Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի «Ապագա» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մարտի 9-ին Sabah հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քննադատել է երկրի արտաքին քաղաքականությունը:
Անդրադառնալով Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ներկայությանը՝ Դավութօղլուն ենթադրել է, որ Անկարան հեռացել է ԵՄ-ից, և որ Թուրքիայի կառավարությունը վարում է կողմնակալ արտաքին քաղաքականություն, ուստի, նրա խոսքով, Անկարան կորցրել է տարածաշրջանային բոլոր գործընկերներին:
Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան մեկուսացած է տարածաշրջանում իր քաղաքական ուղեգծի պատճառով:
«Թուրքիային չի հաջողվել հետևողական քաղաքականություն վարել, և ես դա դատապարտում եմ: Եթե Թուրքիան շարունակեր վարել արտաքին քաղաքականությունը դեպի Եվրամիություն, որը ես փոխանցեցի իմ իրավահաջորդին հեռանալուցս հետո, հույն-թուրքական ճգնաժամը չէր բռնկվի»,– նշել է նա։
Ըստ Դավութօղլուի՝ 2017-ի ընտրություններից և սահմանադրական հանրաքվեից հետո Թուրքիայի հեռավորությունը Եվրամիությունից մեծացել է:
Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ կառավարությունն այժմ «ձգտում է ստեղծել թուրքական սահմանադրություն, որը հիմնված կլինի չինական մոդելի վրա»:
«Որպես վարչապետ՝ իմ պաշտոնավարման ընթացքում Թուրքիան լավ հարաբերություններ է ունեցել Չինաստանի հետ: Բայց մենք երբեք չենք ասել, որ հետևելու ենք չինական մոդելին: Մենք պաշտպանում էինք եվրոպական մոդելը՝ որպես ժողովրդավարական նպատակ: Թուրքիան այժմ կայունորեն հեռանում է ժողովրդավարության և կառավարման եվրոպական մոդելից»,– եզրափակել է Դավութօղլուն։