմի մեկնաբանությունը լինել այս աստիճան խեղված։ Մանավանդ երբ խոսում ենք մի անձի մասին, որը ՀՀ ամենամեծ պատասխանատվություն կրող անձն է, ու ինքն ասում է՝ ես հրաժարական եմ տալիս, բայց միևնույն է, մնում եմ»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․