Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թուրքերի հետ բարեկամություն սկսած ու Արցախը նրանց «նվիրաբերած» Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ակնհայտ խնդիր ունեն Ադրբեջանին ու Թուրքիային մեզ թշնամի համարելու հարցում: Նրանք, իհարկե, դեռևս չեն կարողանում «դուխով» բարեկամ անվանել թուրքերին, քանզի դեռ պաշտոնապես, ասենք՝ ԱԺ հայտարարության մակարդակով մեր թշնամիները բարեկամ չեն ճանաչվել, բայց նաև չեն էլ կարողանում մեր դարավոր թշնամիներին կոչել իրենց անուններով: Ու զարմանալի է, որ այս հարցում կաշկանդվում են ոչ միայն Փաշինյանի կողքով քայլած ՔՊ-ականները, այլև վերջերս նրա կառավարության անդամների ցանկը լրացրած անկուսակցական նախարարները, օրինակ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա մասով մի փոքր հույս կար, որ, լինելով Փաշինյանի թիմակիցը, ամեն դեպքում գոնե նվազագույն քաղաքական պարկեշտություն կցուցաբերի և ամեն խայտառակ որոշում կամ հայտարարություն չի արդարացնի: Երեկ, երբ նրան հարցրինք՝ Թուրքիային և Ադրբեջանին նա թշնամի համարում է, Ավանեսյանը դժվարացավ պատասխանել: «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»,- ասաց նա:
Հարցրինք՝ հրահանգ կա, որ մեր թշնամի երկրներին թշնամի չհամարե՞ք, Ավանեսյանն ասաց, թե ինքը նման պատասխան չտվեց: Իսկ գուցե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նն են մեր թշնամին՝ հարցրինք նրան:
«Այս պահին չեմ պատասխանի նման հարցերի»,- պատասխանեց նախարարն ու հեռացավ:
Նույն հարցն ուղղեցինք նաև Նիկոլ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանի եղբորը՝ իմբայլական պատգամավոր Վահե Ղալումյանին: Հարցրինք՝ Հայաստանի թշնամին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյա՞նն են, թե Իլհամ Ալիևը: Ղալումյանի մոտ մի քանի վայրկյան «կախեց»՝ երևի չէր կողմնորոշվում, թե ում պետք է թշնամի համարել: Հարցրինք՝ դժվա՞ր է պատասխանել այս պարգ հարցին:
«Ո՞ր հարցին, ո՞ր թշնամու մասին եք խոսում»,- հարցը իբրև թե չէր հասկացել իմքայլական պատգամավորը: Կրկնեցինք՝ Հայաստանի թշնամին այս պահին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նն են, թե Իլհամ Ալիևը:
«Հայաստանի թշնամին անձեր չեն»,- հայտարարեց նա:
-Բա ովքե՞ր են:
-Մենք նոր ենք պատերազմ ունեցել, էդ պատերազմում մեր հակառակորդները Թուրքիան ու Ադրբեջանն են:
-Իսկ բացի հակառակորդ լինելուց՝ Ադրբեջանն ու Թուրքիան նաև թշնամի՞ են, թե ուղղակի հակառակորդ են:
-Հակառակորդ են, թշնամանք:
-Իսկ թշնամի չեն, թուրքն ու ադրբեջանցին մեզ թշնամի չեն:
-Ես պարզ ասացի Ձեզ:
-Դժվարանո՞ւմ եք նրանց թշնամի անվանել:
-Ես ինչին դժվարանում եմ, չեմ պատասխանում:
-Իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեզ թշնամի՞ են:
-Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործունեության մեջ եղել են դրվագներ, որոնք մեզ շատ խիստ վնասել են:
-Ո՞ր դրվագը, օրինակ՝ Արցախն ազատագրելը մեզ վնասե՞լ է:
-Օրինակ՝ Ղարաբաղը բանակցային փուլից հանելը, հասկացա՞ք:
-Իսկ մեկ ստորագրությամբ Արցախը, Շուշին ու Հադրութը թշնամուն տալը թշնամա՞նք է, թե ոչ:
-Դրանք պատերազմական գործողությունների արդյունքում են տրվել:
-Իսկ ինչո՞ւ եկաք հասաք պատերազմական գործողությունների վիճակին:
-Որովհետև այլ տարբերակ չէին թողել:
-Իսկ գուցե վա՞տ եք բանակցել այս երեք տարում:
-Բացառված չի:
-Այսինքն՝ ընդունում եք ձեր մեղքը, որ վատ եք բանակցել:
-Ես չեմ ընդունում, ես ընդունում մ, որ դա հաջորդական պրոցես է:
-Հիմա Քոչարյանն ու Սե՞րժն են ավելի շատ թշնամի, թե՞ Ալիևն ու էրդողանը:
-Ես համեմատելու հնարավորություն չունեմ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։