կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-07 13:25
Քաղաքական

Կտրուկ գործողությունների պատրաստ կանայք գնում են կառավարություն․ Ազնավուրի հրապարակից մեկնարկեց «ՎԵՏՕ»-ի քայլերթը

Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկեց «ՎԵՏՕ» հասարակական–քաղաքական շարժման անդամների նախաձեռնած քայլերթը դեպի կառավարության շենք՝ «դուրս շպրտելու ազգային ամոթի ու ողբերգության պատճառ դարձած դավաճանին եւ իր թրքահպատակ խմբակին»: Հավաքվելով մեկ գաղափարի շուրջը՝ Մայրության եւ գեղեցկության տոնը կանայք վերածել են բողոքի ակցիայի։

Լրագրողների հետ զրույցում շարժման անդամ Աննա Հակոբյանը հայտնեց, որ քայլերթին միացել են կանայք, որոնք ունեն կամային ուժեղ հատկանիշներ, տրամադրված են մարտական ու վճռական՝ պատրաստ կտրուկ գործողությունների։

«Անակնկալներ են լինելու այս կապիտուլյանտ իշխանությունների համար։ Այստեղ հավաքվել են այն կանայք, որոնք պատրաստ են բերման ենթարկվել, քրեական գործ «շալակել», եթե դրա կարիքը լինի։ Մենք օրինականության կողմնակից ենք եւ կռիվ չենք տալու ո՛չ շենք-շինության, ո՛չ էլ օրենքը պահող ոստիկանի հետ։ Կոնկրետ գործողություններ են լինելու, կանայք շատ մարտական եւ վճռական են տրամադրված։ Ընտրվել է հենց այս օրը՝ ապրիլի 7-ը, քանի որ հետպատերազմյան շրջանում ամենախոցվածը հենց կանայք են։ Որդեկորույս մայրերը, բացի բարոյահոգեբանական ընկճված վիճակից, այսօր արդեն ունեն սոցիալական բազմաթիվ խնդիրներ։ Գերիների, անհետ կորածների մայրերն ամեն օր դժոխքի ճամփով են անցնում։ Այս անտաղանդ իշխանությունները ընդունակ չեն որեւէ հարց լուծելու»,- ասաց Հակոբյանը՝ շեշտելով՝ իշխանությունները միայն փայլուկ կերպով կարողանում են մատ թափ տալ հայ ժողովրդի վրա եւ որեւէ ձեւով չեն հակադարձում Ալիեւին, Էրդողանին։

Ըստ նրա՝ իշխանություններն ամենօրյա ռեժիմով սիրաշահում են թուրքերին։ «Օր օրի տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանի տարածքները զիջում։ Մենք այլեւս ունենք գոյության խնդիր։ Եթե այսպես շարունակվեց, այս կապիտուլյանտներն այլեւս իրենց աթոռները դնելու տեղ չեն ունենալու»,- նշեց Հակոբյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ «ՎԵՏՕ» շարժումը չունի քաղաքական ամբիցիաներ, հակառակ դեպքում՝  քաղաքական դաշտում հայտ կներկայացնեին, գրանցված կլինեին՝ որպես կուսակցություն։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան