կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-30 13:46
Քաղաքական

Հրազդանում պայքարելու ենք Երևանից հյուրախաղերի եկող քաղաքական գործիչների դեմ. Աշոտյանի ակնարկը՝ Փաշինյանին

Հրազդանում պայքարելու ենք Երևանից հյուրախաղերի եկող քաղաքական գործիչների դեմ. Աշոտյանի ակնարկը՝ Փաշինյանին

Որոշ քաղաքական շրջանակներ փորձում են Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ՏԻՄ` լոկալ ընտրություններից վերածել քաղաքականի. այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մեր թիմը տեղում ակտիվ պայքարում է Երևանից հյուրախաղերի ժամանող քաղաքական գործիչների դեմ: Կարծում եմ` Հրազդանն այն տեղը չի լինելու, որտեղ տարբեր` ոչ հրազդանցի քաղաքական գործիչներ կփորձեն կայացնել սեփական քաղաքական միավորումները: Բոլոր դեպքերում, եթե կարիքը լինի օգնելու մեր թիմին, մենք կօգնենք: Հուսով եմ, որ հրազդանցին ինքնուրույն կկայացնի իր որոշումը` անկախ նրանից, թե որ թեկնածուի օգտին է քվեարկելու»,- ասաց նա` հավելելով, որ Հրազդանն այն քաղաքն է, որտեղ քաղաքացիները շատ լավ իրար գիտեն և շատ լավ գիտեն բոլոր թեկնածուներին:

«Մենք լրացուցիչ քաղաքական PR-ի անհրաժեշտություն չենք տեսնում, բայց մեր թիմին մենակ չենք թողնի: Հրազդանում կան որոշակի խնդիրներ և դրանք հնարավոր է լուծել նախընտրական ծրագրի շրջանակներում»,- եզրափակեց Աշոտյանը:

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները կայանալու են ապրիլի 17-ին: Քաղաքապետ դառնալու համար պայքարում է երեք թեկնածու` գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր»-ի անդամ Սասուն Միքայելյանը և ՕԵԿ-ական Արթուր Միսակյանը: Ի դեպ, Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավարը ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանն է: