կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-16 18:11
Հասարակություն

«Հայաստան» հիմնադրամը ներկայացրել է պրոթեզավորում ստացած հայրենիքի պաշտպան Արամ Արզումանյանի պատմությունը

«Հայաստան» հիմնադրամը ներկայացրել է պրոթեզավորում ստացած հայրենիքի պաշտպան Արամ Արզումանյանի պատմությունը

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում գործող պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիայում, որը հիմնվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ԵՊԲՀ, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի ջանքերով, շարունակվում է ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող զինվորների պրոթեզավորման գործընթացը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Վերջին պատերազմի հետևանքով վերջույթներ կորցրած տղաների համար պրոթեզները պատրաստվում են հոլանդացի պրոթեզաբան Խայս Ֆան Խենթի կողմից: Դրանք անցնում են երկարատև պատրաստման փուլերով, որ ապահովեն այն կրողների հնարավորինս հարմարավետ քայլքը:

Հոլանդացի մասնագետը նաև իր հմտություններն է փոխանցում կենտրոնի երկու ֆիզիոթերապիստներին, որոնք մոտ ապագայում կկիրառեն պրոթեզաբանից ստացած գիտելիքներն ու կօգնեն լիարժեք կյանք վերադառնալ հայրենիքի պաշտպաններին: Ծնկից ներքև ամպուտացիաներով 12 զինծառայող արդեն պրոթեզավորվել ու շարունակում է վերականգնողական բուժումը Զինվորի տանը: Խայս Ֆան Խենթը զննում ու խորհուրդներ է տալիս արդեն պրոթեզավորման բարդ փուլով անցած բոլոր շահառուներին:

Տասնիննամյա Արամ Արզումանյանն ութ վիրահատություն է տարել, որից հետո անցել երկու ոտքերի պրոթեզավորման գործընթացը: «Պրոթեզներով քայլելու գործընթացն ավելի դժվար էի պատկերացնում, բայց բավականին հեշտ ստացվեց: Առաջին պրոթեզը հարմար չէր, այլ պրոթեզ տրամադրեցին: Հիմա փորձում ենք հասկանալ՝ որն է ինձ հարմար, որ դրանցով քայլեմ: Այստեղ վերաբերվում են որպես ընտանիքի անդամի»,-ասաց նա: