Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հնարավոր արտահերթ ընտրությունների հիմնական առանձնահատկություններից մեկը լինելու է հանրային անտարբերության գերբարձր մակարդակը։ Երևանյան կուլուարներում ու սոցիալական ցանցերում ընթացող քաղաքական կյանքը տպավորություն է ստեղծում, թե հանրությունն ակտիվորեն ներգրավված է դրան, մինչդեռ դա կարող է վերաբերել քաղաքական ու մերձքաղաքական կյանքին ինտեգրված առավելագույնը մի քանի տասնյակ հազար մարդու, ինչն ամենևին ողջ հասարակությունը չէ։
Հանրության գերակշիռ մասն ապրում է խորն անտարբերության ու ապատիայի մեջ․ 2018-ի թավշյա հեղափոխության առաջացրած էյֆորիային (թեև անգամ դա չապահովեց 2018-ի դեկտեմբերի ընտրություններին ակտիվ մասնակցություն) հիմա փոխարինելու է եկել հետպատերազմյան դեպրեսիան, որը մարդկանց անտարբեր է դարձրել իրենց կենցաղից դուրս գտնվող ամենայնի, այդ թվում՝ ընտրությունների նկատմամբ։
Տարբեր հարցումների համաձայն, առաջիկա ընտրություններում չկողմնորոշված քաղաքացիների քանակը կազմում է 42-45 տոկոս, վստահաբար իրականում այդ ցուցանիշն ավելի բարձր է, և դա ոչ թե չկողմնորոշվածների, այլ անտարբերների ցուցանիշն է։ Սա գործող իշխանության համար նպաստավոր պարագա է, քանի որ ընտրություններին մասնակցողների նվազ քանակի դեպքում մեծանում են ընտրակեղծարարության հնարավորությունները։ Ինչպես եղավ 2018-ին:
Այս պատկերը մտահոգիչ պետք է լինի ընտրություններին մասնակցել պատրաստվող բոլոր ոչ իշխանական ուժերի համար, եթե, իհարկե, նրանք մտադիր են ԱԺ-ում հայտնվել ոչ թե իշխանության հետ ստվերային ճղճիմ առևտրի, այլ ընտրողների քվեի շնորհիվ։
Հետևաբար՝ բոլոր այդ ուժերի առաջնային խնդիրը պետք է լինի՝ քաղաքացիներին հանել անտարբերության թմբիրից, ինչը բավական դժվար լուծելի խնդիր է, ընդ որում, այդ խնդիրը չի լուծվելու միայն իշխանությանը դավաճան որակելով, ինչով զբաղված է այսօրվա ընդդիմությունը․ դրա համար անհրաժեշտ է տեսանելի ու չափելի ծրագիր այն մասին, որ իշխանության գալով՝ այս կամ այն ուժը կարող է պետությունը դուրս բերել հետպատերազմյան մղձավանջից։ Հակառակ դեպքում, ստանդարտ նախընտրական քարոզարշավների ու ծեծված խոստումների պարագայում, հասարակության անտարբերությունն ավելի է խորանալու՝ դառնալով իշխանության վերարտադրությանը նպաստող հիմնական գործոններից մեկը։
Հանրությանն ապատիայի հարցում մեղադրելը, իհարկե, անշնորհակալ զբաղմունք է, հատկապես, որ դա ունի օբյեկտիվ պատճառներ։ Մյուս կողմից՝ հնարավոր չէ նաև արդարացնել անտարբերությունը, երբ խոսքը սեփական պետության, հայրենիքի, դրան սպառնացող վտանգների ու ապագայի մասին է։
Ռուսոն ասում էր՝ տեսնել անարդարությունը և լռել, նշանակում է՝ անձամբ մասնակցել դրան։ Հիմա մեր հասարակությունն իր լուռ անտարբերությամբ ակամա մասնակից է դարձել այս իշխանությունների բոլոր, մեղմ ասած, անարդարություններին՝ Արցախի հանձնում, հազարավոր զոհեր ու վիրավորներ, հաշմանդամներ, տնտեսական հնարավորությունների կորուստ, Հայաստանին սպառնացող լրջագույն վտանգներ։ Ընտրությունները, մեծ հավանականությամբ անցնելու են ահա այդ հանցավոր լռության պայմաններում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: