Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Գործի մեջ՝ հմուտ, քաղաքական վերլուծություններում՝ տասը չափած, մեկը կտրած: Այսպես կարելի է բնութագրել Դավթին, որը սովորական վարսահարդար է: Նրա մասին գիտեն, լսել են, խոսում են շատերը: Նրա մոտ այցելում են ոչ միայն մազ կտրելու, այլեւ քաղաքական լուրջ վերլուծություններ անելու, այս կամ այն իրադարձությունների վերաբերյալ նրա կարծիքը լսելու: Այցելուների ցուցակում են նախկին ու ներկայիս չինովնիկներ, լուրջ քաղաքական դեմքեր, մշակույթի եւ արվեստի գործիչներ, ինչպես նաեւ սովորական աշխատավոր քաղաքացիներ:
Դավթին գտանք, հետաքրքրվեցինք՝ լավ, էս երկրի վիճակն ի՞նչ է լինելու, առաջիկայում արտահերթ ընտրություններ են, հասարակությունն այս անգամ ի՞նչ սկզբունքով է առաջնորդ ընտրելու: Ասում է՝ կանգնած ենք այնպիսի փաստի առաջ, երբ մարդիկ գնում են ընտրության՝ թշնամի կամ ոչ թշնամի ընտրելու սկզբունքով, պարզաբանում է. «Ժողովուրդը, որ բաժանվել է երկու մասի, ընտրությունների է գնում հետեւյալ տրամաբանությամբ՝ ընտրենք թշնամո՞ւն, թե՞ բարեկամին։ Ընտրությանը պետք է լինի պարզ՝ ըստ ռեզուլտատի, այսինքն՝ ես ընտրում եմ այն անձնավորությանը, որն ունի ռեզուլտատ: Ուրեմն մենք պետք է ընտրություններին մասնակցենք՝ ռեզուլտատ նայելով»։
Ըստ Դավթի` գործող իշխանության, մասնավորապես` վարչապետ Փաշինյանի առաջին մեծագույն սխալներից էր ասելը, թե ամեն բան ժողովուրդն է որոշելու, ժողովուրդն է որոշում: Նրա խոսքով՝ երկրի սեփականատերերի, այսինքն՝ ժողովրդի կողմից հանձնվել է քեզ` դու պիտի որոշումները կայացնես ու ճիշտ պիտի կայացնես: «Ստացվում է, որ բակի բիսետկայում շատ լավ նարդի խաղացողը պետք է որոշի ինչ-որ պետական հա՞րց, հա՞, եթե ինքը պետք է որոշի, բոլոր խելացիները թող վերցնեն ճամպրուկները, գնան, որովհետեւ լավ չի լինելու։ Հիմա հենց այդպես է՝ բոլորս որոշում ենք, ու դրա համար ա երկրում էս վիճակը ստեղծվել։ Ես ու դու վիճում ենք որոշումների մեջ, բայց մե՞ր գործն է որոշելը, ո՛չ։ Ասում է՝ դուք եք որոշելու, դուք բոլորդ վարչապետ եք: Ես չեմ ուզում լինել վարչապետ, եթե մեկին ոգեւորում է, որ ինքը վարչապետ ա, երկրի ղեկավար ա, իմ համար շատ ծիծաղելի ա։ Ի պաշտոնե երկրի համար մեկ համբալը երկրի առաջին դեմքն ա, որովհետեւ սաղ իրա ուսերին ա։ Պիտի պատասխանատվություն կրես, եթե ուզում ես երկրի ղեկավար դառնալ։ Էն պահն էլ չեմ հասկանում, որ ասում են՝ ձուն 250 դրամ էր, հիմա էլ չասեք, թե էս ղեկավարությունն էր մեղավոր։ Եթե իմ էրեխեն ինձնից ուզում ա սովորական հեռախոս, հո չի գնում հարեւանի դուռը թակում, ասում՝ Վալոդ ձաձա, խի՞ ես չունեմ հեռախոս։ Ո՞ւմ պատասխանատվության տակ ա էդ էրեխեն, հարեւանի՞, թե՞ հոր։ Ո՞ւմ հարցնեմ՝ ինչի համար է ձուն թանկանում, Պուտինին հարցնե՞մ, ո՞ւմ եմ ես վստահել»,- նման անտրամաբանական տեսակետներից զարմանում է Դավիթը:
Շեշտում է՝ հասարակությունը մինչեւ չընդունի, որ Հայաստանն իր տունն է, բնակարանն է, աշխարհում իր անկյունն է, չի կարողանա նորմալ ընտրություն կատարել: «Մինչեւ հիմա մտածում ենք` ընդդիմությունը դուշման ա, կամ իշխանությունն ա դուշման։ Ընդդիմությունը քաղաքական ուժ ա, որը ստիպում ա իշխանությանը՝ պատասխանատու աշխատել, իսկ մեզ համար ընդդիմությունը թշնամու նման բան ա դարձել»,- նշում է Դավիթը։
Այս մոտեցումը ձեւավորվել է գործող իշխանության` ատելության քարոզից, եւ, որպես օրինակ, զրուցակցիս հիշեցնում եմ, որ երբ ընդդիմությունը հանրահավաքներ սկսեց, Փաշինյանը, դիմելով հանրությանը, ասաց՝ ժողովո՛ւրդ ջան, ձեր ձեռքից ուզում են ժողովրդի իշխանությունը տանել։ Դավիթն, ի պատասխան այս մեջբերմանը, ասում է. «Դեմոկրատիան ունի լավ եւ վատ կողմեր։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդի սեփականությունն է, իսկ սեփականատիրոջ ձեռքից ամեն ինչ վերցնել հնարավոր չէ։ Երկու կողմին էլ մեղադրում եմ՝ ընդդիմությունը թշնամացրեց իշխանությանը, իշխանությունը դուրս եկավ ընդդիմության դեմ` ժողովրդին ցույց տալու համար, որ թշնամին ընդդիմությունն ա։ Ժողովրդի մեջ առաջացավ երկու թշնամի։ Փաստերն են կարեւոր, չի կարելի եզրակացությունները դարձնել հանրային, երբ քո խոսքը ուժ ունի: Ես` որպես սովորական քաղաքացի, կարող եմ իմ կարծիքը հայտնել տարբեր տեղեր, որովհետեւ իմ խոսքի ուժն այնքան մեծ չէ, ինչպես պաշտոնյայի խոսքի ուժը։ Չի կարելի արտահայտվել, հանրայնացնել, որովհետեւ այդ կարծիքը ավելի փչացնող ա, քան` կառուցողական»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Լիանա Սարգսյան