կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 11:14
Քաղաքական

Խոնարհումս քե՛զ, Աղվան եղբորդ հիշատակին և ազնվական տոհմիդ, Աշո՛տ Մինասյան. սա՛ էլ կանցնի

Խոնարհումս քե՛զ, Աղվան եղբորդ հիշատակին և ազնվական տոհմիդ, Աշո՛տ Մինասյան. սա՛ էլ կանցնի

Օրվա լրահոսը աչքի անցկացնելիս` մի զարհուրելի վերնագրի հանդիպեցի. «Կողոպտել են Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ (Երկաթ) Մինասյանի հայրական տունը»:

Միանգամից հիշեցի Գարեգին Նժդեհի հայտնի խոսքը` հայի տականքի անմրցելիության մասին:

Միայն մարդկային բոլոր հատկանիշներն իրենից օտարածը, մարդու ձև ու անասունի բովանդակություն ունեցողը կարող է թալանել հերոսի տունը, առավել ևս՝ երբ խոսքը Աշոտ Մինասյանի պես ազնիվ մարդու մասին է:

Հասկանո՞ւմ եք` ուր ենք հասել, օրը ցերեկով թալանվում է պատերազմի դաշտում արիության ու անձնազոհության համար Երկաթ մականունն ստացած հրամանատարի հայրական տունը, այն հրամանատարի, որը հանուն հայրենիքի հողին է հանձնել իր` դեռ չծաղկած եղբորը` մեր նոր գրականության մեջ եզակի գործեր ստեղծած, բայց բուն ասելիքը կիսատ թողած Աղվան Մինասյանին:

Թափթփուկներն առանձին «փութաջանությամբ» ժողովել ու հափշտակել են Երկաթի ու Աղվանի մեդալներն ու շքանշանները:

Աշոտ Մինասյանին, առավել ևս՝ նրա Աղվան եղբորը, մեդալներ հարկավոր չեն, շքանշաններ հարկավոր չեն: Երկաթի լավագույն կոչումներն ու շքանշանները փողոցում անծանոթ հայրենակիցների հիացական հայացքներն ու ողջույններն են: Բայց, մի փոքր ճանաչելով նրան, վստահ եմ, որ, որպես ազգային արժեքներ դավանող մարդ, Երկաթը շատ ծանր կտանի եղբոր հետ կապված իրերի կորուստն ու հայրական տան հանդեպ իրականացված այս անբարո քայլը:

Թալանելով Մինասյանների տունը` ավազակները պատռել են Արցախյան ազատամարտի հերոսապատում էջերից մեկը:

Իհարկե, նույնիսկ կարելի է ենթադրել`  ովքեր են տեղի ունեցածի սցենարիստներն ու պատվիրատուները, բայց դրա մասին ժամանակը կհոգա, իսկ հիմա կարևորն այն է, որ բոլորս ևս մեկ անգամ վերահաստատենք մեր հարգանքն ու սերը Մինասյան եղբայրների ու նրանց ընտանիքի հանդեպ:

Խոնարումս քե’զ, Աղվան եղբորդ և ազնվական տոհմիդ, Աշո’տ Մինասյան:

Սա’ էլ կանցնի:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ