կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-28 17:40
Քաղաքական

Վրաստանում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ ոչ ոք չի պատրաստվում գողանալ Ռիոնի գետի ջուրը Թուրքիայի համար

Վրաստանում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ ոչ ոք չի պատրաստվում գողանալ Ռիոնի գետի ջուրը Թուրքիայի համար

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանն արձագանքել է Նամախվանիի ՀԷԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին: Թուրք դիվանագետը նշում է, որ ողջունում է բոլոր որոշումները և հայտարարությունները, որոնք նպաստում են գործընթացի թափանցիկությանը:

«Այս նախագիծն իրականացվում է Վրաստանի և վրացիների համար, այն չի կառուցվելու վրացիների դեմ: Ես ողջունում եմ, որ կառավարությունն աշխատում է վստահությունը վերականգնելու ուղղությամբ և երկխոսության մեջ է այն մարդկանց հետ, որոնք դեմ են ՀԷԿ-երի կառուցմանը և հատկապես՝ այս նախագծին: Պետք է երկխոսություն տեղի ունենա կառավարության, թուրք-նորվեգական Enka ընկերության և նախագծի հակառակորդների միջև: Կարծում եմ՝ մի փոքր ուշ է, բայց գործընթացը սկսվել է, ինչը լավ է: Ուրախ եմ նաև, որ ապատեղեկատվությունն ու քարոզչությունը, որոնք ուղղված էին իմ երկրի՝ Թուրքիայի դեմ, աստիճանաբար մարում է:

Հաղորդակցությունը պետք է լիներ ոչ միայն իշխանությունների և ընկերության կողմից, այլ պետք է լինեին նաև հասարակական կազմակերպություններ, որոնք այսօր այս նախագծի վերաբերյալ հարցեր ունեն։ Այն տարիների ընթացքում, երբ նախագիծը մշակվում էր, նրանք ակտիվություն չէին ցուցաբերում: Այս ամենը նկատի ունենալով, այո, շփման մեջ որոշ ընդհատումներ են եղել, և ես այստեղ չեմ, որպեսզի մատնանշեմ հատկապես ինչ-որ մեկին՝ անձի կամ իշխանությանը: Ես հասկանում եմ, որ ընտրություններից հետո երկրում այլ մտահոգություններ կային, բայց կարծում եմ, որ, ցավոք, թարգմանության ընթացքում տեղեկատվության մի մասը կորել է»,- ասել է թուրք դեսպանը՝ արդարացնելով Թուրքիայի՝ Վրաստանի բնությանը վնաս հասցնելու քայլերը։

Նրա խոսքով՝ Նամախվանիի ՀԷԿ-ի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները թուրք ներդրողների շրջանում հարցեր են առաջացրել, թե արժե՞ ներդրումներ կատարել Վրաստանում:

«Ներդրողներն ինձ արդեն հարցեր են տալիս, և ես հավաստիացնում եմ նրանց, որ ապատեղեկատվությունն ու քարոզչությունը հիմնականում Վրաստանից չեն, և որ թուրք գործարարների համար բարենպաստ միջավայր է ստեղծվում: Ճիշտն ասած, ուզում եմ բոլորին հիշեցնել, որ նույնիսկ 2008-ի պատերազմի ժամանակ թուրք գործարարները չեն լքել Վրաստանը և շարունակել են երկիր գալ նոր նախագծերով: Նրանք անընդհատ գալիս են, բայց դա անընդհատ ջանք է պահանջում: Ես դեռ տեսնում եմ ֆեյսբուքյան նոր էջեր, որոնք խելահեղ գաղափարներ են տարածում և շահարկումներ անում: Այդ պատճառով ուզում եմ ասել, որ ոչ ոք չի պատրաստվում գողանալ Ռիոնիի ջուրը Թուրքիայի համար․ Վրաստանի այս բնական հարստությունը պատկանում է Վրաստանին: Թուրքական ընկերությունները ներդրումներ են կատարում Բալկաններում, Կենտրոնական Ասիայի երկրներում, և նրանք կպահպանեն իրենց հետաքրքրությունը»,-ասել է թուրք դիվանագետը:

Նշենք, որ ապրիլի 10-ին PolitNavigator–ը հոդված էր հրապարակել, որում բացահայտում էր վրացական իշխանությունների և թուրքական բիզնես-շրջանակների ապօրինի գործողությունները Վրաստանի տարածքում ՀԷԿ կառուցելիս։