կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-26 12:40
Քաղաքական

ՀՀԿ-ական պատգամավորը բողոքի ակցիայի մասնակիցների հետեւում այլ երկրների հետախուզական ծառայություններ է տեսնում

ՀՀԿ-ական պատգամավորը բողոքի ակցիայի մասնակիցների հետեւում այլ երկրների հետախուզական ծառայություններ է տեսնում

Բաղրամյան պողոտայում նստացույցի 5-րդ օրն է: Դեռևս խնդիրը չի հանգուցալուծվել:

Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը պատասխանեց, որ ինքը որևէ դեղատոմս չունի: «Ես այն կարծիքին եմ, որ խաղաղ բանակցությունների միջոցով այդ հանգուցալուծումը պետք է լինի, պետք է իրար լսեն` և\' միտինգավորները, և\' նրանք, ում դեմ նրանք միտինգ են անում»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ցուցարարների պահանջը Սերժ Սարգսյանից է, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը առաջարկել է, չէ՞, որ հանդիպեն: Եթե ցուցարարները որևէ մեկից պահանջ ունեն, բայց նրա հետ չեն հանդիպում, ո՞նց պետք է լսելի լինի իրենց պահանջը: Սխալ էր, որ ցուցարարները չգնացին Սերժ Սարգսյանի մոտ:

Չգնացին, որովհետև իրենք ուղղորդվում են ինչ-ինչ ուժերի կողմից, ովքեր, այս պահին ելնելով իրենց տակտիկայից, հարմար չեն համարում, որ հանդիպեն Սերժ Սարգսյանի հետ: Ի միջի այլոց, նորանկախ Հայաստանի քաղաքական կայնքում առաջին դեպքն է, որ նախագահն առաջարկում է հանդիպում, բանակցություններ, իսկ ցուցարարները մերժում են: Ինչքան մտածում եմ, թե ինչո՞ւ են մերժում, չեմ կարողանում դրա պատասխանը գտնել: Ցուցարարների մեջ ուղղորդողներ կան, որոնք էդ խաղը շատ նուրբ կերպով տանում են»:

Հարցին, թե ովքե՞ր են այդ ուղղորդողները, պատգամավորը չկարողացավ կոնկրետ պատասխանել: «Ես չեմ կարող ասել` ովքեր են ուղղորդողները, բայց կարող եմ ասել, որ այդ ուժերը կան: Թե այդ ուժերը ո՞ր երկրներն են ներկայացնում, ո՞ր հետախուզական ծառայություններն են ներկայացնում, դա արդեն մեր հատուկ ծառայությունները պետք է դրանով զբաղվեն»,- ասաց նա:

Հարցին, թե ո՞ւմ կողմից է ինքը այս դեպքում` ցուցարարների՞, թե՞ իշխանությունների, Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Ես եղել եմ ու կլինեմ ժողովրդի կողքին, ես իմ կենսագրությամբ եմ դա ապացուցել»:

Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը մասնակցի նաև այդ ցույցերին, պատգամավորը զայրացած պատասխանեց, որ «դա ախմախ ու անտրամաբանական հարց է»: «Մասնակցությունը դեռ չի նշանակում, որ դու ժողովրդի կողքին ես, մարդ կա` ցույցին մասնակցում է իր անձնական, նեղ շահերից ելնելով, իր քաղաքական շահերից ելնելով: Էն ուժերը, որ հիմա ուղղորդում են ցուցարարներին, նրանց հետաքրքիր էլ չի էլեկտրաէներգիայի թանկացումը: Ավելի շատ այս միտինգը քաղաքական ենթատեսքտ ունի, քան էլեկտրաէներգիայի թանկացումը: Հեսա կտեսնեք, մի երկու օր էլ սպասեք, կտեսնեք` ճիշտ եմ ասում, թե` սխալ»,- ասաց պատգամավորը: