|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր Աբովյան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ քարոզարշավի ընթացքում թեկնածուները հին ու նոր ծրագրերն են բարձրացնում եւ փորձում արժանանալ ժողովրդի բարեհաճությանը, եւ շատերին կարող է թվալ, որ նույն մարդիկ անընդհատ նույն բաների մասին են խոսում: Բայց հաճախ, ըստ նրա, ժողովրդի ականջին հաճո խոսքեր շռայլողները ձախողվել են, իսկ լավ աշխատող մարդիկ իրենց արածների մասին գեղեցիկ ելույթների ժամանակ չեն գտնում, նոր հանձնարարության չեն սպասում, անցնում են մյուսին:
«Ես ձգտել եմ աշխատել հենց այսպես` առանց ավելորդ աղմուկի ու գովազդի, երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց իրեն ամենահարուստ մարդը դարձնելու, գովազդելու համար:
Խոսելով տնտեսական աճի մասին` նախագահն ընդգծեց, որ այն կարեւոր ցուցանիշ է, բայց իմաստ չունի, եթե մի քանի մարդու համար է պետք: «Պետք է ապահովենք բարեկեցության կայուն եւ անշրջելի աճ, բոլորի, յուրաքանչյուր քաղաքացու համար»,-հայտարարեց Սարգսյանը եւ վստահեցրեց, որ վճռական է տրամադրված երկրում թերությունները վերացնելու հարցում:
Ինչպես իր նախկին, այս հանդիպման ժամանակ եւս նա ընդգծեց, որ շատերին թվում է, որ նախագահը ցանկության դեպքում ցանկացած ոլորտում կարող է ամեն ինչ ուղղել: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դրա համար անհրաժեշտ են միջավայր եւ նախապայմաններ: Նա առաջարկեց միավորել ուժերն ու համատեղ ջանքերով առաջ գնալ: