Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«168 ժամ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիրը պետք է ապահովի բոլոր տեղահանվածների, փախստականների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը»,- նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ադրբեջանցի եւ հայ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք եւ նրանց համատեղ բնակությունը, ինչպես դա եղել է հակամարտությունից առաջ:
Ըստ Զախարովայի՝ դրա մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները: Զախարովան պատասխանել է նաեւ այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ադրբեջանցի տեղահանվածների մասնակցությունը՝ ղարաբաղաբնակ հայերի հետ միասին:
Դիվանագետը նշել է, որ բանակցային ձեւաչափի հարցը պետք է ուղղված լինի առաջին հերթին՝ այն կողմերին, որոնք պետք է համաձայնեցնեն մասնակիցների կազմը: «Այժմ բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության մակարդակով, եւ եթե երկու պետությունների միջեւ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն, մենք մեր կողմից կաջակցենք այդ համաձայնագրերին», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:
Զախարովայի հայտարարություններն ինքնին նորություն չեն պարունակում, նմանատիպ մտքեր հնչել են նաեւ նախկինում: Սակայն վերջին շրջանում ակտիվացել են հատկապես ադրբեջանցի տեղահանվածների վերադարձի մասին խոսակցությունները, որոնք համատեղվում են բանակցային գործընթացին, այսպես կոչված, Ադրբեջանի ղարաբաղյան համայնքի մասնակցության մասին շեշտադրումներով:
Կա տպավորություն, որ, եթե համանախագահող երկրները որեւէ պարագայում համաձայնեն բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, ապա դա տեղի կունենա միայն «հավասարության» սկզբունքով, եթե դրան մասնակցեն նաեւ Ադրբեջանի, այսպես կոչված, ղարաբաղյան համայնքի ներկայացուցիչները: Դա, բնականաբար, ամբողջությամբ կխեղի բանակցային գործընթացը եւ որեւէ դրական հեռանկար չի կարող խոստանալ հայկական կողմերի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։