կարևոր
4153 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-22 20:19
Աշխարհ

Պատրաստվում է Վրաստանի վտարումը Եվրոպայից

Պատրաստվում է Վրաստանի վտարումը Եվրոպայից

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Ներչինսկին հայտնել է՝ Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը գրեթե սառեցված է: Նրա խոսքով՝ Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո պատասխան միջոցառումների թեման հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում կքննարկվի ԵՄ արտաքին գործերի նախարարների մակարդակով: «Ներկայումս Վրաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններում ծանրագույն շրջան է, - նշել է Գերչինսկին։ -  Մենք բազմիցս կրկնել ենք՝ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ եվրոպական ինտեգրացիայի ձգտման վրա։ Ցավոք, դա տեղի ունեցավ»։ ԵՄ-ից Վրաստանի հնարավոր հեռացման փաստը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային նշանակության իրադարձություն։ Այսպես, Հայաստանի վարչապետը 2023 թ-ի դեկտեմբերին Վրաստանի կողմից ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո ասում էր՝ «սա դարակազմիկ որոշում է, քանի որ փոխվում է Հարավային Կովկասի տարածաշրջանը, տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների բնույթը», եւ որ «Հայաստանին օգտակար է դա հաշվի առնել»։ Նա հասկացնում էր՝ Հարավային Կովկասում ԵՄ-ն ամրապնդվելու է տարածաշրջանի երեք երկրներից երկուսում՝ նկատի ունենալով Վրաստանն ու, իհարկե, Հայաստանը։ Ընդ որում, նա հույս ուներ, որ Բրյուսելն ավելի արդյունավետ միջնորդական դեր կխաղա Ալիեւի հետ իր երկխոսության մեջ, եւ որ կսկսվի Ռուսաստանին դուրս մղելու գործընթացը, որն այդ երկխոսության մեջ հանդես էր գալիս միջնորդի դերում։ Հաշվարկն արվել է այն բանի վրա, որ Վրաստանի տարածքով անցնում են Ադրբեջանի գլխավոր էներգետիկ եւ այլ հաղորդակցությունները դեպի Թուրքիա, որը տարիներ շարունակ ԵՄ անդամության թեկնածու է: Եվ ոչ միայն դա: ԵՄ-ն սկսել է մեծ ուշադրություն դարձնել այն նախագծերին, որոնք նախատեսում են Չինաստանից ապրանքների, էներգետիկ, ածխածնային, ինչպես նաեւ տարանցիկ ապրանքների առաքման երթուղիներ՝ Ռուսաստանից անկախ։ Այս համատեքստում ԵՄ-ի համար Հարավային Կովկասի երկրները սկսեցին ձեռք բերել կարեւորագույն ռազմավարական նշանակություն։ Նման դասավորության դեպքում Բրյուսելը գայթակղվում էր Բաքվին «անկյուն քշել», նրա արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ վերակողմնորոշել դեպի Եվրոպա Թուրքիայի միջոցով, որին կարելի էր ինչ-որ հերթական եվրոպական նախապատվություններ խոստանալ։ Անկարային առաջարկվում էր խաղարկել հայկական «խաղաքարտը»՝ հաշվի առնելով ԵՄ-ի հետ Ադրբեջանի սերտ էներգետիկ կապերը։ Ի դեպ, պատահական չէ, որ Եվրախորհրդարանի բանաձեւերից մեկը կոչվում էր «ԵՄ-Հայաստան ավելի սերտ կապերի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին»:

Սակայն Բրյուսելին չի հաջողվում գրագետ եւ նրբանկատորեն կառուցել իր քաղաքականությունն Անկարայի նկատմամբ, եւ նա սկսել է ընկնել իր համար սովորական պատժամիջոցների փոսի մեջ՝ արգելափակելով Հայաստանի հետ երկխոսության եւ Թուրքիայի հետ երկխոսության իր միջնորդությամբ փոխգործակցության վերսկսումը։ ԵՄ առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, տարածաշրջանում հակամարտությունների ինտենսիվությունը նվազեցնելու փոխարեն, սկսեց մեծացնել այն։ Բայց երբ Փարիզը՝ ԵՄ-ի առաջատար խաղացողը, կռվի մեջ նետվեց Ֆրանսիայի հայկական սփյուռքի դրդմամբ, ամեն ինչ սկսեց էլ ավելի ձախողվել, որից հետո ԵՄ-ն որոշեց մի կողմ քաշել ռեգիոնալիզմը եւ այն փոխարինել երկկողմ, տնտեսական հարաբերություններով։ Հենց այս փուլում էլ տեղի ունեցավ ԵՄ-ի խափանումը Վրաստանում։ծ Փորձագետները մինչ օրս տարակուսում են, թե ինչու է Թբիլիսիի վրա ճնշումը սկսվել օտարերկրյա ազդեցության մասին օրինագծով, որը մեծ իներցիոն ազդեցություն է թողել այդ երկրում իրադարձությունների հետագա ընթացքի վրա: Դրա հետեւում այլ բան էր թաքնված, որը վկայում էր տարածաշրջանում արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում Վրաստանում իշխանությունը փոխելու ձգտման մասին։ Մեր կարծիքով՝ դա պայմանավորված է որոշակի հեռանկարով, որ Չինաստանից Եվրոպա տարանցումը կսկսի անցնել առավելապես Ադրբեջանով եւ Վրաստանի տարածքով՝ շրջանցելով Հայաստանը։ Ուստի անհրաժեշտ էր խնդիրներ մտցնել Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում։ Դրան գումարած այն, որ Թբիլիսին պրագմատիկ դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ՝ արեւմտյան պատժամիջոցների ֆոնին։ Բացի այդ, Վրաստանին սկսել են մեղադրել նաեւ այն բանում, որ այն դարձել է Ռուսաստանին Էլեկտրոնիկա մատակարարելու հանգույց՝ շրջանցելով արեւմտյան պատժամիջոցները։

Ինքը՝ Վրաստանը, հայտնվել է յուրահատուկ իրավիճակում։ Երբ նրան մերժեցին ԵՄ-ում կարգավիճակ ստանալ, նա վրդովվեց, որ իրեն մերժում են ճանաչել եվրոպական ինքնությունը: Բրյուսելում հույս ունեին, որ կարգավիճակի ստացման ձգձգումը խթան կհանդիսանա Վրաստանում քաղաքական իրավիճակի սրման եւ արեւմտամետ ուժերի վերականգնման համար։ Չստացվեց։ Այժմ Վրաստանում վրդովված են, որ ԵՄ-ն իրեն պարտադրում է գաղութային կառավարման հնարքներ եւ դուրս մղում Եվրոպայից։ Դրանք Անդրկովկասում Եվրամիության դիրքերի թուլացման իրական նշաններ են։ Բացի այդ, ամենացածր կետում են հայտնվում Ադրբեջանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները, իսկ Հայաստանը, ինչպես միշտ, մնում է միայնակ՝ Արեւմուտքի հետ ինտեգրվելու իր ձգտումներով՝ Վրաստանի եվրատլանտիզմի ձեռքից սայթաքելու ֆոնին։

 

Ստանիսլավ Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի