Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որը ՊՆ ղեկավար կազմը ստորագրել է:
Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց լուրը. նա դուրս է եկել պաշտպանության նախարարությունում զբաղեցրած իր պաշտոնից (2020 թ. մարտ-հուլիս ամիսներին հանդիսանալով ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ՝ նույն թվականի հուլիսից պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը):
Մամուլում տեղեկություն էր սփռվել նաև, որ, առողջական խնդիրներից զատ, Արծրուն Հովհանիսյանը կոնկրետ աշխատանքային խնդիրներ է ունեցել նաև նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, և նրա՝ աշխատանքից հեռանալու պատճառներից մեկը նաև այդ հակասությունն է եղել:
Yerkir.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը հերքեց Վաղարշակ Հարությունյանի հետ խնդիրներ ունենալու մասին լուրերը: Հարցին՝ դո՞ւրս է գալիս ռազմական ոլորտից, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, բայց ունեմ ինձ համար զբաղվելու շատ ոլորտներ, այդ թվում՝ կրթության մեջ»։
Հարցին՝ արդյո՞ք դուրս գալը պայմանավորված է պատերազմից հետո ստեղծված իրավիճակով, մեր զրուցակիցն արձագանքեց. «Այո, առայժմ չմանրամասնեմ, թող գաղտնի մնա դա»:
Հիշեցնենք՝ Արծրուն Հովհաննիսյանը, բացի ՊՆ-ում զբաղեցրած պաշտոններից, նաև ռազմական պատմաբան է, ունի բազմաթիվ գիտական աշխատանքներ, մենագրություններ ու ուսումնասիրություններ ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային ռազմարվեստի պատմության և տեսության մասին: Ներգրավվելով ռազմական ինստիտուտի աշխատանքներում (Ա. Հովհաննիսյանն ունի պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան)՝ նա նաև նպատակ ուներ առանձին գիտակրթական հաստատության հիմնման միջոցով Հայաստանում զարգացնել ռազմարվեստի ուսումնասիրման ոլորտը: 2017 թվականից Ա. Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գրում է դոկտորական ատենախոսություն՝ «Բանակաշինությունը Հայաստանում 1918-2010 թթ.» թեմայով:
Հ.Գ. Մեր հետ զրույցում Ա. Հովհաննիսյանի ձայնն ամենևին առաջվանը չէր, ինչը նա բացատրեց առողջական խնդրի խորացմամբ: