Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում քաղաքական իրողությունները հասել են մի հանգուցային կետի, որից հետո լուրջ տեղաշարժեր են սպասվում։ Բայց հանրության շրջանում դեռևս կուտակված բազմաթիվ հարցեր կան, որոնց պարզաբանումը իրադարձությունների փոթորիկների արդյունքում չկողմնորոշված մարդկանց դիրքորոշումների հստակեցման համար առանցքային գործոն կարող է լինել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը, դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին, Արցախյան հիմնահարցին և կենսական նշանակություն ունեցող այլ խնդիրներին։
Եվ այս առումով բավական հետաքրքիր ուղերձներ են պարունակում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները։ Հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ վերջին շրջանում երրորդ նախագահը պարբերաբար ելույթներով է հանդես գալիս՝ լինեն դրանք հարցազրույցների, ասուլիսների, թե առանձին հայտարարությունների տեսքով։ Այս անգամ նա խոսեց իր դեմ հարուցված քրեական գործի դատավարությունից առաջ՝ դատարանի բակում։ Չնայած ելույթը կարճ էր, բայց ուշագրավ մեսիջներ կային։ Հիշեցնենք, որ դատարանի բակում Սարգսյանը մեկ անգամ ևս ելույթ ունեցել էր անցյալ տարի և հայտարարել էր, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Այն ժամանակ շատերը չհասկացան, թե դատական նիստի հետ ի՞նչ առնչություն ունի Արցախյան հիմնախնդիրը։ Եվ ահա, պատերազմից հետո պարզ դարձավ այն ժամանակ Արցախյան հիմնահարցի շուրջ հնչած ահազանգերի նշանակությունը։
Այդ ահազանգերի անտեսման և Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց վարկաբեկման արշավի մասին կրկին բարձրաձայնելով՝ երրորդ նախագահը փորձում է անուղղակիորեն հասկացնել, որ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունն իրականում ունեցել է Արցախյան հարցի ոչ հայանպաստ կարգավորման կամ, այսպես ասած, հակաղարաբաղյան ենթատեքստ, ինչի արձանագրումները մենք տեսնում ենք անցած տարի տեղի ունեցած պատերազմի արդյունքներով։ Բայց ուշագրավ է, որ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ, իսկ իշխանությունները Արցախի կարգավիճակի մասին կա՛մ լռում են, կա՛մ էլ ինչ-որ կցկտուր և անհոդաբաշխ հայտարարություններ են անում։ Եվ այս ենթատեքստում պետք է հասկանալ այն, որ այս անգամ ևս դատարանի բակում Սարգսյանը կրկնեց իր հայտարարությունն այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ հիմքում դնելով Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը։ Իսկ հայկական պետականության՝ շարունակական ամրապնդման հարցը բազմաթիվ թելերով կապված է Արցախի սուբյեկտայնության խնդրի հետ։
Ուստի պատահական չէ, որ Սարգսյանը խոսում է քաղաքական խրամատը չլքելու մասին։ Խրամատում դիրքավորումը փաստում է հակառակորդի կողմից եկող վտանգը չեզոքացնելուն ուղղված պատրաստակամության մասին։ Սակայն այստեղ ուշագրավ է պետության և պետականության անվտանգության շեշտադրումը: Այսինքն, Սարգսյանի կողմից նշված քաղաքական խրամատն ուղղակիորեն վկայում է պետականությանը սպառնացող վտանգի մասին, իսկ այլ խոսքերով ասած՝ այսօր գործող քաղաքական մեծամասնությունը վտանգի է ենթարկում մեր պետականությունը։ Այսօր հասարակության առավել գիտակից հատվածն այն կարծիքին է, որ գործող իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն համապատասխան ձևով արձագանքել առկա մարտահրավերներին, դրա արդյունքում է, որ այսպիսի ոչ նախանձելի վիճակում ենք հայտնվել։ Լավ, այդ դեպքում հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ երրորդ նախագահը իշխանությունը զիջեց այսօրվա իշխանություններին։
Վերջինս իր հայտարարության մեջ դրա պատասխանն էլ է տալիս՝ հայտարարելով, որ ինքը կարող է հանուն ժողովրդի հեշտությամբ զիջել իր պաշտոնը և իշխանությունը, բայց երբեք չի լքի հայկական պետականությունը պաշտպանող խրամատը։ Այսպիսով, ըստ երևույթին, Սարգսյանն այն ուղերձն է հղում, որ իր գլխավորած քաղաքական պայքարը պաշտոնի և իշխանություն ստանալու համար չէ, այսինքն՝ այն աթոռակռվի տրամաբանությունից դուրս է։ Պատահական չէ, որ իշխանամերձ քարոզչամեքենան փորձում է ողջ քաղաքական պայքարը ներկայացնել «հների ու նորերի» և պարզ աթոռակռվի տրամաբանության մեջ:
Սա հակսանալի է գործողների պարագայում, սակայն փաստացի Սերժ Սարգսյանն իրեն այդ տրամաբանությունից դուրս է դնում։ Բայց հեշտությամբ իշխանությունը զիջելու մասին իր հայտարարությամբ երրորդ նախագահը նաև ակնարկում է, որ հանուն ժողովրդի ու հանուն պետականության գործող իշխանությունները տրամադրված չեն զիջել իրենց իշխանությունը, ամբողջ ուժով սոսնձվել են իրենց աթոռներին և պատրաստ են իրենց իշխանությունը պահել անգամ մեր պետականության թուլացման հաշվին»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: