կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-31 13:44
Հասարակություն

Նոր սոցերաշխիքներ պատերազմի մասնակիցների եւ նրանց ընտանիքի անդամների համար. մի շարք ծառայություններ անվճար կլինեն

Նոր սոցերաշխիքներ պատերազմի մասնակիցների եւ նրանց ընտանիքի անդամների համար. մի շարք ծառայություններ անվճար կլինեն

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Հրաչյա Հակոբյանը շրջանառության մեջ են դրել օրինագծերի փաթեթ, որով առաջարկում են արցախյան պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքի անդամների համար սահմանել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ:

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված եւ դեռեւս օրակարգում չընդգրկված նախագծերից, պատգամավորներն առաջարկում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ  օրենքի 66–րդ հոդվածի առաջին մասը լրացնել այնպես, որ բացի զինծառայողներից, նաեւ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները  ՀՀ–ի տարածքում օգտվեն քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից:

Նախատեսվում է նաեւ օրենքի 67–րդ հոդվածում լրացումներ կատարել եւ սահմանել զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները կրթության եւ մշակույթի ոլորտում։

Մասնավորապես, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները՝

ա)  դպրոցական դասագրքերը ստանում են անվճար.

բ) անվճար հաճախում են համայնքային նախակրթարաններ (մանկապարտեզներ), Երեւան քաղաքաում ընդունելության հերթացանկում օգտվում են  առաջնահերթությունից.

գ) անվճար հաճախում են համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններ (երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ եւ այլն).

դ ) Անվճար այցելում են պետական կամ համայնքային թանգարաններ, թատրոններ եւ մշակութային այլ հաստատություններ .

Այս  երաշխիքների տրամադրման կարգը հաստատում է կառավարությունը:

Իմքայլականներն առաջարկում են նաեւ ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարել։  Մասնավորապես, Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 12.1) կետով, որը սահմանում է, որ անշարժ գույքի հարկից ազատվում են`

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձանց սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը»:

Ինչպես նաեւ օրենսգրքի  245-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 3.1) կետով սահմանել, որ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են`

«ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբիի հաշմանդամություն ստացած վարորդական վկայական ունեցող անձանց սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը»: