կարևոր
19783 դիտում, 8 ամիս առաջ - 2024-01-17 20:18
Քաղաքական Հասարակություն

Պատկերացում չունեն ո՛չ վաստակի, ո՛չ անվաստակի մասին․ Հենրիկ Հովհաննիսյանը դուրս եկավ հունից, սկսեց վիրավորել

Պատկերացում չունեն ո՛չ վաստակի, ո՛չ անվաստակի մասին․ Հենրիկ Հովհաննիսյանը դուրս եկավ հունից, սկսեց վիրավորել

«Բոլոր օրենքները պետք է հարգեն մարդու աշխատանքն ու վաստակը։ Օրենքները դրա համար են, ոչ թե գան ու տրորեն»: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց գիտության վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, թատերագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, մտավորական Հենրիկ Հովհաննիսյանը։

ԱԺ-ն երեկ՝ հունվարի 16-ին  առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը։ Փորձեցինք ճշտել Հովհաննիսյանի տեսակետը տվյալ օրենքի մասին, որով չեղարկվելու է պատվավոր կոչումների շնորհումը: Քանի որ հարցազրույցը լի էր բուռն էմոցիաներով եւ պարոն Հովհաննիսյանի նյարդերը տեղի տվեցին եւ նա սկսեց վիրավորական խոսքեր հնչեցնել, հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջական տեսքով․

-Պարոն Հովհաննիսյան ի՞նչ կարծիքի եք ազգային ժողովում ընդունված նոր օրենքի մասին, համաձայն որի՝ չեղարկվում են պատվավոր կոչումները։
Պարտադի՞ր է, որ ես կարծիք ունենամ։

-Դե, ցանկալի է լսել ձեր տեսակետը՝ նկատի ունենալով ձեր վաստակը եւ գիտության վաստակավոր գործչի կոչումը, որը ձեզ շնորհվել է 2003 թվականին։ Այս նոր օրենքի մասին ի՞նչ կասեք։
Հիմա ես ի՞նչ անեմ, իմ կոչումից հրաժարվե՞մ, ասե՞մ ես վաստակ չունեմ։ Ոչ ոք այն վաստակը չունի Արվեստի ինստիտուտում, ինչը որ ես ունեմ։ 

-Իհարկե իշխանությունն ասում է՝ նրանք, ովքեր մինչ այս ստացել են այդ կոչումները, չեն զրկվելու իրենց կոչումներից։
Ներողություն, եթե որեւէ մեկը գիտության վաստակ ունենա, չտա՞ն վաստակավոր գործչի կոչում։

-Ասում են՝ ժողովուրդը պետք է դա որոշի եւ ոչ պետությունը։
Ներողություն, ժողովուրդն ի՞նչ գիտի։ Ժողովուրդն ի՞նչ գիտի, թե ես ինչ եմ արել։ Կարծո՞ւմ եք ինստիտուտներում շատ լավ գիտեն՝ ինչ եմ արել։ Շատ քչերը գիտեն դրա մասին։ Բայց ես վաստակ չունե՞մ։ Ես գիտե՞ք՝ ինչ վաստակ ունեմ։ Դուք էլ չգիտեք։ Դուք այդ հարցը, որ տալիս եք, տալիս եք գիտության վաստակավոր գործչի։ Իսկ դուք գիտե՞ք նրա վաստակի չափը։ Գիտե՞ք, որ այդ վաստակն ունենալով՝ ինչ չնչին վարձատրություն եմ ունեցել ամբողջ կյանքում, որ աշխատել է ձրի։ Ի՞նչ կասեք, դուք գիտե՞ք։ Եթե իմանաք էդպես հեշտությամբ հարց չեք տա։

-Հարցը իմ իմանալը չէ, ես գիտեմ՝ գիտության վաստակավոր գործիչ եք, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, թատերագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանն է անուններ տալիս ու ասում՝ ժողովուրդը չգիտի՝ նրանք ով են։
Բայց իմ վաստակի չափը չգիտեք։ Գիտե՞ք ինչ։ Հայ թատրոնի պատմությունը՝ հնադարից միջնադարով մինչեւ 19-րդ դարի վերջ, 20-ի սկիզբ, ես եմ կարգավորել, մշակել, ուսումնասիրել։ Բեմական արվեստի տեսությունը, բեմական խոսքի տեսությունը ես եմ մշակել։ Ի՞նչ կասեք։ 

-Ես չպետք է ասեմ։ Ուզում եմ դուք ասեք՝ ի՞նչ կարծիքի եք այս նոր օրենքի մասին։
Թատերագիտությունը գիտական հիմքի վրա ես եմ դրել այստեղ։ Հիմա ինձ իզո՞ւր են տվել այդ կոչումը։ Տեսեք՝ ինչ հարց եք տալիս առանց մտածելու։

-Ոչ, հարցս ձեր կոչումների մասին չէր, այլ ձեր սիրելի իշխանության բերած «վաստակավոր կոչումները» չեղարկելու օրինագծի։
Բոլոր օրենքները պետք է հարգեն մարդու աշխատանքն ու վաստակը։ Օրենքները դրա համար են, ոչ թե գան ու տրորեն, խառնեն իրար։ Ո՞վ է որոշել դա, ո՞րտեղ են որոշել։

-Կառավարությունն էր ներկայացրել ԱԺ եւ ընդունվեց, ընդունեց խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժը՝ իշխանականները։
Այդ մեծամասնությունը թե փոքրամասնությունը, չգիտեմ, պատկերացում չունի ո՛չ վաստակի, ո՛չ անվաստակի մասին։ Շատ ինստիտուտներ, հիմնարկներ ղեկավարում են անվաստակ մարդիկ, իսկ վաստակ ունեցողներն աշխատում են առանց պաշտոն ունենալու։ Ես պաշտոն չեմ ունեցել, ես վաստակե՛լ եմ։ Ես վաստակ ունեմ եւ մեծ վաստակ։ 

-Այսինքն՝ դե՞մ եք այս օրենքին։
Այսքան բան կարող եմ ասել՝ դա առանձնապես մտածված որոշում չէ։ 

-2018-ին նշել էիք, որ Փաշինյանը գերազանցել է մեր անկախության շրջանի բոլոր քաղաքական գործիչներին․․․
Հիմա դուք ինձ հարցաքննո՞ւմ եք։

-Ոչ, ուզում եմ իմանալ՝ այսօր էլ եք շարունակում այդ կարծիքին մնալ։
Ինչի՞, ձեր ի՞նչ գործն է՝ ես հիմա ինչ եմ մտածում։ Սա ի՞նչ բան է, որ լրագրողն հարցնի, թե՝ դուք ինչ եք մտածում։ 

-Այո՛, լրագրողի գործն էլ հենց դա է։
Սա ի՞նչ դավադրություն է առհասարակ։ Դո՛ւք՝ լրագրողներդ ինտրիգով եք զբաղված։ Դուք մարդուն քաշում եք ինտրիգի մեջ, ուրիշ ոչինչ։

-2018-ին դուք նման արտահայտություն եք արել եւ ես հարցնում եմ՝ հիմա էլ նույն դիրքորշումն ունե՞ք։
Հետո՞։ 2018-ին նման արտահայտություն եմ արել։ Ձեզ պետք է պատասխան տա՞մ՝ ինչու եմ նման արտահայտություն արել։

-Հանրային գործիչ եք, վաստակավոր․․․ 
Ես գիտության գործիչ եմ, ես հանրային գործիչ չեմ։ Ես որեւէ կուսակցության մեջ չեմ։ Ես քաղաքականության մեջ չե՛մ։ Ես քաղաքացի՛ եմ։

-Բայց արվեստի գործիչ եք նաեւ։
Ո՜չ, գիտության գործիչ եմ։ 

-Արվեստագետ ու թատերագետ չե՞ք։
Թատերագետ, իմ ոչ մի փաստաթղթում գրված չէ, թատերագետ են իմ աշակերտները։ Ես արվեստագիտության դոկտոր եմ եւ գիտությունների ակադեմիայի անդամ։ 

-Բայց հանրությանը հետաքրքիր է՝ դուք հիմա՞ էլ եք պաշտպանում իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին։
Ինչո՞ւ եք ինձ այդ հարցը տալիս։

-Հետաքրքիր է։ 
Ձեզ հետաքրքի՞ր է։ Դուք ո՞վ եք, որ ինձ այդպես հեշտությամբ հարց եք տալիս՝ հիմա էլ եք պաշտպանում, որ ի՞նչ։ 

-Ես լրագրող եմ եւ ուզում եմ դա ճշտել։
Ճանաչեք ձեր իրավունքները, սահմանները։

-Ես իմ իրավունքները եւ սահմանները լավ գիտեմ, ինձ մի՛ փորձեք սահմանափակել։ 
Ես սխալվում եմ, որ ձեր հետ երկար խոսակցություն եմ վարում։ Հիմա իմ ասածները կվերցնեք, կհրապարակեք։ Մարդու հետ հեռախոսով խոսում եք եւ դա հրապարակում։

-Դա ընդունված ձեւ է։ 
Ձեր ուզած ձեւով, ձեր ուզած խմբագրությամբ՝ վերցնում, հրապարակում եք, մարդուն գցում եք կրակը։ Դուք էդ չե՞ք։ Դուք խոսում եք հեռախոսով, ես էլ անկեղծորեն խոսում եմ, ձայնագրում եք․․․ 

-Ձայնագրությունը պահպանվելու է եւ մենք հրապարակելու ենք այն, ինչը դուք արտահայտվել եք, ո՛չ ավել, ո՛չ պակաս։
Ես ձեզ իրավունք չեմ տալիս այս խոսակցությունը հրապարակելու։ Կարելի՞ է մարդու հետ խոսել ու հրապարակել։ Հրապարակե՛ք եւ կտեսնե՛ք ես ձեր գլխին ինչ կբերեմ։ Իմացա՞ք։

-Սա սպառնալի՞ք է։
Չեք ամաչում դուք։ Դուք չունե՛ք ամոթ։ Դուք չունե՛ք խիղճ։ Դուք ոչ էլ քաղաքացիական խիղճ ունեք։ Դուք ո՛չ իշխանությունը գիտեք ինչ է նշանակում, ո՛չ հասարակությունը գիտեք ինչ է նշանակում․․․

-Դուք ասե՛ք, որ մենք իմանանք։ 
Չգիտեք՝ ինչ է քաղաքացի․․․ այ, էսքան բան։ Հրապարակեք, հետո՞։ Խոսում եւ ձայնագրում եք, իրավունքը չունե՛ք դրա։

-Բա ո՞նց են հարցազրույց անում։
Եթե դուք սա հրապարակե՛ք, ես ձեզ դատի կտամ։ Իմացա՞ք։

-Ինձ մի՛ սպառնացեք։ Դա ինձ չի վախեցնում։
Լսեցի՞ք ասածս։

-Այո, լսելու հետ կապված խնդիր չունեմ։
Դե, որ լսեցիք, իմացե՛ք։

-Անպայման, շնորհակալություն, լավ օր Ձեզ։
Օ՜ու, շնորհակալություն։ Ի՜նչ պատշաճ տոն եք պահում։ Ես զայրանում եմ, դուք ասում եք՝ շնորհակալություն։ Դա արդեն կեղծիք է։ 

-Ես նորմալ, ադեկվատ հարցադրում եմ արել ու դուք ոգեւորվել եք։
Դա ադեկվատ չէ՛։

-Ինչո՞ւ։ Ասում եք՝ քաղաքականությամբ չեք զբաղվում։ 2018-ին հնչեցրել եք տեսակետ, դիրքորոշում, որը որ ազդել է հանրության վրա, իսկ հիմա երբ ձեզ հարցնում ենք՝ նույն դիրքորոշումն ունեք, ասում եք՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ես ի՞նչ մեղավոր եմ։
Ես երբեք էլ չեմ զբաղվել։ Ամեն քաղաքացի կարող է կարծիք ունենալ։ Քաղաքացու կարծիքը մի բան է, հասարակական-պետական գործչի, քաղաքագետի կարծիքը մեկ այլ բան։ Քաղաքացին իրավունք ունի հին հունական ժամանակներից սկսած․․․

-Հիմա էլ ունի այդ իրավունքը։ Հիմա էլ Ձեզ տրված է այդ իրավունքը։
Հետո ի՞նչ, ի՞նչ եք դուք ուզում։

-Եթե ցանկություն չունեք պատասխանելու այդ հարցին, ասեք, որ չեք ցանկանում, այդքան բան։
Դուք ուղղակի ինտրիգով եք զբաղված։ Այ, էս էլ գրե՛ք՝ ինտրիգով եք դուք զբաղված, բոլոր լրագրողներդ, բոլո՛րը։

-Այո, այդպես էլ գրելու ենք։
Դուք փչացնում եք մթնոլորտը, բոլո՛րդ։ Իմացա՞ք։ Ասե՛ք՝ շնորհակալություն էսքանից հետո։

-Շնորհակալություն
Շնորհակալությո՜ւն, ի՜նչ լավ է կեղծիքը, կեղծավո՛ր խոսք։ Շնորհակալության փոխարեն ուրիշ բան ասե՛ք, ինչ որ լրջորեն մտածում եք։ Ձեր մտածածն ասե՛ք։ Մի՛ կեղծեք, իբր պատշաճություն եք պահում։

-Այսքանի փոխարեն իմ հարցին կարող էիք մի բառով, մի նախադասությամբ պատասխանել։ 
Այդ նախադասությունը ես ձեզ չեմ նվիրի։

-Ձեր ընտրությունն է, ոնց կուզեք։
Այո՜՜՜։ Եվ մեկ էլ չհամարձակվե՛ք։ Էդ հեռախոսահամրը ձեզ ո՞րտեղից։ Ո՞վ է ձեզ տվել։

-Համացանցում առկա է՝ լրագրողների խմբից։
Դուք բոլորդ վնասակար մարդիկ եք այս երկրում։ 

-Ի՞նչով ենք վնասել։
Ինչով։ Մթնոլորտը փչացնում եք՝ ձեր ինտրիգալությամբ։

-Այսինքն՝ այս երկրում ամեն ինչ ճիշտ է, տեղը տեղին է, մե՞նք ենք մթնոլորտը փչացնում։
Ոնց որ չհոգնեցիք։ Ես ձեր գլխին ինչ ասես թափեցի, բայց դուք այդպես էլ հանգիստ ընդունեցիք։ Եկե՛ք վերջացնենք եւ այլեւս մոռացե՛ք այս հեռախոսի համարը։ Բայց եթե հրապարակեցիք, ես գիտեմ էն ժամանակ, եթե հրապարակեցիք․․․

-Ոնց ասեք։
Ամոթ էլ չունեք պարզվում է։

-Բայց ի՞նչ եմ արել, որ պիտի ամաչեմ։ Ես զուտ հարց եմ հարցրել։
Հովհաննիսյանը անջատեց զանգը։

Մեղրի Ղուկասյան