Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով բեմական արվեստի ներկայացուցիչներին և թատրոնի նվիրյալներին, ջերմորեն շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա առթիվ և մաղթել անսպառ լավատեսություն, աննահանջ կամք ու գործի հանդեպ խորին ներշնչանք: Կարևորելով թատրոնի դերն ու նշանակությունը հանրության կյանքում՝ նախարարը նաև մաղթել է, որ այն շարունակի մարդկային ու մարդասիրական արժեքների, խաղաղության և մարդու հանդեպ հարգանքի հաստատման իր հաղթարշավը:
«Չկա առավել հմայիչ ու խորհրդավոր ոլորտ, քան մարդու մասին արվեստը: Թատրոնը մարդու հոգևոր և հոգեկան աշխարհների հետազոտման, դրանց ծպտյալ և քողարկված շերտերի բացահայտման ու գեղարվեստորեն ներկայացման իրականությունն է: Այսօր էլ նաև հանրային տրամադրությունների հաղթահարման, լավատեսության վերականգնման ու նոր ապագայի կերտման հզոր խթան և գործիք է: Մեծ է այսօր ձեր պատասխանատվության չափը, աննախադեպ է ձեր առաքելությունը»,- նշել է նախարարը և վստահություն հայտնել, որ թատրոնի նվիրյալները հետագայում էլ կշարունակեն իրեց գործն այն գիտակցությամբ, ինչպես դա արել է իր կյանքը թատրոնին նվիրած մեծավաստակ վարպետը՝ Երվանդ Ղազանչյանը:
Նշենք, որ մրցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:
«Արտավազդ-2020/2021» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.
Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյան
«Լավագույն մանկական ներկայացում»
«Շրջված երազ» - Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, բեմադրիչ՝ Նարինե Մալյան
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
Հռիփսիմե Նահապետյան - (Ջուլիետ) «Ռոմեո և Ջուլիետ», Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Մարիկա Դովլաթբեկյան - (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո) «Սև կատուն», «Մետրո» թատրոն
«Լավագույն երիտասարդ դերասան»
Նարեկ Բաղդասարյան - (Կորնյուդե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
Դավիթ Եղիազարյան - (Գրիմով) «N 6», Աբովյանի դրամատիկական թատրոն
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»
Գոռ Մարգարյան - «12», «Անհատ» թատերախումբ
«Լավագույն երիտասարդական ներկայացում»
«Օնեգին» - Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ` Նորա Գրիգորյան
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
ՀՀ ժողովրդական արտիստ Իրինա Մարչենկո - Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյան - Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյան - Երևանի պետական կամերային թատրոն
«Լավագույն պիես»
Սառա Նալբանդյան - «Հաղթանակի գենեզիս»
«Լավագույն սցենոգրաֆիա»
Գարեգին Եվանգուլյան - «Թռիչք կկվի բնի վրայով», Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
«Լավագույն երաժշտության հեղինակ»
Ջեմմա Մինասյան - «Սև կատուն», «Մետրո» թատրոն
«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»
Հերիքնազ Բաղդասարյան - (Վարազդատի մայրը) «Վարազդատ», Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
«Լավագույն երկրորդ պլանի դերասան»
Անդրանիկ Զաքարյան - (Չեզվիք) «Թռիչք կկվի բնի վրայով», Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
«Լավագույն դերասանուհի»
Տաթև Ղազարյան - (Էլիզաբեթ Ռուսե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
«Լավագույն դերասան»
Արման Նավասարդյան - (Հեղինակ - Սաքո) «Լոռեցի Սաքոն», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
«Լավագույն ռեժիսուրա»
Նարինե Գրիգորյան - «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
Վահե Շահվերդյան - «Անուշ», Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
«Ժյուրիի հատուկ մրցանակ»
«Լուսաբացից առաջ» - Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան
«Լավագույն ներկայացում»
«Փափլիկը» - Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան