Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի22-ին` ժամը 11.00-ին, Մաշտոցի պողոտայի տարբեր հատվածներում անցկացված բողոքի ակցիաները` ուղղված ուղեվարձի հիսուն տոկոսով թանկացման դեմ, հայրենի ոստիկանությունը հակված է բացատրել որպես ժողովրդի ֆիզիկական անվտանգության դեմ իրականացված գործողություններ: Բողոքի ակցիաների վերաբերյալ ոստիկանության հնչեցրած մեկնաբանությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ սովորական «միլիցական» ահաբեկումներ:
Զարմանք բան է. ոստիկանությունը, որպես բողոքի ակցիաների թիրախ և հասցեատեր, դիտում է ոչ թե իշխանություններին, ոչ թե Երևանի քաղաքապետարանին կամ ականավոր գծատեր Տարոն Մարգարյանին, ոչ թե մյուս գծատերերին ու տաքսիների սեփականատերերին, այլ վարորդներին: Եվ տեսեք` ի՜նչ նրբազգաց է հայրենի ոստիկանությունը` վախենում է, որ բողոքի նմանատիպ ակցիաներով մարդիկ կազդեն «ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների բարոյահոգեբանական վիճակի» վրա, և «ազդված» վարորդը ոչ միայն կարող է երկաթյա ձողով հարձակվել 150-ի փոխարեն 100 դրամ վճարած ուղևորի վրա, ինչպես երեկ, այլև...
Շարունակությունն ըմբոշխնենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից. «Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների հոգեվիճակի խաթարումը կարող է մարդկային կյանքեր արժենալ»: Ոչ ավելի, ոչ պակաս: Հայտարարությունն այլ կերպ ընդունել, քան որպես ահաբեկում, դժվար է. համարյա բաց տեքստով ասվում է, որ բողոքի ակցիաները շարունակվելու դեպքում վարորդները բոլոր «հիմքերն» ունեն բողոքողներին վթարի ենթարկելու, մանավանդ` նրանց «աֆեկտի վիճակը» նախապես ապահովված է: Ապահովել է հայրենի ոստիկանությունը:
Ոստիկանության տարածած հայտարարության մեջ մեկ այլ նրբերանգ էլ կա` դարձյալ հետաքրքիր: Ուղեվարձի բարձրացումը, փաստորեն, ոչ թե մի քանի օլիգարխ գծատիրոջ հերթական թալանչիական արշավանքն է հասարակության դատարկ զամբյուղի վրա, այլ այդ թանկացման ուղղակի շահառուն վարորդն է, եթե նա է այսպես նյարդայնացած բողոքի ահագնացող ալիքից: Քիչ է մնում ուղեվարձի բարձրացումը ոստիկանության կողմից ներկայացվի իբրև վարորդական ընչազուրկ խավի սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված բարեգործական միջոցառում, որին, ահա, այսքան անմտորեն դեմ են ինչ-ինչ խմբեր ու անհատներ: Վերջիններս պարտավոր են չխաթարել վարորդների հոգեվիճակը, թե չէ... իրե'նց վիճակը վատ կլինի:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ