կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-01 12:00
Առանց Կատեգորիա

Եվրախորհրդարանում «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողով կանցկացվի. ներկա կլինի Արցախի ՄԻՊ-ը

Եվրախորհրդարանում «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողով կանցկացվի. ներկա կլինի Արցախի ՄԻՊ-ը

Մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում  կանցկացվի «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովը, որն անցկացվում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի  գրասենյակի և «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ համաժողովի գլխավոր զեկուցողներն են թուրք պատմաբան, ակտիվիստ, Հայոց ցեղասպանության իրողության պաշտպան Ռագըփ Զարաքոլուն, որը թուրքական իշխանությունների կողմից բազմիցս հալածվել է այդ պատճառով, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը Արցախ այցելելու պատճառով ձերբակալվել էր ադբեջանական իշխանությունների կողմից, և լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին:

«Գիտաժողովում կներկայացվեն հայատյացության պատմական և արդի դրսևորումները, կքննարկվեն այս երևույթի դեմ պայքարի տարբեր ձևերն ու միջոցները։ Վաղ թե ուշ Ղարաբաղյան հիմնախնդրին և Թուրքիայի հետ փոխհարաբերությունների կարգավորմանը քաղաքական լուծում կառաջարկվի, և տարածաշրջանի բոլոր հասարակությունները  իրար հետ պետք է ապրեն խաղաղ պայմաններում: Այսօր Ադրբեջանի ժողովրդը պատրաստ չէ դրան, քանի որ հայերի նկատմամբ ատելությունը փոքր տարիքից է սերմանվում։

 

Մեր նպատակներից մեկն է նաև  միջազգային կազմակերպությունների մասնակցությունը այս երևույթի դեմ պայքարին և ապագայում այն կասեցնելու համար»,- նշեց Շիրինյանը:

Շիրինյանը հայտնեց, որ համաժողովի հիմնական զեկուցողներից են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Նրանք կներկայացնեն ամբողջությամբ փաստերի վրա հիմնված տեղեկություններ: Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու 2018 թվականի սեպտեմբերին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված` հայատյացության վերաբերյալ զեկույցի բովանդակությանը: Դրանից բացի` ներկայացվելու են ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված հայատյացության դրսևորումները»,- հավելեց նա:

Խոսելով այն մասին, թե որոնք են համաժողով հրավիրելու գլխավոր թիրախը և նպատակը, Հարութ Շիրինյանը պարզաբանեց. «Ամեն անգամ, երբ Եվրոպական Միության ամենաժողովրդավարական հարթակ Եվրախորհրդարանում հայկական միջոցառում է տեղի ունենում, բնականաբար, մենք խոսք ենք ուղղում միջազգային հանրությանը, միջազգային հաստատություններին, հեղինակավոր եվրոպական քաղաքական գործիչներին, Եվրախորհրդարանի պատգամավորներին, հասարակական կազմակերպություններին և եվրոպական լրատվամիջոցներին։ Մեզ համար անչափ կարևորություն ունի հայատյացության թեմայի բարձրաձայնումը այսպիսի հարթակներում, որովհետև մենք համոզված ենք, որ մեր ժողովրդի այսօրվա համահայկական խնդիրների առաջնային պատճառը թուրք և ադրբեջանական հայատյաց դիրքորոշումն է: Փաստորեն, այդ քաղաքականությունը պատմական անցյալում չի մնացել, ներկայում էլ մենք պարբերաբար առերեսվում ենք այդ խնդրին: Ահա այս համաժողովը շատ լավ առիթ է, որ եվրոպական կարևոր այս կառույցում բարձրաձայնվեն հայատյացության վերաբերյալ հարցերը և քննարկվեն դրանց դեմ պայքարի ուղիները»,- ընդգծեց նա:

Համաժողովը հյուրընկալում է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարիուսը: Միջոցառմանը մասնակցելու են Եվրախորհրդարանի պատգամավորներ, հասարակական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Հարութ Շիրինյանը վստահ է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հայատյաց քաղաքականության մասին պետք է տեղեկացված լինի միջազգային հանրության ավելի լայն շրջանակ: