կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-23 10:59
Մշակույթ

Ապրիլի 27-ին կանցկացվի համաժողով և բացօթյա համերգային ծրագիր՝ նվիրված հուշարձանների պահպանմանը

Ապրիլի 27-ին կանցկացվի համաժողով և բացօթյա համերգային ծրագիր՝ նվիրված հուշարձանների պահպանմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին՝ ժամը 19:00-ին, սբ. Աննա եկեղեցու բակում կանցկացնի բացօթյա համերգային երեկո, որի ժամանակ հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «ԱգապԷ» կամերային երգչախումբը (իգական կազմ) և Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը:

     Համերգային ծրագրի ընթացքում կհանրայնացվի պատմամշակութային հուշարձանների պատկերներով  3 նամականիշ, որոնք թողարկվել են «Հայփոստի» հետ համագործակցությամբ:  Միջոցառման նպատակն է  նախագծի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացումը. յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր մասնակցությունն ունենալ հուշարձանների պահպանությանը:

    ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը  կազմակերպում է նաև «Բարդ անցյալներ, բազում ապագաներ. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողով՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Համաժողովը տեղի է ունենալու 2021 թվականի ապրիլի 27-ին Մատենադարանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում:  Համաժողովին մասնակցելու են ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մասնագիտական հանրության, դիվանագիտական օղակների ներկայացուցիչներ:

   Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում բարձրացնել հասարակության իրազեկվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ: