Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի գիշերվա մեջ կորցրեցինք մեր հերոսների արյան գնով ձեռք բերված հայրենիքը, սա բացահայտ դավադրություն էր, բացահայտ դավաճանություն. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Ներսիսյանը։
«Սարսափելի է գիտակցել, որ մեզ այսպես խաբեցին, որ քո իսկ երկրի ղեկավարը, դավաճանեց իր ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ դրսի ծրագրով, նա շատ պրոֆեսիոնալ գործակալ է, իսկ նրա ողջ շրջապատը՝ գործակալական ցանց»,- ասում է տիկին Ներսիսյանն ու հիշեցնում, որ Փաշինյանն իշխանության եկավ հստակ ու մշակված կետերով․ «Հենց եկավ, առաջինը հայ-ռուսական հարաբերությունները խաթարեց, հետո սեպ խրեց արցախցի-հայաստանցի հարաբերություններում, բաժանեց սևի ու սպիտակի, և նա իր առաքելությունը փայլուն կատարեց։ Նրա տերերն էլ, երբ զգացին, որ կարողացել խաթարել մեր ժողովրդի տրամաբանությունը, ուղղորդեցին։ Ինքն էլ եկավ` փրկչի կերպար ստացած, գլխին «դուխով» գլխարկ հագած, ու ժողովրդին թվում էր, թե եկել է փրկիչ։ Այնպիսի տպավորություն էր, կարծես ամբոխները խելագարված լինեին, բոլորը վազքի մեջ էին, ու բոլորին թվում էր, որ մեծ, լուրջ գործ էին անում, այնինչ` նրանք սկսում էին մեր երկրի քանդման գործընթացը։ Փաշինյանը շատ փայլուն կատարեց իր տերերի ծրագիրը, որովհետեւ ինքը նրանց վասալն է»
Ըստ Գայանե Ներսիսյանի` մենք այս ողբերգությունն ապրեցինք, որովհետեւ ժողովուրդը քաղաքականապես պատրաստ չէր։ Այն խավը, որ իշխանափոխություն կատարեց, գուցե պատմությունը լավ չգիտեր, ու ինտելեկտի պակաս կար: «Կենցաղային մակարդակով էր ամեն ինչ, պետականամետություն չկար, չէինք մտածում` ինչ ենք անում մեր երկրի հետ, ում ենք բերում, այդ եկողն ինչ գաղափարների կրող է, ում ներկայացուցիչն է»,- ասում է նա։
Զուգահեռներ անցկացնելով 1919-20-ական թվականների հետ` փաստում է, որ պատմությունը 100 տարին մեկ կրկնվում է, քանի որ այն ժամանակ էլ էր Սյունիքը վտանգված, այսօր էլ: «Սյունիքը թուրքին հանձնելը եղել է Ռոտշիլդի ծրագիրը։ Սյունիքը մեր ստրատեգիական տարածքն է, ու այդ ժամանակ հենց մեծն Նժդեհի շնորհիվ կարողացանք պահպանել։ Սյունիքը, բնականաբար, պանթյուրքիստական ծրագիր կատարելու համար է, որպեսզի Թուրքիան միանա Ադրբեջանին, այնտեղից էլ՝ միջինասիական մուսուլմանական պետություններին»,- ասում է Գայանե Ներսիսյանը։
Նրա դիտարկմամբ` Փաշինյանի ղեկավարությամբ այս կառավարության իրականացրած դավադիր ծրագրի շնորհիվ, երբ մեր հողը տնքում է մեր զավակների արյունից, երբ մենք հայրենազուրկ ենք դարձել, երկրի ղեկավարը զբաղված է զրպարտանքներ ու լուտանքներ թափելով իր սեփական ժողովրդի գլխին: «Նա դրանով փորձում է նորից ազգի տրամաբանության վրա ազդել և կառչած մնալ իր աթոռին, որովհետեւ նա դեռ իր հրեշավոր ծրագիրը պետք է շարունակի, նա դեռ մնում է, որպեսզի Սյունիքի հարցն էլ լուծի վերջնականապես նոր գնա»,- ցավով նշում է երգչուհին։
Տիկին Գայանեի համար ցավալի ու ողբերգական է այն փաստը, որ Մոնթեի ազատագրած Քարվաճառը թշնամուն հանձնվեց հենց նրա ծննդյան օրը: «Դիտավորյալ է արվել, որպեսզի ցավեցնեն ժողովրդին՝ գիտակից խավին»,- կարծում է վաստակավոր արտիստն ու բոլորի ուշադրությունը հրավիրում այն հանգամանքին, որ պատերազմից շաբաթներ առաջ Իսրայելում բացվեց Հայաստանի դեսպանաություն․ «Ի պատասխան` Իսրայելի կողմից ստացանք հրթիռներ, որոնք թափվում էին մեր զավակների գլխին։ Սա գենոցիդ էր, 1915 թվականի ավելի ժամանակակից տարբերակը»։
Միջազգային հանրության լռությունն ինչ-որ տեղ հասկանալով` ՀՀ վաստակավոր արտիստն այդպես էլ չի կարողանում ընկալել հայ մշակույթի գործիչների, մտավորականների լռությունը: «Միգուցե հիշե՞ն, որ իրենք հայ են, որ հայրենիք են կորցրել, որ հայ զավակներ են կորցրել․․․»,- ասում է, ապա` խնդրանքով դիմում արվեստի ներկայացուցիչներին, որ իրենց ձայնը բարձրացնեն։
«Սփյուռքը պետք է լրջորեն օգնի և պահանջի վարչապետի և այս իշխանության՝ այս գործակալական ցանցի հեռացումը,- անդրադառնալով Սփյուռքին` կոչ է անում Գայանե Ներսիսյանն ու հիշեցնում Սփյուռքին, որ Համահայկական հիմնադրամին իրենց փոխանցած գումարներն ուղղվեցին կառավարությանը, այլ ոչ թե անտուն մնացած արցախցիներին․ «Դե, կոռուպցիայի դեմ պայքարող վարչապետը յուրացրեց այդ գումարները, որոնք դրսի մեր հայությունը հավաքել էր` ով ինչ կարողացել էր, ի փրկություն արցախահայությանը։ Բացահայտ հայտարարեցին, որ այդ գումարի՝ 170 մլն դոլարի կեսը գնաց կառավարությանը: Դե, շատ ծանր վիճակում է մեր կառավարությունը, պետք է դարձյալ պարգևավճարներ տալ․․․ Այդ գումարները արցախցիների համար էին, ի՞նչ է, քի՞չ էին պարգևավճարներ ստացել»։
Այնուամենայնիվ, տիկին Գայանեն հույս ունի, որ ոտքի ենք կանգնելու, որովհետեւ ունենք խելացի և հզոր գեն․ «Իհարկե, չգիտեմ, թե Արցախն ինչպես կվերադարձնենք, և դա մեզ ինչպես կհաջողվի։ Ցավալի է, որ մեր սևազգեստ մայրերը, որ ավելի շատացան, խնդրում են, որ իրենց զավակներին գտնեն, բայց ո՞ւմ են դիմում։ Մի՞թե չեք հասկանում, որ մենք ղեկավար չունենք, ունենք դավաճան, որը խաբելով ժողովրդին թշնամուն հանձնեց հայրենիքը»։
«Փաշինյանի և նրա թիմի հեռացումով մենք կկարողանա՞նք վերադարձնել Արցախը» հարցին ի պատասխան տիկին Ներսիսյանն աում է․ «Նախ` վայրկյան առաջ վարչապետը պետք է հեռանա, որովհետեւ ժողովրդին այս արհավիրքին հասցնող, կապիտուլյացիա ստորագրող վարչապետը իրավունք չունի մնալու ու կառչելու իր աթոռից։ Իսկ հետո պետք է գան մաքսիմալ ազգային ուժեր, որպեսզի կարողանանք միացյալ ուժերով, դիվանագիտական ճանապարհով հետ բերել մեր կորցրածը»։
Որպես վաստակաշատ մտավորական` Գայանե Ներսիսյանը դիմեց նաև երկրի ուժային կառույցներին` հիշեցնելով․ «Այստեղ հայրենիքի հարց է, իսկ մի՞թե կա որևէ բան՝ պաշտոն կամ դիրք, որ հայրենիքից ավելի կարևոր ու թանկ լինի։ Ուզում եմ նաև դիմել մեր ժողովրդին՝ մեր արժանապատվությունը ոտնահարել են, մեր հայրենիքը, մեր զավակներին, մեր գենոֆոնդը կորցրել ենք, պետք է սթափվենք և ոտքի կանգնենք»։
Մանրամասները` տեսանյութում:
Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը