կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-09 11:32
Քաղաքական

«1000 դրամներ» անվանումը ստացած հիմնադրամը ընդլայնվում է. վարչապետ

«1000 դրամներ» անվանումը ստացած հիմնադրամը ընդլայնվում է. վարչապետ

Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու մասին հարցը: Որոշումը հաստատվեց: Վարչապետը կարծիք հայտնեց, որ արժե հանրությանը տեղեկացնել այն քննարկումների մասին, որը թեև վերոնշյալ հարցի հետ կապ չունի, սակայն կարևոր են: Խոսքը Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց հարազատներին հատուցելու մասին օրենքի նախագծի մասին է: «Դա հանրության շրջանում հայտնի է, որպես «1000 դրամ»-ների մասին օրենք: Ընթացիկ կարգով նախատեսված էր, որ շահառուներ են համարվում 2017թ հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձինք և նրանց հարազատները:

Քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ կա հնարավորություն, որ այդ ամսաթիվը 2 տարով ետ տանենք, ըստ այդմ օրենսդրական կարգավորումը կտարածվի 2015-2016թթ համար:

Դավիթ Տոնոյանը հավելեց, որ այսօր կկայանա նշված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որում ընդգրկված է 2015-2016թթ-ի դեպքերով զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց շահառուներ ճանաչելու մասին հարցը: 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ, մասնավորապես` 156 ընտանիք և 27 զինհաշմանդամ: Վարչապետ Փաշինյանի խոսքով`, երբ ընդունվում էր «1000 դրամ»-ների օրենքը, մարդկանց մեջ տարակուսանք էր առաջացրել, այն, որ 2016թ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածներն ու զինհաշմանդամ դարձածները չէին կարող դառնալ այս նախագծի շահառու: Հետևաբար, այս որոշմամբ այդ հարցն էլ է լուծվում:

Ապա վարչապետը դիմեց ՊԵԿ նախագահին, ասելով, որ իրեն տեղեկացրել են այն մասին, որ հայտնի ընկերություններ կան, որ 1000 դրամների վճարումները չեն կատարում կամ պարտքեր ունեն:

«Պետք է կոչ անենք, որ բոլոր ընկերությունները կատարեն այդ վճարումները, որովհետև կարծում ենք, որ այս հիմնադրամը դեռ պետք է ընդլայնվի, որպեսզի շահառու դարձնենք ավելի վաղ շրջանում զոհված կամ զինհաշմանդամություն ունեցած զինծառայողներին» ,-ասաց Փաշինյանը: