կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-01 14:57
Հասարակություն

Վանեցյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն», նա չի բացառել բուժում ստացած զինվորների աշխատանքը ԱԱԾ–ում

Վանեցյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն», նա  չի բացառել բուժում ստացած զինվորների աշխատանքը ԱԱԾ–ում

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»: Նա ծանոթացել է այստեղ ստեղծված պայմաններին և ողջունելի համարել, որ ՀՀ–ում «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» նման հաստատություն կա, և ամենակարեւորը կան նվիրյալներ, որոնք օր ու գիշեր կատարում են այդ աշխատանքը։ 

«Տեղեկացված էինք, որ նման կենտրոն կա, տեղեկացված էինք, որ բուժվում են մեր զինվորները, վիրավորված զինվորականները, բայց տեսնել այս ամենը քո աչքերով և հասկանալ, թե ինչ է իրականում այստեղ արվում, իրոք, շատ տպավորիչ էր, և ողջունելի է, որ ՀՀ–ում նմանօրինակ հաստատություն կա, ամենակարևորը կան մարդիկ, նվիրյալներ, որոնք օր ու գիշեր կատարում են այս աշխատանքը»,–նշել է նա։

Հարցին՝ հնարավո՞ր է ԱԱԾ–ի կողմից հետ բերված միջոցներն ուղղվեն այս հաստատությանը, Արթուր Վանեցյանը պատասխանել է, որ հետ բերված ամբողջ գումարը  փոխանցվում է ՀՀ բյուջե և համապատասխան գերատեսչությունները որոշում կկայացնեն ու կտրամադրեն այս կամ այն հաստատությանը, եթե կարիքը լինի,  նաև կուղղվի այս հաստատության վերազինմանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ  կենտրոնում բուժում ստացած զինվորականներն աշխատանքի անցնեն ԱԱԾ–ում կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, ԱԱԾ պետը պատասխանել է. «Նոր շրջում էինք պարոն Մուրադյանի հետ, խոսեցինք այդ հարցի շուրջ։ Մենք մեծ սիրով ԱԱԾ–ում և ՀՖՖ–ում  աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին: Ինձ ասացին, որ  հնարավոր է մենք մեր պահանջները ներկայացնենք, թե ինչ հմտություններ են պետք ԱԱԾ–ում կամ ՀՖՖ–ում աշխատելու համար, կնախապատրաստվեն, ուսումնական պրոցեսը կանցնեն եւ կգան աշխատանքի: Կարծում եմ՝ այդ համագործակցությունը կստացվի, և  այն զինվորները,  սպաները, որոնք վիրավորվել են ծառայության ընթացքում, ամեն դեպքում ոգով սպաներ ու զինվորներ են։ Եվ եթե որոշակի  առողջական խնդիրներից ելնելով` պաշտպանության նախարարությունում չեն կարող շարունակել աշխատանքը, ապա ԱԱԾ–ում աշխատանքը նրանց համար ևս շատ հետաքրքիր և  ոգևորող կլինի»:

Արթուր Վանեցյանը խոստացել է, որ գործընթացը կպահի վերահսկողության տակ՝ ներգրավվելու այս տղաներին ԱԱԾ-ի և Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներում: