Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած տնտեսագետներն ամեն օր ահազանգում են տնտեսության օր օրի բարդացող վիճակի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանը հանգստացնում է «օդից բռնած» թվերով ու կանխատեսումներով։ Առանց այն էլ հևիհև շնչող տնտեսության համար հերթական ծանր փուլն է սկսվում։ Չորս ամիս պետք է կարանտինով ապրել, որը ևս մեծ փորձություն է տնտեսության համար։ Այս և այլ խնդիրների շուրջ irates.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:
-Կարանտինն ինչպե՞ս կազդի արդեն իսկ լուրջ խնդիրների առաջ կանգնած տնտեսության, առանձին ճյուղերի վրա։
-Կարանտինը կանխատեսելի էր, քանի որ վեց ամսվա համար արդեն օրենսդրական փաթեթ էր մշակվել և ԱԺ ներկայացվել։ Կառավարությունը որոշեց 4 ամիս կարանտին սահմանել, հետագայում հնարավոր է 2 ամիս էլ ավելացնեն։ Կառավարությունն այս փաթեթը ներկայացնելիս որևէ ազդեցության գնահատական չի ներկայացրել, թե կարանտինն ինչպես կազդի տնտեսության, բնապահպանության, առողջապահության և մյուս ոլորտների վրա։ Սա կառավարության հիմնական պարտավորություններից մեկն է։ Մինչդեռ կառավարությունն առաջնորդվել է միայն այն հանգամանքով, թե հնարավոր է վարակն ունենա երկրորդ և երրորդ ալիք, որի ընթացքում կարող է կտրուկ ավելանանալ վարակվածների թիվը։ Ակնհայտ է, որ մեր երկրում դեռ կոլեկտիվ իմունիտետ չի ձևավորվել և հաջորդ ալիքները մեզ վրա էական ազդեցություն են ունենալու։ Կառավարությունը, ըստ էության, փորձում է սրան նախապատրաստվել, հատվածական որոշումներ կայացնել՝ միաժամանակ անտեսելով բազմաթիվ այլ գործոններ։ Չկա որևէ գնահատական տնտեսության, սոցիալական ոլորտներում և միակ նպատակը վարակակիրների թվի աճը կանխելն է, որը միայն կարանտինով հնարավոր չէ անել։ Պետք է ունենալ համապատասխան առողջապահական համակարգ, ենթակառուցվածքներ և ճիշտ, արդյունավետ պետական կառավարում։
-Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մենք սոցիալական կոլապս ու ճգնաժամ չունենք։ Սա սթա՞փ գնահատական է այն դեպքում, որ տնտեսական անկումը, մասնագետների կարծիքով բավական մեծ է։
-Վարչապետի լավատեսական նման հայտարարությունները տեղին չեն և իրականությանը չեն համապատասխանում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020-ի հունվար-հուլիս ամիսներին մանրածախ առևտուրը նվազել է 14,8 տոկոսով, որը բավական մեծ է, իսկ հանրային սննդի առևտուրը՝ 30-40 տոկոսով, սա խոսում է այն մասին, որ մեր երկրում սպառումը կրճատվել է, իսկ Փաշինյանի՝ ՀԴՄ կտրոնների շրջանառության մասին հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում (հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, թե «ՀԴՄ կտրոններով առևտրի շրջանառոթյան ցուցանիշը կոկրետ անձանց կողմից կոնկրետ արված ծախս է, որը վերլուծությամբ չի ստացվում, այլ կոնկրետ թիվ է։ Այսինքն` առևտուրը բոլոր տեղերում` խանութներում, ռեստորաններում, առևտրի բոլոր օբյեկտներում նվազել է 2,5 տոկոսով»-Ռ. Խ.)։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մանրածախ և հանրային սննդի առևտուրը միջինում 14-15 տոկոսով նվազի, իսկ ՀԴՄ շրջանառությունը՝ 2,5 տոկոսով։ Գուցե կառավարությունը փորձում է հող նախապատրաստել, որ օգոստոս ամսվա պաշտոնական վիճակագրությունը լինի դրական լույսի ներքո։ Այս ամենում ներգրավված են նաև որոշ լիբերալ տնտեսագետներ, որոնք հայտարարում են, թե ճգնաժամի պիկն անցել ենք ու հիմա վերականգնման փուլում ենք։ Սա ճիշտ ազդակ չէ բնակչությանը և տնտեսությանը, քանի որ կառավարությունը սրանով կկորցնի նրանց մոտ վստահությունը։ Անկախ այս թվանկարչությունից, հաջորդ ամիսներին տնտեսական վիճակն ավելի է բարդանալու, իսկ կարանտինի հայտարարումն էլ խոսում է այն մասին, որ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կարող են ավելի վատթարագույն սցենարներ լինել։ Նույնիսկ եթե այդպես չլինի էլ 5,7 տոկոսի անկումը կավելանա, ոչ թե կնվազի։ Ճիշտ կլինի, որ այս հարցերում կառավարությունն ազնիվ լինի և դրսի իր գործընկերների, կազմակերպությունների, և բիզնեսի հետ, ճիշտ տեղեկատվություն ներկայացնի։ Թվանկարչությունը շարունակելու պարագայում այս սուբյեկտները կկորցնեն վստահությունը Հայաստանի հանդեպ, և երբ տարվա վերջում լրացուցիչ գումարների և պայմանավորվածությունների կարիք կունենանք, մեր վիճակն ավելի է դժվարանալու։ 10 օրից օգոստոսի պաշտոնական տվյալները կհայտարարեն։ Ակնկալվում է, որ դրանք շատ ավելի դրական են լինելու, քան իրականությունն է, բայց հաջորդ ամիսներին հստատապես ունենալու ենք ավելի վատ ցուցանիշներ։ Այս կարանտինի պատճառով սառեցվելու են մի շարք ներդրումային նախագծեր, ոչ մի օտարերկրյա և տեղական ներդրող չի փորձի ակտիվություն ցուցաբերել, քանի որ այս ընթացքում հնարավոր է բազմաթիվ սահմանափակումներ լինեն։ Օրինակ, դադարեցնել այս կամ այն ոլորտի գործունեությունը։ Այս պահին այդ ներդրողները քայլեր ձեռարկելուց ձեռնպահ կմնան։ Արդեն իսկ կրճատված ներդրումների սառեցումը բնականաբար իր ազդեցությունը կթողնի տնտեսական աճի ցուցանիշների վրա։
-Դուք ավելի շատ դրսի՞, թե՞ տեղական ներդրողներին նկատի ունեք, քանի որ այս երկու տարվա ընթաքում արտաքին ներդրումները նվազագույնին են հասել։
-Երկու դեպքում էլ։ Այո, դրսից ներդրումները շատ քիչ են, բացասական սալդո ունենք, ավելի շատ ներդրում արտահանում ենք, քան բերում։ Այս գործընթացը կշարունակվի. երկրից ավելի գումար կհանենք, ավելի խաղաղ «նավահանգիստներ» կտեղափոխենք, քան Հայաստան գումար կբերենք։ Կարանտինի ժամանակ նաև բանկերը, հաշվի առնելով ռիսկայնությունը, կշարունակեն բարձրացնել վարկային տոկոսադրույքները, որն արդեն այս տարվա մարտից սկսել են։ Կարանտինի հայտարարման հաջորդ ռիսկային խնդիրն առնչվելու է բանկերի հետ. արդյոք նրանք կկարողանա՞ն տրամադրել վարկային արձակուրդներ։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին վարկառուներն ի վիճակի չեն լինի սպասարկել իրենց պարտքերը, շարունակելու են կուտակել պարտքեր և ժամկետանց վարկեր։
-Մյուս կողմից էլ բանկերն ահազանգում են, թե վարկային արձակուրդ տրամադրելով, իրենք հայտնվելու են մեծ ֆինանսական խնդիրների առջև։
-Միևնույն է, արձակուրդ կտան, թե ոչ, նրանք ունենալու են չաշխատող, չվճարվող վարկեր։ Երբ ապրիլ-մայիս ամիսներին բանկերը վարկային արձակուրդ տրամադրեցին, դա նաև բանկային համակարգին օգուտ տվեց, որովհետև եթե դա չլիներ, ժամկետանց վարկային փաթեթները կտրուկ կաճեին։ Կունենային մեծ թվով «սև ցուցակում» հայտնված վարկատուներ, ինչն իրենց ձեռնտու չէ, քանի որ ցանկանում են ունենալ վարկերը սպառող մարդիկ։ Հիմա բանկերը կանգնելու են երկընտրանքի առջև. վարկային արձակուրդ տրամադրե՞ն ի վնաս իրենց, թե՞ գնան վարկերի համար գրավադրած գույքի հետևից։ Սրա պատճառով բանկերը կարող են աճուրդի հանել այդ գույքը, որը կարող է հանգեցնել անշարժ գույքի շուկայում գների կտրուկ նվազմանը, ինչը հենց բանկային համակարգին էլ ձեռնտու չէ, քանի որ մեծ թվով գրավադրված գույք կա բանկերում։ Պետությունը, ինչպես նախորդ ամիսներին, ոչ թե պետք է աջակցի բանկերին, այլ բիզնեսին և քաղաքացուն։ Ակնհայտ է, որ այս տարի տնտեսական մեծ անկում, կորուստ ենք ունենալու։ Խնդիրն այն է, որ այդ կորուստը կառավարությունը պիտի կարողանա արդարացի բաշխել հասարակության, տնտեսության միջև։ Շատ ունեցողը պետք է ավելի շատ կորցնի, հակառակ դեպքում այս ողջ բեռը կընկնի աղքատ խավի վրա։ Փոքր, միջին բիզնեսն արդեն լուրջ խնդիրներ ունի, դադարեցնում է գործունեությունը՝ սպասելով այս իրավիճակի ավարտին, որի պատճառով ևս տնտեսական աճը տուժում է, խնդիրները մեծանում են։ Վերջին ամիսներին հարկային վարչարարության խստացումը բյուջեի համալրման նպատակ ունի, քանի որ արդեն ունենք բյուջեի 170 մլրդ դրամի եկամուտների թերակատարում։
-Համավարակի սկզբնական ամիսներին կառավարությունը երկու տասնյակ միջոցառումների մասին հայտարարեց, որոնց նպատակը վիրուսի պատճառով ստեղծված տնտեսական խնդիրների վերացումն էր։ Ինչպե՞ս այդ գումարները աշխատեցին, տնտեսության մեջ դա նորից հետ վերադարձա՞վ։
-Կառավարության տնտեսական փաթեթներն ի սկզբանե նախատեսված էին կարճաժամկետ խնդիրներ լուծելու համար, նրանք կարծում էին, թե այս ճգնաժամը 1-2 ամիս է տևելու, բայց իրականությունն այլ է։ Ճգնաժամը գուցե մեկ տարի տևի, իսկ վերականգնումն ավելի երկար կլինի։ Այդ փաթեթների շրջանակում ծախսված գումարները, որոնք կազմում են շուրջ 320 մլն դոլար, փոշիացվել են։ Դրանց արդյունավետությունը և հասցեականությունը շատ ցածր է։ Այդ աջակցության մեծ մասն իրականացվեց բանկային համակարգի միջոցով ու պատահական չէ, որ բանկային համակարգը հանքարդյունաբերությունից հետո երկնիշ տնտեսական աճ ապահովող ոլորտն է դարձել այս տարվա ընթացքում։ Պետությունը, ըստ էության, սուբսիդավորել է բանկային համակարգը, որի շրջանառությունը շուրջ 20 տոկոսով ավելացել է։ Իսկ բանկերին հետաքրքիր չէ, թե ինչ ուղղությամբ են այդ գումարները ծախսվում։ Վարկ է տրամադրում հազարավոր գյուղացիական տնտեսություններին, բայց չի հետաքրքրվում դրանք ինչպես են ծախսել, իսկ պետության աջակցությունը լինելու էր թիրախային, օրինակ, գյուղատնտեսության ոլորտը զարգացնել, որ ինքնաբավության հարցը կլուծեր։ Բանկերին հետաքրքիր է միայն վարկունակությունը և վարկերի վերադարձը։ Հիմա կառավարությունը կանգնել է խնդրի առաջ. գումարներ է ներարկել տարբեր ոլորտներ, բայց արդյունքները չի տեսնում։
-Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և բարդ խնդիրները, այսօր առաջնային ի՞նչ պիտի անի այս կառավարությունը, թե՞ այս կազմով ընդհանրապես որևէ հաջողություն հնարավոր չէ գրանցել։
-Իր ծայրահեղ լիբերալ քաղաքական մոտեցումներով այս կառավարությունը չի կարող ճգնաժամը հաղթահարել։ Նրանք կարծում են, թե տնտեսվարողներն այս հարցերը կլուծեն, իսկ իրենք կողքից կկանգնեն ու կնայեն, ինքն իրեն ամեն ինչ իր տեղը կընկնի։ Մինչդեռ ճգնաժամի ժամանակ պետությունը շատ ակտիվ կարգավորիչ դեր պետք է ստանձնի՝ կոնկրետ ծրագրեր իրականացնելով։ Այս կառավարությունն ի վիճակի չէ դա իրականացնելու, նույնիսկ ծրագիր լինելու դեպքում չունի համապատասխան թիմ այն իրագործելու համար։ Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ կառավարությունը սխալ ազդակներ է փոխանցում բիզնեսին և բնակչությանը։ Ճգնաժամի ժամանակ իշխանությունները վարկանիշի կորուստ են ունենում, բայց հանուն այդ վարկանիշի փրկության չպետք է պոպուլիզմով զբաղվել կամ մարդկանց սին հույսեր տալ։ Էական է, որ կառավարությունը մի կողմ դնի իր հավակնությունները և մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ կազմակերպի։ Համավարակի սկզբից մինչև հիմա նման քննարկում չի եղել, եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պիտի նման քննարկումներ լինեն։
-Իրենք «ամեն ինչ գիտեն, ամեն, ամեն ինչ գիտեն։
-Լավագույն դեպքում հրավիրում են Վարդան Արամյանին, որը վերջին 10 տարիների ընթացքում ձախողել է ողջ ֆինանասավարկային քաղաքականությունը, տարիներ շարունակ կուտակել է պարտք և հիմա այդ գործելաոճը շարունակվում է։ Օրինակ, եթե 170 մլրդ դրամ եկամուտները նվազել են, ուրեմն պարտք վերցնենք, այլ տարբերակ չի քննարկվում։ Ոչ մի բան ֆինանսատնտեսական քաղաքականությունում չի փոխվել։ Հուսով եմ, որ մի օր կառավարությունում 15-20 տարի աշխատող ֆինանսիստները պատասխան կտան 8 մլրդ դոլար պարտքի և դրանց անարդյունավետ ծախսման վերաբերյալ։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ