կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-11 13:34
Տարածաշրջան

Եկեք` այս հարցը քաղաքականության ոլորտից հանենք. Էրդողանի «բացառիկ» առաջարկները Հայոց ցեղասպանության կապակցությամբ

Եկեք` այս հարցը քաղաքականության ոլորտից հանենք. Էրդողանի «բացառիկ» առաջարկները Հայոց ցեղասպանության կապակցությամբ

«Կուզեինք, որ նրանք ապրիլի 24-ին ներկա լինեին Չանաքքալեում, շնչեին այդ մթնոլորտն ու փորձեին հասկանալ այնտեղ պառկած մեր հազարավոր նահատակների հետ տեղի ունեցածը»,- Կոլումբիա այցի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` բացատրելով, թե ինչու է աշխարհի ղեկավարներին, այդ թվում` ՀՀ նախագահին, ապրիլի 24-ին հրավիրել Թուրքիա. տեղեկացնում է Haberler-ը:


Էրդողանը, բնականաբար, դարձյալ հիշել է հայերին եւ արել իր հերթական հակահայ քարոզչությունը:

 

«Պատմությունը, դժբախտաբար, միշտ գրի է առնվել հաղթանակածների կամ էլ իշխողների կողմից: Մենք սրան բացարձակապես դեմ ենք: Մենք կողմ ենք, որ պատմությունը գրողները լինեն պատմաբանները: Հաղթանակածներն ու իշխողները չեն կարող հավաստի պատմություն գրի առնել: Պատմության էջերում 1915 թվականի իրադարձությունները, անցած ցավալի իրողությունները, դժբախտաբար, մինչ օրս ընթերցվել են հաղթանակածների և իշխողների ակնոցով»,- ասել է նա:

 

Նշելով, թե իբր քարոզչությունը, սխալ ընկալումներն ու կեղտոտ քաղաքականությունը 100 տարի շարունակ  առաջ են եղել պատմությունից և պատմական իրադարձություններից, Էրդողանը դարձյալ կրկնել է իր անգիրը. «Եթե Հայկական սփյուռքն իսկապես անկեղծ է, ազնիվ, մենք բացել են մեր արխիվները: Եթե Հայաստանն ունի նման փաստաթղթեր, թող ինքն էլ բացի, երրորդ երկրները եթե ունեն` ևս: Հատկացնենք գիտնականներին, փաստաբաններին, թող աշխատեն այդ ուղղությամբ և իրենց աշխատանքը ներկայացնեն քաղաքական գործիչներին: Այդ ժամանակ արդեն վերջնական որոշում կկայացնենք, ավարտին կհասցնենք: Պատմությունը զգացմունքներով, տեղի ունեցած ցավալի իրադարձությունների ազդեցությամբ չի կարող անաչառ լինել»:

 

Նշելով, որ «իրենք տեղյակ են, թե 1915 թվականի դեպքերի 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հայկական սփյուռքը ինչպիսի բացասական արշավ է սկսել», Էրդողանը հայտնել է, որ իրենք «քարոզչության կամ ընկալման հետևից չեն ընկել և չունեն նման խնդիր: Իրենց միակ ցանկությունը 1915 թվականի դեպքերը ճիշտ ներկայացնելն է»:

 

Հիշեցնելով անցած տարի ապրիլի 23-ին հայերին հղած ցավակցական ուղերձի մասին` նա ասել է. «Դժբախտաբար, Հայկական սփյուռքի ազդեցությամբ, մեր մեկնած ձեռքը այդ անգամ էլ մնաց օդում: Այս տարի 100-ամյակն է: Մենք դարձյալ կրկնում ենք մեր անկեղծ կոչը՝ եկեք` այս հարցը քաղաքական ոլորտից հանենք, թողնենք գիտությանն ու գիտնականներին»:

 

Թեև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն արժանավայել կերպով մերժել է Էրդողանի՝ ապրիլի 24-ին կազմակերպված Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումներին ներկա լինելու հրավերը, Էրդողանը հայտնել է իր մեծ ցանկության մասին:


«Կուզեինք, որ նրանք ապրիլի 24-ին ներկա լինեին Չանաքքալեում, շնչեին այդ մթնոլորտն ու փորձեին հասկանալ այնտեղ պառկած մեր հազարավոր նահատակների հետ տեղի ունեցածը: Սակայն նրանք դա չարեցին: Քաղաքավարության օրենքները խախտած հայտարարություններով մեկ անգամ ևս փակեցին խաղաղության և բանակցությունների ճանապարհը: Մենք ետ չենք կանգնելու 1915 թվականի դեպքերի հարցում մեր՝ խաղաղության և բանակցությունների փորձերից»,- ասել է Էրդողանը, նշելով՝ թեև Առաջին աշխարհամարտի ժամանակ սպանվել և աքսորվել են բազում մուսուլմաններ, սակայն «իրենք ոչ ոքի Ցեղասպանության մեջ չեն մեղադրում»: