Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այդքան ուժայինների հետ միասին Սյունիքի մարզ մտնելով` կարող էր նաեւ մեր կորցրած տարածքները հետ բերել. Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կապանի «Ազատամարտ» բարեգործական հկ-ի նախագահ, Կապանի ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի անդամ Խորեն Հարությունյանը։
«Գիշերը թաքուն եկավ, որ ոչ-ոք չիմանա, ուշ իմացանք։ Այսօր ականատես եղաք, թե Մեղրում, Քաջարանում եւ Կապանում ինչպես դիմավորեցին նրան. բոլորը դեմ էին։ Զոհված զինծառայողների հարազատները, նրան մերժող այլ քաղաքացիներ միացել էին Եղբայրական գերեզմանոցի ճանապարհը փակած ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի անդամներին։ Մենք ամեն ինչ արել ենք, որ թույլ չտանք բարձրանա գերեզմանոց, մեր նպատակն էր նաև, որ նա չբարձրանա եւ չպղծի մեր հերոսների հիշատակը»,-ասաց Հարությունյանը։
Զրուցակիցն այս օրերին Փաշինյանի այցը Սյունիք պատահական չի համարում, վստահ է՝ ճանապարհ է տալու Ադրբեջանին. «Սյունիքի մարզով Ադրբեջանին ճանապարհ է տալու։ Փաստաթուղթը ստորագրելու է, ձգձգում է որովհետեւ իշխանությունը պահելու խնդիր ունի։ Գիտակից մարդիկ շատ լավ հասկանում են, որ տարբերություն չկա, թե այդ ճանապարհը որտեղով է անցնելու՝ Մեղրիով, թե Սիսիանով։ Եթե Սիսիանի վերեւով ճամփա տա, ամբողջ Սյունիքը ընկնում է օղակի մեջ, ընդ որում՝ ճանապարհ ասելով միայն երկաթգիծ չէ, որ նկատի ունենք։ Բայց զուգահեռ իրականությունում կան մարդիկ, որոնց համար մեկ է։ Տաքսի քշելով, միրգ վաճառելով փող աշխատող մարդիկ չեն գիտակցում դրա հետեւանքները՝ 20 տարի հետո»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Փաշինյանի ոչ մի խոսքին չի հավատում։
Փաշինյանը Սյունիքում կայացած խորհրդակցության ժամանակ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանից եւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանից ակնկալեց, որ կտրուկ եւ հատուկ գործողություններով ճանապարհ փակած ու իր հրաժարականը պահանջող սյունեցիները կկանչվեն պատասխանատվության։ Քննչական կոմիտեի ներկայացուցչից էլ հետաքրքրվեց, թե ի՞նչ գործողություններ են արել։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանի հոգին փառավորվեց, երբ տեղեկացավ, որ արդեն իսկ քրեական գործեր են հարուցվել։ Անդրադառնալով քրեական գործեր հարուցելուն եւ սյունեցիներին այս ձեւով լռեցնելուն՝ Հարությունյանն ասաց՝ իմաստ չկա, նրանց Սյունիքում և ողջ հայրենիքում մերժում են բոլոր գիտակից մարդիկ, բոլորին պիտի ձերբակալի՞։
«Լավ թող բռնի, բայց մինչեւ ու՞ր պիտի հասնի։ Փաշինյանը քաղաքացիական պատերազմ հրահրելու համար ամեն ինչ անում է։ Նա մեկ նպատակ ունի՝ կազմակերպել քաղաքացիական պատերազմ, որտեղ պետք է լինեն զոհեր, ինքը Հայաստանից մեկ այլ պետություն կփախչի՝ քաղաքական ապաստարան գտնելու։ Հիշեք մարտի 1-ը։ Ամեն ինչ անում էր իր աջակիցներին Բաղրամյան պողոտա տանելու համար, որտեղ տեղի էր ունենում իր հրաժարականը պահանջող քաղաքացիների հանրահավաքը։ Այս ամենը արվում էր միտումնավոր՝ քաղաքացիական պատերազմ հրահրելու համար»-եզրափակեց ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի անդամը։
Լիանա Սարգսյան