կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-22 15:18
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Զոհված հերոսների շիրիմները դարձրել է նախընտրական ֆոն․ Եսայանը՝ Փաշինյանի՝ մարզեր այցելությունների մասին

Նախընտրական արշավը սկսել է գերեզմանոցներում՝ իր մեղքով զոհված տղաների շիրիմները դարձնելով նախընտրական ֆոն․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝  ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններին։

Եսայանի խոսքով՝ ժողովրդավար լոզունգներով իշխանության եկած բռնապետը փորձում է Հայաստանը վերածել «ժողովրդավարության» խրտվիլակի․ «Ուղղակի ակնհայտ է, որ այդ անձնավորությունն այլեւս համատարած  մերժված է։ Նա չի կարողանում երկրում տեղաշարժվել։ Խայտառակություն է, որ զոհված հերոսների ծնողները ստպված են գերեզմանոցներում հերթապահել, որպեսզի հողատուն չպղծի շիրիմները»։

Եսայանի կարծիքով՝ իշխանությունը հստակ գիտի զոհվածների թիվը, թաքցնում է՝ իշխանական շահերից ելնելով։  «Վեց ամիս է անցել, նրանք հստակ գիտեն զոհվածների թվերը։ Իրենց դեմ հակադրությունը ինչ-որ ձեւ կոտրելու համար փորձում են օգտագործել բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ անհետ կորածներին, գերիներին։ Նրանց հարազատներին, ծնողներին օգտագործում են ընդդիմության պայքարի մեջքը կոտրելու համար։ Այս ամենը նրանք մտածված են անում։ Ավելի լավ է՝ մարդն անհետ կորած լինի, քան դիակը հանձնեն հարազատներին։ Գիտեն, որ վիշտը հաղթահարելուց հետո ծնողները կմիանան  իրենց դեմ պայքարին։ Ինչքան ուշ՝ այդքան լավ։ Փորձում են կախվածության մեջ պահել, մանիպուլացնել»,- ասաց նա։

Անդրադառնալով բանակի դեմ իրականացվող արշավին՝ Եսայանը շեշտեց, որ բանակի վարկաբեկումը սկսվել է թավշյա խեղկատակությունից անմիջապես հետո։ «Երբ սկսվեց վարկաբեկման պրոցեսը, բանակի չորս գեներալ-գնդապետների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին։  Բանակի եւ ԳՇ-ի դեմ գործողությունները շարունակվում են։ Դավաճանական մեծ ծրագրի բաղկացուցիչ մասն է կազմում նաեւ հենց բանակի վարկաբեկման խնդիրը։ Երբ տրամաբանորեն միացնում ես շղթայի օղակներն իրար, հստակ ամեն բան պարզ է դառնում։ Այլեւս անորոշ չի լինում որեւէ մեկի համար, թե ինչպե՞ս եղավ պատերազմը, ինչպե՞ս եղավ նահանջը, ջախջախումը, կապիտուլացիան, լրացուցիչ հողերի հանձնումը, եւ այլն»,- նշեց նա։

Ըստ Եսայանի՝ կարճ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանա ավարտին հասցնել դավաճանական ծրագիրը, եւ նա ամեն ինչ անելու է դրա համար՝ անցնելու է մարդկանց կյանքերի եւ ճակատագրերի վրայով, ինչպես անցավ նախորդ վեց ամսվա ընթացքում։

Եսայանը ուսադիր կրող բարձրաստիճան սպաներին կոչ արեց՝ անձնական, ապօրինի հրամանները կատարելիս իմանան, որ հանցագործություն են անում․ «ԱԱԾ պետն էլ, ՀՀ ոստիկանապետն էլ, նրանց նախորդներն էլ պատժվելու։ Այս իրավիճակում ընտրությունը լավագույն ելքը չէ, բայց ելքերից մեկն է։ Դաշնակցությունը հայտարարել է, որ մեր որոշումը մնում է ուժի մեջ՝ ընտրությունով կամ առանց ընտրության, մեր նախորդ բոլոր հայտարարությունները ուժի մեջ են՝ հողատուն պետք է հեռանա իշխանությունից»։

Խոսելով Փաշինյանին սատարող որոշ շրջանակների մասին՝ Եսայանն այսպես մեկնաբանեց․  «Հասարակության մեջ կա անուղեղ զանգված, եւ ես դա ամեն անգամ ասելու եմ։ Որեւէ մեկ թող ինձ չասի, թե՝ ինչո՞ւ ես վիրավորում ժողովրդին, դա ժողովուրդ չի, ժողովրդի տականքն է, որը ամեն ազգի մեջ կա, բայց մեր ազգի մեջ այդպիսի անձնավորությունը դարձել է ղեկավար եւ երեւակայել է, որ ինքը ոչ միայն գոյության իրավունք ունի, այլև ինքն է որոշելու այս երկրի ճակատագիրը։ Այս մարդիկ անգամ ստամոքսով էլ չեն մտածում, որովհետեւ, եթե ստամոքսով մտածեն, կհասկանան, որ մթերքն այնքան է թանկացել, որ իր ստամոքսն էլ բան չի մտնում։ Ուղղակի էդ կենդանական ատելությունը նախկինների նկատմամբ ծիծաղ է արդեն հարուցում»։

Նախկիններին հանիրավի թալանի մեջ մեղադրող քաղաքացիներին է դիմում․ «Բարեկա՛մս, երբ ասում ես՝ նախկին, Գագիկ Ջհանգիրյանը նախկին չի՞, նախկինից էլ նախկին ա։ Գագիկ Ջհանգիրյանը էս երկրում կեղծարարության, ընտրակեղծիքների հիմքը դրած, բռնությունների, բռնաճնշումների հիմքը դրած անձ է»։

Եսայանի խոսքով՝  Փաշինյանի պաշտոնավարման երեք տարիները ցույց տվեցին, որ այս իշխանությունները առանց որեւէ հիմքի մարդկանց մեղադրում են 4 միլիարդ յուրացնելու մեջ, այն դեպքում, երբ ընդամենը երկու տարվա ընթացքում ավելի քան 200 միլիոն դոլարի ինքն իրեն եւ իր թիմին պարգեւավճար է տվել։ «Ես չեմ խոսում դեռ ուղղակի գնումների մասին, որն ահռելի թիվ է կազմում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամից ուղղակի գողացված 110 միլիոն դոլարը, որոնք իմ ընկերները իրենց քարտերից հանել են եւ ուղարկել են հիմնադրամ»,- հավելեց նա։

ՀՅԴ ներկայացուցիչը շեշտում է՝  Փաշինյանին մերժում են խայտառակ ձեւով, նախորդ որեւէ ղեկավարի, աշխարհում որեւէ ղեկավարի նման ձեւով չեն մերժել։ «Նա հիմա երկու ելք ունի՝ կա՛մ ընտրություն՝ գնալ իր ասած ճանապարհով, կա՛մ հայտարարել, որ ընտրություն չի կայանալու։ Երկուսն էլ նրա համար ամենախայտառակ եւ ձախողված ելքերն են լինելու։ Ընտրություններից հետո ինչքան էլ ձայն հավաքի եւ փորձի բանտում հայկական Նավալնի հանդես գալ, միեւնույն է,բոլորը գիտեն, որ նա հողատու դավաճան է եւ դատվելու է դավաճանության հոդվածով»,- ընդգծեց Բագրատ Եսայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։