Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մոտ մեկ տարի առաջ Yandex Go-ի սովորական աշխատակիցներին սկսեց հետաքրքրել այն փաստը, թե կոնկրետ որտեղ են պահվում Ռուսաստանից դուրս տաքսիների ուղևորությունների, հասցեների, քարտեզների տվյալները:
Չնայած ռուս-ուկրաինական պատերազմին՝ ծառայությունը (սովորաբար Yango և Yandex Go անվանումներով) դեռ գործում է աշխարհի ավելի քան քսան երկրներում, այդ թվում՝ Իսրայելում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Բելառուսում, Ղազախստանում, Վրաստանում և Հայաստանում։
Ռուսական Meduza հետաքննական զեկույցների և նորությունների վերլուծական կայքը գրեց, որ Yandex Go-ի աշխատակիցների և ղեկավարության միջև նամակագրությունը այս հարցի շուրջ սկսվել է այն բանից հետո, երբ ռուսական հատուկ ծառայություններին՝ ФСБ-ին, տրամադրվել էր շուրջօրյա մուտք դեպի Տեղեկատվության տարածման կազմակերպիչների ռեգիստրում մուտքագրված տաքսի ծառայությունների տվյալներ:
Նշենք նաև, որ ռուսական բոլոր տաքսի ծառայություններից այս ռեգիստրում առայժմ ընդգրկված է միայն Yandex Go-ն։ Այս ամենը մտահոգիչ էր Yandex Go բոլոր երկրների հաճախորդների համար, առավելապես՝ հայաստանաբնակների։ Պատճառը տվյալների հավանական փոխանցումն է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Գևորգ Հայրապետյանի հետ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ինֆորմացիայի տարածման առաջին օրերին միանշանակ մտահոգություն կար, որ ռուսական իրավապահ մարմինները կստանան հասանելիություն հայկական տվյալներին: Այս մտահոգությունը տևեց մեկ-երկու օր, քանի որ Հայաստանում «Յանդեքս»-ի անունից գործող «Րայդեք էյ էմ» ՍՊԸ-ն տարածեց հայտարարություն, որ սա ռուսական օրենք է և տարածվում է միայն Ռուսաստանի վրա և որևէ կերպ Հայաստանում ծառայություն մատուցող կազմակերպության՝ «Յանդեքս»-ի վրա չի տարածվում:
Հայրապետյանի խոսքով՝ այսօր արդեն Անձնական տվյալների պաշտպանության գրասենյակը հայտարարել է, որ, ստուգման նախնական արդյունքներով, այն տեղեկությունները, որոնք ստացվել են «Րայդթեք էյ էմ» ՍՊԸ-ի կողմից, համապատասխանում են իրականությանը, այսինքն՝ ՌԴ իրավապահ մարմինները հասանելիություն չեն ունենալու հայկական տվյալներին:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից էլ տեղեկացրին, որ իրենք տեղյակ չեն այս մասին, քանի որ իրենք չեն վերահսկում օնլայն տաքսիները.
«Անկեղծ ասած, տեղյակ չենք այդ մասին, սակայն եթե դա նույնիսկ այդպես է, դա միանշանակ անձնական տվյալների փոխանցում է, որը միանշանակ պետք է կանխարգելվի: Մենք օնլայն տաքսիների նկատմամբ չունենք վերահսկողություն: Այդ մասով ենթադրաբար պետք է ՏԿԵ նախարարությունը օրենքի նախագիծ կամ որոշում մշակի, որն այժմ բացակայում է»:
Իրենց հերթին ՏԿԵ նախարարությունից հերքեցին տեղեկությունը՝ ասելով. «Օնլայն տաքսիների հետ կապված՝ մեր մշակած նախագիծը վերաբերում է բացառապես նրանց հարկային դաշտ բերելուն»:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաև ՀՀ արդարադատության նախարարության հետ: Տեղեկությունը, որ երևույթը չի տարածվելու ՀՀ-ի վրա, հաստատեցին՝ ասելով՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում օրեր առաջ Անձնական տվյալների գործակալությունը ուսումնասիրություն էր սկսել մամուլում հայտնված տեղեկությունները ստուգելու նպատակով՝ առ այն, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից Yandex-ի հայ օգտատերերի տվյալները հասանելի են դառնալու Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությանը:
«Րայդթեք էյ էմ» ընկերությունը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության օգոստոսի 9-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 580-ФЗ դաշնային օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում Yandex Go-ի, ինչպես նաև ընկերության գործունեության այլ ասպեկտների վրա:
Այսինքն՝ պետական բոլոր օղակները հավատացել են հայաստանյան «Յանդեքս»-ին ու որեւէ քայլ չեն ձեռնարկում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում են