կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-10 17:35
Քաղաքական

ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց Եվրոպայի երիտասարդ ընկերվարների կազմակերպության սեմինարներին

ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց Եվրոպայի երիտասարդ ընկերվարների կազմակերպության սեմինարներին

Սույն թվականի հունվարի 24-ից մինչև 26-ը տեղի ունեցավ Եվրոպայի երիտասարդ ընկերվարների (Young European Socialists) կազմակերպության սեմինարների շարքը և հերթական բյուրոյի ժողովը՝ Լյուքսեմբուրգի մայրաքաղաքում:

ՀՅԴ Երիտասարդական միության կողմից վերոնշյալ ձեռնարկներին մասնակցեց Սարին Գազանճյանը (Շվեդիա):

Սեմինարները կազմակերպվել էին երկու թեմաներով՝ «Շրջակա միջավայրի փոփոխությունները» և «Կազմակերպությունների ներքին կազմակերպվածությունն ու կառուցվացքները»: Քննարկում ծավալվեց շրջակա միջավայրի փոփոխության հետևանքների և այս հարցում Եվրոմիության առջեւ ծառացած մարտահրավերների խնդրի շուրջ: Դասախոսություններով հանդես եկան Եվրոպայի ընկերվարական կուսակցության (PES) անդամները: Դասախոսությամբ հանդես եկավ նաև ԵԵԸ-ի նախագահ և Եվրոխորհրդարանի անդամ Ալիսիա Հոմսը:

Սեմինարի երկրորդ բաժնում քննարկվեց երիտասարդական կազմակերպությունների ներքին կազմակերպվածության եւ առկա մարտահրավերների հարցը : Մասնակիցները անդրադարձան իրենց կազմակերպությունների դժվարություններին և աշխատանքային խմբերում առաջարկներ ներկայացրեցին կազմակերպությունների ներքին կազմակերպվածության վիճակը բարելավելու վերաբերյալ:

Շաբաթավերջին տեղի ունեցավ նաև ԵԵԸ-ի բյուրոյի արտահերթ ժողով, որտեղ հրաժարական ներկայացրեց ընդհանուր քարտուղար Մայ Յենսընը և ընտրվեց նոր ընդհանուր քարտուղար՝ Աննա Պրիխցլավան: ՀՅԴ Երիտասարդականը շնորհակալություն հայտնեց նախկին ընդհանուր քարտուղար Մայ Յենսընին արդյունավետ և հաճելի համագործակցության համար:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Երիտասարդականը, որպես լիիրավ անդամ, անդամակացում է ԵԵԸ-ին 2015 թվականի ապրիլից: