Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ ուժերի, իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»,- հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ որի՝ պատերազմի հետևանքները պարզ են եղել արդեն հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել։
Արցախի նախագահի այս հայտարարություններն առաջին տպավորությամբ գնահատվեցին՝ որպես պատերազմում պարտության մեղքից Նիկոլ Փաշինյանին ազատելու ու այն ընդդիմության, քաղաքական ուժերի վրա բարդելու անհաջող փորձ։ Խնդիրը ոչ միայն Արայիկ Հարությունյանի այս հայտարարության պարզունակությունն ու հակաքաղաքականությունն է այն իմաստով, որ պատերազմները հայտարարվում կամ դադարեցվում են ոչ թե քաղաքական ուժերի, այլ տվյալ պահի իշխանության կողմից, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանն ինքը մի քանի առիթներով հայտարարել է, որ հոկտեմբերին քաղաքական ուժերին հրավիրել է խորհրդակցության ոչ թե որոշումների կայացմանը մասնակից դարձնելու, այլ սոսկ տեղյակ պահելու նպատակով։
Արայիկ Հարությունյանը, իհարկե, ավելի շատ կոմերսանտ է, քան քաղաքական գործիչ, սակայն անգամ նրան այս նրբությունները հասու են։
Հետևաբար՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը թարմացնում այս ցավոտ թեման, որը, եթե նրա հայտարարություններից հանենք կոնսենսուսի մասին անպատեհությունը, հասցեագրված է Նիկոլ Փաշինյանին և արձանագրում է, որ հոկտեմբերի սկզբին հայտնի է եղել պատերազմի ելքը, և այն չի դադարեցվել։
Այս հարցի անուղղակի պատասխանը կարող է թաքնված լինել Արայիկ Հարությունյանի ներկայիս ոչ ֆորմալ սուբորդինացիոն կարգավիճակում և նրա վերջին արտերկրյա ուղևորության աշխարհագրությունում։
Չար լեզուները ներկայացնում են չհերքվող պնդումներ այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Արայիկ Հարությունյանն իրեն ավելի շատ հաշվետու է զգում Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Մուրադովի, քան անգամ իր երբեմնի պաշտամունքի առարկա Նիկոլ Փաշինյանի առաջ։
Բացի այդ, Արայիկ Հարությունյանը տակավին վերջերս մասնավոր այցով եղել է Մոսկվայում, դա չի հերքվել իր աշխատակազմի կողմից։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ նա Մոսկվայում ունեցել է ամենատարբեր հանդիպումներ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ահա այս իրողությունների ֆոնին, համադրելով Արայիկ Հարությունյանի ոչ ֆորմալ կոնսենսուսը Մուրադովի հետ և նրա վերջին այցը՝ գոյության իրավունք է ստանում հարցը, թե ինչո՞ւ հատկապես Մոսկվայից վերադառնալուց հետո Արայիկ Հարությունյանը խոսեց հոկտեմբերի սկզբին պատերազմի կանխորոշված ելքի ու այն չդադարեցնելու իրողության մասին։
Չէ՞ որ, եթե նրա հայտարարությունից հանում ենք քաղաքական ուժերին վերաբերող հատվածը, մնում է պատերազմը դադարեցնող միակ ֆորմալ սուբյեկտը՝ Նիկոլ Փաշինյանը։
Իսկ եթե այս բոլոր համընկնումները քննարկում ենք Ռուսաստանի նախագահի հրապարակած ու Հայաստանի իշխանության կողմից չհերքված այն հայտարարության համատեքստում, որ հոկտեմբերի 19-ին Պուտինի կողմից ներկայացվել է Շուշին հայկական կողմին թողնելու պայմանով պատերազմը դադարեցնելու առաջարկ, որը, սակայն, մերժվել է Փաշինյանի կողմից, պատկերն ավելի որոշակի է դառնում։ Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանի միջոցով ռուսական կողմը Հայաստանում կայանալիք ընտրություններից առաջ բարձրացնում է պատերազմի՝ արդեն հոկտեմբերին հայտնի ելքի ու այն չդադարեցնելու հարցը, որի պատասխանատուն, անգամ Արցախի նախագահի լիրիկական զեղումների պարագայում, Նիկոլ Փաշինյանն է։
Ի՞նչ են ակնարկում Արայիկ Հարությունյանի միջոցով Պուտինը կամ Մուրադովը։
Պատասխանը կարող է հայտնի դառնալ ընտրությունների արդյունքում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։