կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-09 16:32
Հասարակություն

ՀՅԴ Երիտասարդականը կոչ է անում քաղաքապետարանին՝ հետևել իրենց օրինակին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության նախաձեռնությամբ՝ Երևանում այսօր ևս 4 արձան է լվացվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց նույն վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը:

«Հուլիսի 31-ին, երբ քաղաքապետարանի առջև ակցիա էինք իրականացնում, ի թիվս այլ հարցեր, մեր կողմից բարձրացվեց նաև արձանների մաքրության խնդիրը: Քաղաքապետարանից պատասխանեցին, որ իրենք հետևողական են, և ամեն բան արվում է: Արամի արձանն ու դրա հարակից տարածքն Անկախության 28-ամյակի նախօրեին շատ կեղտոտ էին. մենք այն նախապես մաքրեցինք, որպեսզի տոնին մաքուր լինի: Տեսնելով, որ քաղաքապետարանի կողմից նույն գործելաոճը շարունակվում է, և արձանների լվացման բացը կա, մենք շարունակեցինք մեր գործը՝ այսօր ևս 4 արձան ենք լվացել»,- ասաց նա:

Գևորգյանի կարծիքով՝ քաղաքապետարանը պետք է հասկանա, որ արձանների մաքրությունն ապահովելն իր գործառույթն է, սակայն եթե դարձյալ քայլեր չձեռնարկի, իրենք պատրաստ են շարունակել սկսած նախաձեռնությունը:

«Քաղաքի պատասխանատուները մենք՝ բոլորս ենք, և արձանների մաքրությունը պահպանելը մեր պատիվն է»,- ընդգծեց նա: