կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-31 12:51
Քաղաքական

ԲՀԿ-ն այլեւս չունի կենտրոնական պաշտպան, աջ պաշտպան, հարձակվող...

ԲՀԿ-ն այլեւս չունի կենտրոնական պաշտպան, աջ պաշտպան, հարձակվող...

ԱԺ ԲՀԿ խմբակցության պագամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե այժմ ի՞նչ դեր է զբաղեցնում ԲՀԿ-ում Աբրահամ Մանուկյանը, քանի որ մինչև ԲՀԿ-ի փետրվարյան իրադարձությունները, նա կենտրոնական դերում էր, ասաց. «Մենք կուսակցությունում չունենք կենտրոնական պաշտպան, աջ պաշտպան, հարձակվող կամ ձախ կիսապաշտպան: ԲՀԿ-ն կուռ թիմ է և ունի իր օրակարգը: Իհարկե, որոշ ԲՀԿ-ականներ կարող են ցուցաբերել պակաս կամ ավելի ակտիվություն՝ կապված ֆունկցիոնալ նպատակահարմարության հետ: Աբրահամ Մանուկյանի հետ որևէ խնդիր չկա, մենք մնում ենք աշխատանքային գործընկերներ, որևէ անձնական պրոբլեմ որևէ մեկի հետ չունենք: Իհարկե, աշխատելու պահին կարող են լինել տարբեր մոտեցումներ, այլ կերպ չի էլ կարող լինել, չէ՞ որ դա կուսակցություն է և աշխատանքային պրոցես: Բոլորն էլ վաստակ ունեցող մարդիկ են, օրինակ՝ այն երեք անձինք, որոնք դուրս են եկել ԲՀԿ խմբակցությունից: Մենք նրանց հետ պահպանում ենք գործընկերային լավ հարաբերություններ: Ես ինքս հավատարիմ եմ մնալու ԲՀԿ ծրագրին և մոտեցումներին: ԲՀԿ-ն առնվազն պետք է լուծարվի, որ ես դուրս գամ ԲՀԿ-ից»:

 

Հարցին, թե վերջերս տեսե՞լ է Գագիկ Ծառուկյանին, և ի՞նչ հարաբերություններ են նրա հետ, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Եկեք անձնական բաները չբացահայտեմ: Մենք նրան հարգում ենք, նրա որոշումներն էլ ենք հարգում, նորմալ ա, ոչ մի խնդիր չկա, ո՞նց կարող է չհարգենք մի մարդու, ով ԲՀԿ կայացման հարցում առանցքային դեր է ունեցել»:

 

Լրագրողները հարցրեցին նաև, թե ի՞նչ հարաբերություններ ունի ԲՀԿ-ն եռյակի անդամների հետ: Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն ունի նորմալ հարաբերություններ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ, հատկապես՝ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ու «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հետ:

 

«Եռյակի անդամ կուսակցությունների հետ որևէ պայմանագիր չունեինք՝ նոտարական վավերացված: Սկզբում մենք համագործակցեցինք խորհրդարանական ձևաչափում, և ոչ ոք չի խանգարի, որ էլի համագործակցենք, եթե լինի ընդհանուր մղում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ առաջիկայում ԱԺ-ում պետք է ներկայացվի ԱԺ գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների ամփոփումը, և կարող են կրկին հանդես գալ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ համատեղ մոտեցմամբ:

 

ԵՏՄ միասնական արժույթի վերաբերյալ պատգամավորը նշեց, որ կա մտահոգություն: «Դեմ եմ որ դա լինի, որովհետև հիմնավորված չէ, թե դա մեր տնտեսական անկախության վրա ինչ գին կարող է ունենալ»,- ասաց նա: