Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում 4 ուղղություններից բաղկացած լայնամասշտաբ ծրագիր է սկսել ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Հայրենիք պահելը հեշտ գործ չէ, հայրենիք պահելու առաջին նախապայմանը հայրենիքում ապրելն է, որ միասնաբար պետք է հաղթահարենք»,-Արցախում ասուլիսի ընթացքում ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոբյանը։ Նա անելիքը ներկայացրեց ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Անի Հովհաննիսյանի և ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության անդամ Քրիստ Բրուտյանի հետ միասին։
1-ին ուղղությունը օժանդակության ծրագրերն են՝ մարդասիրական, բարեսիրական աշխատանքները, որոնցով հոգալու են տեղահանված ընտանիքների կարիքները, նյութական և բարոյական օժանդակություն են տրամադրելու զոհված, վիրավոր, անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։ Այս աշխատանքը ՀՅԴ երիտասարդական կառույցն իրականացնելու է քույր կառույցի՝ ՀՕՄ-ի հետ համագործակցությամբ։
2-րդ ուղղությունը պատանեկան ոլորտին է վերաբերում, որպեսզի Արցախի երեխաներն ու պատանիները դուրս գան այս սթրեսային վիճակից։ Այն պարունակելու է դաստիարակչական, կրթական, ժամանցային ծրագրեր։
3-րդ ուղղությունը երիտասարդական բնագավառին է վերաբերում։ Արշակ Մեսրոբյանն ասաց, որ երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի ապագան է, և պետք է ամեն ինչ անել, որ Արցախի երիտասարդությունը չլքի հայրենիքը, որպեսզի սերնդափոխության և ապագայի խնդիրներ չունենանք։ Այս առումով, ՀՅԴ երիտասարդականը նախաձեռնել է Արցախի երիտասարդների համար աշխատանքի, ապրուստի միջոցների հայթայթման ծրագիր։ Առաջին փուլում անցկացվելու են թրեյնինգներ՝ երիտասարդների հմտությունների, գիտելիքների զարգացման համար, ապա երկրորդ փուլում գաղափարները վերածելու են միկրոբիզնեսների, որ երիտասարդները արդյունք ստանան։
«Մենք, որպես կառույց, ապահովել ենք հարթակը, որտեղ բերելու ենք տարբեր ներդրողներ, որ երիտասարդների մշակած ծրագրերը ներկայացնենք և դրանք արժանանան ֆինանսավորման։ Մենք միջնորդ ենք»,-պարզաբանեց Արշակ Մեսրոբյանը։
Նա նշեց, որ սոցիալ-տնտեսական բարենպաստ պայմաններ ստեղծելը նպաստում է Արցախի երիտասարդության մնալուն երկրում, ինչը ուծում է նաև անվտանգության ապահովման խնդիր, և ՀՅԴ երիտասարդները՝ իրենց մշտական ներկայությամբ և հետևողական քայլերով, կանգնած են լինելու Արցախի երիտասարդության կողքին։
4-րդ ուղղությունը կամավորական ծառայություններն են Արցախի տարբեր հաստատություններում։ Արշակ Մեսրոբյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ աշխարհասփյուռ երիտասարդական, ուսանողական միությունների անդամները գործուղումներով գալու են Արցախ, որ տարբեր հաստատություններում կամավորական հիմունքով իրենց մասնագիտական ծառայությունները ներդնեն․ օրինակ, վերականգնողական կենտրոններում, հիվանդանոցներում, այլ հաստատություններում։
«Արցախում գոյություն ունեն հիմնախնդիրներ․ առաջինը անվտանգության հարցի հետ կապված անորոշությունն է, որը փարատելու նպատակով, այս կարգի նախաձեռնությունների միջոցով, փորձելու ենք Արցախում մեր ներկայությունը և մեր աշխատանքը ապահովել, երկրորդը սոցիալական խնդիրներն են, որը նույնպես լուծելու են մեր նախաձեռնությունները։ Նպատակը այս երկու խնդիրներից բխած՝ բնակչության արտագաղթի տրամադրությունները կասեցնելն է»,-ասաց Արշակ Մեսրոբյանը։
Նա նկատեց, որ ՀՅԴ երիտասարդականը հանձնառու է Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր ամբողջական ներուժը ներդնելու, որպեսզի խաղաղ հանգուցալուծումը և հայանպաստ կարգավորումը հասնի իր ավարտին։
«Վերջին պատերազմի ընթացքում ՀՅԴ աշխարհասփյուռ երիտասարդականը 3 հիմնական ճակատով էր պայքարում․ առաջին՝ ՀՅԴ կամավորական գումարտակով հստակ խնդիր ուներ Արցախի հյուսիսային ուղղությամբ սահմանագծերը պաշտպանելու, երկրորդ՝ արտաքին քաղաքական ուղղությունը, երբ իրենց երկրներում լայնամասշտաբ բողոքի և իրազեկման միջոցառումներ էին իրականացնում, երրորդ՝ թիկունքային օժանդակությունը, երբ տարբեր պարագաներ էին հասցնում մարտնչող երիտասարդներին և հայրենիքին»,-ասաց Արշակ Մեսրոբյանը։
ՀՅԴ երիտասարդական կառույցը ներկայություն ունի աշխարհի 30 երկրներում․ այդ ընդգրկմամբ, պատերազմից հետո՝ դեկտեմբերից, տարբեր ուսումնասիրություններ է անցկացրել ու նշված հայեցակարգով մտադիր է շարունակել Արցախի վերականգնման աշխատանքները, լծվել պատերազմի հետևանքների վերացման և երկրի զարգացման գործին։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․