Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ մեկուկես ամիս առաջ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանում։ Մեզ պատմեցին, որ ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը գիշերը ժամը 1-ին մտել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի աշխատասենյակ և այնտեղից նոութբուքը վերցրել ու հեռացել։ Հաջորդ օրը երբ տեսել են, որ նոութբուքը չկա, տեսախցիկները հետ են տվել ու պարզել, որ Իսրայելյանը մտնում է սենյակ, նոութբուքը վերցնում, դուրս գալիս։ Աղմուկ է բարձրացել, հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանն Իսրայելյանին կանչել է ու պահանջել վերադարձնել նոութբուքը, ասացին՝ սուր վիճաբանություն է եղել նրանց միջև։
Իսրայելյանն էլ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Ժակ Մանուկյանին խնդրել է, որ վերջինս ստորագրի, որ իրենց օգտագործման տակ եղած մեկ այլ՝ ավելի հին ու թույլ պարամետրերով համակարգիչը դուրս գրեն, որ իր վերցրած նոութբուքը տեղը վերադարձնի, քանզի վերցրածն ավելի լավն է։ Սակայն Մանուկյանը հրաժարվել է դուրս գրել համակարգիչը, եւ Իսրայելյանը ստիպված է եղել հետ բերել իր վերցրածը, որ ավելորդ աղմուկ չբարձրանա։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը չհերքեց եղելությունը, սակայն չցանկացավ մեկնաբանել։ «Ես կարծում եմ՝ դա մեկնաբանելու բան չի, էլի»,-ասաց նա։
Միջազգային հարաբերությունների փոխդեկան Ժակ Մանուկյանն էլ ասաց, որ զանգենք կամ հոգաբարձուների խորհուրդ, կամ կենտրոնականի պարետին, ինքը նյութական հարցերով չի զբաղվում։
ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ով, ի դեպ, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարութjունյանի ընկերն է, ԵՊՀ ոսկե մեդալակիր, մեզ ասաց․ «Հիմա նոութբուքը գտնվում է հոգաբարձուների խորհրդում։ Ես նախագահից խնդրել եմ օգտագործման համար, օգտագործել և հետ եմ վերադարձրել»։ Բայց տեսախցիկներով տեսել են, թե ինչպես է ինքը գիշերը ուշ ժամի գաղտագողի մտնում վերցնում նոութբուքը, և դա գնահատել են որպես գողություն, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել ԵՊՀ-ում: Իսրայելյանն ասաց․ «Չեմ կարծում՝ աղմուկ ա բարձրացել, նման բան չկա»։
Իսկ ինչո՞ւ եք վերցրել նոութբուքը: «Մենք էստեղ հերթապահության ենք եղել, եթե հիշում եք, ռազմական դրության ժամանակ, շաբաթական երկու օր հերթապահություն ենք իրականացրել, իսկ դա եղել է երևի ամիսուկես առաջ․․․ Հիմա նույն նոութբուքը գտնվում է հոգաբարձուների խորհրդում, հանգիստ եղեք։ Ես բացատրեցի, օգտագործման համար եմ վերցրել, նախագահի թույլտվությամբ, և վերադարձրել եմ նորից իրեն․․․ Ոչ մեկ չի պահանջել՝ բերել հետ տալ, դա որոշակի ժամկետով էի վերցրել, հիմա նույն նոութբուքը գտնվում է հոգաբարձուների խորհրդում, հանգիստ եղեք»,-ասաց նա։
Վահե Մակարյան